Հավանաբար հաշվի առնելով, որ այդ դեպքում գազազած ժողովուրդը կարող է իրենց՝ «խաղաղության աղավնիներին», ողջ-ողջ փետրել, արդարացի հաշվեհարդարի ենթարկել
Այսօր առավոտվանից սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում թերևս ամենաթեժ, ամենաքննարկվող թեման Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավից Աննա Հակոբյանի ամուսնալուծությունը, ավելի ճիշտ, նրա կողմից հրապարակված տեսանյութը , դրանում կառավարական առանձնատնից փետրվարի 25-ին հեռանալու, վարձակալած բնակարան տեղափոխվելու, այլևս պետական պահպանություն չունենալու և այլնի վերաբերյալ Աննայի հայտնած տեղեկություններն էին:
Թեև Նիկոլի և Աննայի ամուսնությունը, ինչպես հայտնի է, գրանցված չէ ինչպես եկեղեցում, այնպես էլ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, և, հետևաբար, նաև այս իմաստով խոսք չի կարող լինել ամուսնալուծության մասին, սակայն հակված եմ կարծելու, որ նրանց միջև գժտություն և իրական բաժանում չկա, այսինքն՝ գործ ունենք հերթական թատրոնի հետ:
Արժանահավատ չէ նաև Նիկոլ հայադավի «կնգա» ասածը, թե այլևս զրկված է կամ չունի պետական պահպանություն, տեղափոխվել է վարձակալած բնակարան և այլն… Նրա ժպիտից, տրամադրությունից, ձայնի ելևէջներից, դիմաշարժից, ձեռքերի շարժից, սեթևթանքից անգամ ոչ հոգեբանիս պարզ է (հոգեբաններին՝ առավել ևս), որ այդ ամենը բնորոշ չեն շուրջ 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնուց բաժանված, նրանից արդեն ֆիզիկապես հեռացող, ինչպես նաև կառավարական առանձնատունը լքող, նրա առանձնակի հարմարություններից, ճոխ բարիքներից, սպասարկող ավտոմեքենայից, պետական պահպանությունից, այսինքն՝ ապահովությունից, անվտանգությունից զրկվող անձին:
Եթե ուշադրություն դարձրել եք, Աննան իր ելույթում բացարձակապես ոչինչ չի ասում երեխաների վերաբերյալ, և դատելով իր ասածներից («Այսօր՝ փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը», «…ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան»), որոնցում նա եզակի թվով է արտահայտվում, խոսում միայն իր հեռանալու մասին: Ստացվում է, որ նա երեխաներին թողել է կառավարական առանձնատանը, Նիկոլի մոտ, ինչին նույնպես դժվար է հավատալ, մանավա՛նդ, որ նրանցից երկուսը՝ Շուշան և Արփինե Փաշինյանները, մանկահասակ են, և դժվար թե աշխատանքով կամ, ավելի ճիշտ, հայադավ ծրագրերով զբաղվող Նիկոլը ժամանակ ունի նրանց խնամքով, դաստիարակությամբ զբաղվելու, հետևաբար տրամաբանական է ենթադրելը, որ երեխաները նույնպես մոր հետ հեռացել են կամ կհեռանան: Բայց ո՞ւր…
Հենց սա՛ է գլխավոր հարցը, այսինքն՝ Աննան երեխաների հետ ինչ-որ վարձակալած բնակարանո՞ւմ է ապրելու, թե ինչ-որ տեղ տեղափոխվելուց հետո, առաջիկա ամիսներին, բացառված չէ անգամ մոտ օրերս հեռանալու է Իսրայել, Բաքու, Անկարա, կամ էլ հենց ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, մի խոսքով, Արևմուտք, թեև, հնարավոր է, մինչ այդ մոտ մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող հսկայական Չինաստանում հայտնվելը և ժամանակավորապես այնտեղ հանգրվանելը՝ երկրից երկիր տեղափոխվելով, հետքերը կորցնելու համար…
Որպեսզի ընթերցողին ամեն ինչ հասկանալի լինի, նախ մի այսպիսի պարզ հարց՝ եթե Նիկոլն Աննայի և երեխաների ապահովության համար թաքուն նպատակ ունի նրանց հեռացնել Հայաստանից, կամ վտանգը զգալով, Աննան ինքն ունի երեխաների հետ փախչելու նպատակ, ապա ո՞ր տարբերակն է ձեռնտու Նիկոլ հայադավին՝ իր առանց այն էլ շրիշակի մակարդակի վարկանիշի վրա հնարավորինս նվազ բացասական ազդեցության առումով. երբ որ Աննան համարվում էր իր կի՞նը, թե երբ որ նա հայտարարել է, որ այլևս Նիկոլի կինը չէ, իրենց քաղաքացիական ամուսնությանը վերջ է տրված և ինքը հեռանում է կառավարական առանձնատնից: Իհարկե՛ վերջինը, քանի որ այդ դեպքում Նիկոլը պատասխանատու չէ, որ կինը, որպես ազատ մարդ, երեխաներին առել ու թռել է…
Բնականաբար, հարց է առաջանում, թե Աննան և Նիկոլն ինչո՞ւ պետք է վախենային և որոշեին Հայաստանից Նիկոլի ընտանիքի հեռանալուց առաջ կամ դրան նախապատրաստվելով, կազմակերպել այս թատրոնը:
Նիկոլ հայադավը և Աննան կարող էին նկատի ունենալ, թե ինչ է սպասվում երկրին և, միանգամայն հնարավոր է, նաև իրենց, դրա համար ժամանակին նախապատրաստվեին Հայաստանից Աննայի և երեխաների ելքին՝ «բաժանություն», ապա հեռացում սխեմայով… Ոմանց կարծիքով, դա կախված է հունիսին խորհրդարանական ընտրություններում Նիկոլի, «Քեմալական պայմանագրի» պարտության, իսկ ընտրությունների արդյունքների կոպիտ կեղծման դեպքում հնարավոր հեղաշրջման հետ, որոնցից թե առաջինից, թե երկրորդից հետո դժվար թե որևէ մեկը կասկած ունենա, որ զույգը կենթարկվի առնվազն քրեական պատասխանատվության:
Չբացառելով վերոնշյալ կարծիքի գոյության իրավունքը, չմերժելով այս բացատրությունը, այսինքն՝ այն, որ Նիկոլը և Աննան հաշվի առնելով վերոշարադրյալը, ժամանակին միասին նախապատրաստվում են Հայաստանից Աննայի և երեխաների հեռանալուն, այնուհանդերձ, կարծում եմ, որ Աննայի «բաժանությունը» և Հայաստանից հեռանալուն նախապատրաստվելը առավելապես պայմանավորված է այլ հանգամանքով, այլ վտանգով:
Արդեն տևական ժամանակ է, ինչ առնվազն մեր տարածաշրջանի վրա դամոկլյան սրի նման կախված է հարևան Իրանի վրա ԱՄՆ-ի, Իսրայելի հարձակման ու լայնամասշտաբ պատերազմի վտանգը, իսկ եթե դա դարձավ իրականություն, ինչը լիովին հնարավոր է, ապա հնարավոր է նաև, որ «խաղաղության աղավնի» Ալիևը փորձի օգտվել հարմար առիթից, և իր «ընկերոջ» կամ «զուգընկերուհու»՝ մյուս «խաղաղության աղավնի» Նիկոլի ղեկավարած երկրի վրա հարձակման հրաման տա՝ առնվազն Սյունիքը Հայաստանից պոկելու նպատակով (եթե, իհարկե, Ռուսաստանը չկարողանա զսպող դեր կատարել):
Պարզ չէ՞, թե այդ դեպքում, մարդկային ու տարածքային ահավոր կորուստներից հետո ինչ է սպասվում Նիկոլին… Ժողովուրդը Նիկոլ հայադավին կհարցնի՝ բա ո՞ւր է, ինչ եղավ քո գովերգած, տարփողած խաղաղությունը, որը, պարզվեց, կեղծ է, չէ՞ որ այդ խաղաղության պատրվակով ու բազմահազար զոհերի կյանքի գնով Ադրբեջանին, պետական դավաճանությամբ, երկու փուլով հանձնեցիր Արցախի Հանրապետությունը, Հայաստանի ռազմավարական տարածքները:
Եվ քանի որ Նիկոլն այլևս ոչինչ չի կարողանա պատասխանել, պտտեցնելու ոչ մի փորձ նրան այլևս չի փրկի, գազազած ժողովուրդը, նույնիսկ յուրայիններն այդ «խաղաղության աղավնուն» ողջ-ողջ կփիտրեն, արդարացի հաշվեհարդարի կենթարկեն (Հայաստանում Աննայի գտնվելու պարագայում՝ նրան նույնպես…), եթե, իհարկե, հնարավոր պատերազմի բռնկման դեպքում Նիկոլը Հայաստանից ճողոպրած չլինի, ինչը միանգամայն սպասելի է:
Այսպիսով Աննայի «բաժանությունը» և կառավարական ամառանոցից հեռանալը Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում դրա հետևանքներին նախապատրաստվելու և Հայաստանից երեխաների հետ ժամանակին հեռանալու նպատակն ունի: Պատահական չէ, որ Աննան սիրելի ժողովրդին ուղղված տեսաուղերձով հանդես է եկել այսօր, երբ դատելով առկա, այդ թվում նաև պաշտոնական տեղեկություններից ու դրանց վերլուծությունից, Իրանի վրա ԱՄՆ-ի, Իսրայելի մոտալուտ հարձակումը կարելի է համարել գրեթե անխուսափելի:
«Ես կարծում եմ, Աննա Հակոբյանին Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունից, իր երեխաների հետ միասին, հանում է դուրս, այսինքն՝ Փաշինյան Նիկոլը գիտի բան, որ մենք չգիտենք»,- այսօր Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ Նիկոլի այդ նպատակը, սակայն, կապելով հունիսին սպասվող ինչ-որ իրադարձության հետ:
Թեև բնավ չեմ զարմանա, եթե երբևէ պարզվի, որ Աննան արդեն իսկ հեռացել է Հայաստանից, սակայն առավել հնարավոր եմ համարում, որ նա դեռ երկրում է, սպասում է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները… Եվ կասկած չունեմ, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում երեխաների հետ միասին խառն իրավիճակում կճողոպրի երկրից:
Արթուր Հովհաննիսյան