Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Գաստրոնոմիական հայրենասիրություն՝ պերմանենտ կապիտուլյացիայի ֆոնին

Գաստրոնոմիական հայրենասիրություն՝ պերմանենտ կապիտուլյացիայի ֆոնին
04.03.2026 | 20:43

Առավոտից հայաստանյան վիրտուալ տիրույթում համատեղ ուժերով «մեծ կրոս» երթի են դուրս եկել աշխարհի հզոր երկրների նախկին ու ներկա ղեկավարները։

Այստեղ են Ստալինն ու Չերչիլը, Մերկելն ու Մակրոնը, Քլինթոնն ու Թրամփը, Բատկան, Պուտինը։

«Մասնակիցների» թվում են նույնիսկ Անգլիայի լուսահոգի թագուհին ու, պատկերացնու՞մ եք, ինչպես կասեր Սալտիկով-Շչեդրինը, անգամ Կիմ Չեն Ընը՝ «собственной персоной»։

ՀՀ «վարչաբենդի» պատվին կազմակերպված՝ «Խայտառակության սպիտակեցման և ցինիզմի բուրավետացման» կարգախոսով անցկացվող «ուղեղների» լվացք-կրոսի յուրաքանչյուր մասնակից ի ցույց է դրել սեփական ստամոքսի «գաստրոնոմիական» նախասիրությունը՝ ինտերնետի բազմաշերտ ծալքերը ողողելով նրբերշիկի, բուտերբրոդի, պիցցայի, գարեջրի, կեֆիրի և խելքամաղ անող այլ ուտեստների զգլխիչ բումունքով։

Բայց մինչ համացանցային աճպարար «լվացարարները» ջանասիրաբար փորձում են հզորների նրբերշիկով կամ սոուսախառն հավի տոտիկով սրբել սեփական առաջնորդի թմբուկի փոշին, օդում բոլորովին այլ «հոտ» է կախված։

Չէ՛, չկռահեցիք։

Ոչ թե Չերչիլի սիգարի կամ լեդի Դիանայի նրբահամ թեյի բույրն է, այլ վառոդի, անորոշության և սեփական տանը տնանկ դարձած հայի տամուկ դառնության արձագանքը։

Այս յուրօրինակ քարոզչական «կրոսի» նախաձեռնող խմբին ուղղված հռետորական մի հարց` առանց պատասխանի ակնկալիքի․ աշխարհահռչակ այդ լիդերներից ո՞վ է հարևան երկրի ռեստորանում թմբուկ զարկել կամ «բլիթախառն» PR արել այն օրերին, երբ իր երկրի ողնաշարն էր ջարդվում, իսկ զինվորի մահը դառնում էր «պլյուս-մինուս 50»-ի կարգի անհոգի բանաձևում։

Տեղապտույտ տվող լվացքի մեքենայի արձակած ճռճռոցն է անգամ տնքալով նկատում՝ ոչ ոք չի քննարկում ձեր «կուկուռուզ» կրծողի մարսողությունը։

Ալիքները մի՛ խառնեք։

Խնդիրն համատեքստն է։

Նման «կրոս»-ները գիտակցված մանիպուլյացիաներ են, որոնց նպատակն է հանրային քննարկումը լրջագույն պետական խնդիրներից տեղափոխել պարզունակ կենցաղային հարթություն։

Հիշատակելով Չերչիլին, Ստալինին կամ Մերկելին՝ փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե՝ «ժողովու՜րդ, ուշքի եկեք, բոլորն էլ ուտում են»։

Սա բացահայտզեղծարարություն է։

Մարդիկ ոչ թե սնվելն են քննադատում, այլ ժամանակը, վայրը և տրամադրությունը։

Այո՛, Չերչիլն ու Ստալինն էլ էին ուտում։ Բոլորն էլ սնվել են ու սնվում են, բայց նրանք, ստամոքսի պահանջները կատարելուն հընթացս, թմբուկ չէին ծեծում, երբ թշնամին սպառնում էր ու միջազգային հանրության կույր հայացքի ներքո նորանոր տարածքներ պահանջում։

Կերածով էլ չէին փորձում չեզոքացնել սեփական ժողովրդի տագնապը։

Չկա որևէ նկար, որտեղ Չերչիլը պարում կամ թմբուկ է զարկում Դյունկերկի նահանջի կամ Լոնդոնի ռմբակոծությունների օրերին։

Եթե աշխարհի հզորներն իրենց քաղաքացիների հետ հաց ու պանիր էին վայելում, դա ուժի և մտերմության նշան էր։

Սակայն երբ պերմանենտ կապիտուլյացիայի մեջ գտնվող, պարտված երկրի ղեկավարն է ձեթոտ մատներով ցուցադրաբար «պերաշկի» խփշտում և զվարճանում օտարի ափերում, դա արդեն ոչ թե մտերմություն է, այլ սեփական աղետի հանդեպ հանցավոր անտարբերություն։

Մինչ քարոզչամեքենան զբաղված է աշխարհի լիդերների սննդակարգի ուսումնասիրությամբ, Հայաստանում աղքատությունը հատում է կործանարար շեմը, իսկ սահմանին կանգնած զինվորի թանկ կյանքը դառնում է անդեմ վիճակագրություն։

Հզոր երկրների ղեկավարներն իրենց թույլ են տալիս «ժողովրդական» կերպարներ, որովհետև նրանց պետականության հիմքերը երկաթյա են։

Երբ Չերչիլը սնվում էր, նա աշխարհին հայտնի էր իր ահռելի պատասխանատվությամբ։

Երբ Պուտինը կեֆիր է գովազդում, դա անում է որպես հզոր տերության ղեկավար։

Մեր պարագայում խնդիրը «պերաշկին» կամ «կուկուռուզը» չեն, այլ այն, որ այդ ամենն արվում է ազգային ողբերգության, անվտանգային համակարգի փլուզման և տոտալ անորոշության ֆոնին։

Անբովանդակ «կրոսի» հեղինակները կարծում են, թե հասարակությունը զուրկ է վերլուծական մտքից։ Փորձում են ներշնչել, թե վարչապետի թեթևսոլիկությունը «ժամանակակից լիդերության» նշան է՝ մոռանալով, սակայն, որ իրականում դա պետական լրջության դեֆիցիտ է։

Հանրահայտ ճշմարտություն է․ երբ իշխանական քարոզչությունը ստիպված է դիմել Ստալինի կամ Քլինթոնի օրինակներին՝ արդարացնելու սեփական ղեկավարի «կարկանդակը», նշանակում է՝ առկա է փաստարկների սով ։

Եվ եթե չեն կարող մատնանշել հաջողություններ սահմանին, տնտեսության մեջ կամ դիվանագիտական ոլորտում, ապա ստիպված են PR իրականացնել «նրբերշիկների» ու «բորշերի» մակարդակով։

Մեծ Պահքի և ազգային ճգնաժամի այս օրերին նման «կրոսը» պարզապես անճաշակություն և անարգանք է, որ փորձում է ջնջել սահմանը սրբության ու կենցաղի, ողբերգության ու զվարճանքի միջև։

Գերեզմաններից դուրս բերվածների ու ողջերի միասնական ուժերով հայ հանրությանը հրամցված սույն «զվարճարշավը» հուսահատության մեջ գտնվող քարոզչամեքենայի վերջին ճիչն է։

Իշխանական սազանդարները փորձում են իրենց առաջնորդին դասել հզորների շարքին գոնե սննդի ու պարզունակ կենցաղավարության հարթությունում, քանի որ պետականակերտման գործում հայտնի հզորներից նա հեռու է լուսնային տարիներով։

Հանրությանը լրջանալու կոչ անողներն իրենք լրջանալու խնդիր ունեն։ Ծաղրով հարգանք չեն վաստակում, իսկ թմբուկի հարվածներով ու «պերաշկիի» կեղծ պարզությամբ հնարավոր չէ չեզոքացնել ազգային աղետի դառը համը:

Պատմությունը չի հիշելու, թե ով ինչ կերավ, բայց երբեք չի ներելու նրանց, ովքեր պետությունը վերածեցին էժան շոուի։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ