Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե՞ իշխանության դատավճիռ

Հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե՞ իշխանության դատավճիռ
08.03.2026 | 12:32

Գյումրիում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի է ունենալու «Հեղափոխություն 3»։ Նրա մեկնաբանությամբ՝ 2018 թվականի ընտրություններով տեղի ունեցավ ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններով ժողովուրդը հաստատեց սոցիալ-հոգեբանական և մտածողության փոփոխությունը, իսկ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները պետք է դառնան պատմաքաղաքական հեղափոխություն, որը Հայաստանը կբերի «գոյատևման քաղաքականությունից» դեպի «զարգացման հարատև պետության» փուլ։

Միաժամանակ Փաշինյանն իր թիմի համար սահմանել է նաև կոնկրետ քաղաքական նպատակ՝ 65 տոկոսի արդյունքի նշաձող։

Եթե վերջին տարիների քաղաքական գործընթացները դիտարկենք ոչ թե իշխանության ներկայացրած նարատիվով, այլ դրանց իրական հետևանքների տրամաբանությամբ, ապա պատկերը էականորեն փոխվում է։

2018 թ-ի իշխանափոխությունը ավարտվեց Հայաստանի համար ամենածանր անվտանգային ճգնաժամով՝ 44-օրյա պատերազմով և դրա հետևանքով արձանագրված ծանր պարտությամբ։ 2021 թ-ի արտահերթ ընտրություններում նույն իշխանության վերարտադրությունը տեղի ունեցավ արդեն պատերազմից հետո և հանգեցրեց Արցախի կորստին։

Այս տրամաբանության շարունակության դեպքում 2026 թ-ի ընտրություններում կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը:

Հատկանշական է նաև Փաշինյանի կողմից հրապարակային հնչեցված 65 տոկոսի նշաձողը։ Նման բարձր արդյունքի մասին հայտարարությունները հաճախ կիրառվում են որպես քարոզչական տեխնոլոգիա՝ սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու և «անխուսափելի հաղթանակի» մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Սակայն ներկայումս հրապարակված որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն չի հուշում, որ գործող իշխանությունը կարող է ստանալ նման արդյունք, առավել ևս՝ 65 տոկոս։

Այս պայմաններում նման թվի հրապարակային շրջանառությունը կարող է ընկալվել որպես նախապես ձևակերպված քաղաքական պատվեր, որը հետագայում փորձ է արվելու ներկայացնել որպես ընտրությունների արդյունք։

Առաջիկա ընտրությունների իրական ինտրիգը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ կարևոր գործոնով՝ ընտրողների մասնակցությամբ։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը առավել արդյունավետ է գործում հատկապես ցածր մասնակցության պայմաններում։ Մինչդեռ բարձր մասնակցությունը նվազեցնում է այդ ազդեցությունը և ավելի մեծ դեր է տալիս քաղաքացիների իրական ընտրությանը։

Եթե հունիսի 7-ին ընտրատեղամասեր գնա ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտրող կամ ընտրողների շուրջ 55 տոկոսը, ապա ընտրությունների արդյունքը մեծապես կախված կլինի ոչ թե իշխանության վարչական լծակներից, այլ հասարակության իրական քաղաքական որոշումից։

Այդ դեպքում հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր։

Ընտրությունների իրական ինտրիգն այն է, թե քանի քաղաքացի կհասնի ընտրատեղամաս և կարտահայտի իր քաղաքական կամքը։

Եվ հենց այդ ընտրությունն է որոշելու՝ հունիսի 7-ը լինելու է «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե՞ իշխանության դատավճիռ։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ