Այսօր դու կդառնայիր 70 տարեկան։
Գիտեմ, որ սպասում ես, որ կգամ Եռաբլուր, կնստեմ շիրիմիդ մոտ, խունկ կվառեմ ու կխոսենք, ոնց որ միշտ, բայց այս տարի էլ չկարողացա գամ, հեր ջան։
Հավատա չեմ մոռացել խոստումս ու երդումս։ Ատամներով պայքարում եմ ու կռիվ եմ տալիս, որ ձեր գործն ու պայքարը կիսատ չմնան։
Հիմա բանտում 4 պատերի մեջ, ես հիշողություններից, հավատից ու իմ կյանքից բացի ուրիշ ոչինչ չունեմ։
Չնայած ամեն ինչ անում են, որ դրանցից էլ զրկվեմ, բայց չեմ հուսահատվում, ատամներս սեղմած դիմադրում եմ։
Ձեր ժամանակ թշնամին առաջնագծում էր, ազատագրված Արցախից այն կողմ։ Իսկ հիմա թշնամին մտել է մեր տները ու ամեն մի տուն, ամեն մի օջախ առաջնագիծ է դարձել։ Բանը հասել է նրան, որ այսօր մեր հայրենիքի մեջ մենք հայ մնալու համար ենք պայքարում, իսկ հայ մնալու համար բանտ են նստեցնում։
Պապ ջան անկախ ամբողջ ցավից ու տառապանքից, Արցախի կորստից ծնկի չենք գալիս։
Քո մարտական ախպերներից շատերն էլ չկան։ Ոմանք զոհվեցին ի պաշտպանություն Արցախի, իսկ ովքեր էլ դեռ կան ու հավատարիմ են մնացել հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին դեռ պայքարում են։
Բառեր չեմ գտնում, որ ասեմ, թե ինչքան եմ կարոտել քեզ ու ինչքան շատ քո կարիքն ունեմ։
Հիշում եմ, երբ առաջին անգամ մեկնեցիր Արցախ և հիշում եմ, երբ վերջին անգամ քեզ ճանապարհեցի։
Հիշում եմ քո վերջին հրաժեշտի խոսքերը, որոնք երբեք չեմ մոռանա, վերջին գրկախառնությունը ու վերջին հայրական համբույրդ։
Դուք հզոր էիք, ինչպես այն լեռները, որոնք ազատագրում էիք թշնամուց։
Դուք անկախ աշխարհի կամքից անկախ ու ազատ հայկական պետություն ստեղծեցիք։ Դուք Արցախը ազատագրեցիք մի ժամանակ, երբ կռվում էիք 1-ը 100-ի դիմաց։
Դուք թույլ չտվեցիք, որ մեր պատմության էջերը գրեն օտարները։
Դուք արդարության մարտիկներ էիք, ովքեր չմոռացան Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի թափված արյունը ու թշնամուն ստիպեցիք ընդունել հայ ժողողվրդի ու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը ու ինքնիշխանությունը։
Դուք հերոսացաք ձեզանից հետո թողնելով մի սերունդ, որի համար դուք եղել եք, կաք ու կմնաք կենդանի լեգենդներ։
Հեր ջան ես չգիտեմ, թե երբ դուրս կգամ բանտից կամ ինչքան կապրեմ, բայց խոստանում եմ, որ կապրեմ որպես արժանապատիվ հայորդի`բարձր պահելով հայ ազգիս ու քո անունը։
Մենք չենք լինի այն սերունդը, ում օրոք կջնջվի հայի ինքնությունն ու էությունը, պատմությունն ու հիշողությունը։
Նորից ու նորից ծնունդդ շնորհավոր պապ ջան։
Հպարտ եմ ու փառք եմ տալիս Աստծուն, որ հայ եմ ու քո որդին եմ։
ԲԱՆՏ
21․03․2026թ․
Արթուր Վալերիկի Վարդանյան