ՈՒթսունական թվականների մի օր, առանց որոշակի պատճառի, նստած էի «Առագաստ» սրճարանի վերին հարկի ազատ սեղաններից մեկի մոտ։ Շուրջբոլորը սեղանները զբաղված էին։ Հազվագյուտ օր էր, որ սրճարանում միայնակ էի: Սովորաբար այնտեղ էի լինում, երբ ինձ համար ընդունելի ու ծանոթ մարդիկ էին լինում՝ դերասաններ, նկարիչներ, գիտնականներ, բանաստեղծներ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, ճարտարապետներ․․․
Օրվա մեջ կարծես նախախնամություն կար. ոչ մի կերպ ցանկություն չունեի, մտքովս էլ չէր անցնում գնալ ու մի օգտակար բանով զբաղվել։ Նստած լճի կողմն էի նայում, երբ մեկը բարևեց։ Շրջվեցի. Գագիկ Հովհաննիսյանն էր, որը դասախոսական գործունեությանը զուգահեռ Հանրային հեռուստատեսությամբ վարում էր «Շախմատ 64» հաղորդաշարը և «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր խմբագիրն էր։ Նրան հազվադեպ կարելի էր հանդիպել «Առագաստում»։
- Ազա՞տ է, - հարցրեց ժպտալով։ - Խնդրե՜մ, - ասացի։
Նա միայնակ չէր. երկու հոգի ևս կային՝ մեկը տարիքով, մյուսը՝ միջին տարիքի. երևում էր, որ օտարազգիներ են։ Մի աթոռ էլ գտնվեց, մոտ բերեցին ու տեղավորվեցինք սեղանի շուրջ։ Մեր շախմատի գիտակը նրանց հետ ռուսերեն էր խոսում։ Քիչ անց տարիքով հյուրի հետ վեր կացան ու առանձնացան՝ ինչ-որ հարց քննարկելու։ Նրանց առանձնազրույցը երկարեց, և մենք մնացինք երկուսով։ Երիտասարդ սեղանակիցս ծոցագրպանից հանեց գրպանի փոքր շախմատի տուփն ու հարցրեց.
- Играть умеешь? (Խաղալ գիտե՞ս)
Ես գլխով արեցի։ Որպես տանտեր՝ սև խաղաքարերը վերցրի ինձ։ Ժամանակին շատ էի հետաքրքրված շախմատով, անգամ հայտնի գրոսմայստերների սկզբնախաղերն էի ուսումնասիրում: Այս խաղում ընտրեցի Տիգրան Պետրոսյանի հնդկական պաշտպանության տարբերակը։ Մի քանի քայլ շատ արագ արեցինք, և զգացի դիմացինիս առավելությունը։ Նրա հերթական քայլից հետո ընկա խորը մտածմունքի մեջ. դրությունս գնալով վատթարանում էր։ Հենց այդ պահին սեղանակիցներս սուրճի բաժակներով մոտեցան և, կում անելով, հայացքները հառեցին խաղաքարերի դասավորությանը։ Մեկ էլ Գագիկը հայերեն քայլ հուշեց.
- Ձի a4:
Քայլն արեցի։ Այս անգամ մյուս կողմն ընկավ մտածմունքի մեջ։ Գցում-բռնում էին, թե որ քայլը ճիշտ կլինի։ Մեկ էլ տարիքով հյուրը քթի տակ հուշեց.
- Слон b2 (Փիղ b2):
Քայլն արվեց։ Խաղի նկատմամբ հետաքրքրությունը գնալով թեժացավ։ Գագիկն ինձ հայերեն էր հուշում ամենաճիշտ քայլը, իսկ մյուս կողմը ռուսերենով՝ իր հայրենակցին։ Խաղն աստիճանաբար հավասարվեց, իսկ վերջնամասում մեր հաղթանակի շանսերը մեծացան։
Այդ ինտերնացիոնալ շախմատային պարտիայում մենք հաղթեցինք։
- Շախմատ պարապե՞լ ես, - հարցրեց Գագիկը վերջում, երբ արդեն ոտքի վրա էինք։ - Ինքնուրույն, նաև՝ Ձեր հաղորդաշարով, - պատասխանեցի։
Ապա նա ինձ ծանոթացրեց հյուրերի հետ․ պարզվեց՝ նա, ով առաջարկել էր խաղալ, միջազգային վարպետ էր, իսկ տարիքովը՝ միջազգային գրոսմայստեր։
Ո՛չ ես էի միջազգային վարպետ, ո՛չ էլ Գագիկն էր այդ պահին միջազգային գրոսմայստեր, բայց մենք հաղթեցինք այդ պարտիայում։
Հետո արդեն՝ 1999-ին, Գագիկ Հովհաննիսյանը ճանաչվեց աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն։
Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆ