Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Խաղաղության «Գերնիկա» մրցանակաբաշխության մոտիվներով

Խաղաղության «Գերնիկա» մրցանակաբաշխության մոտիվներով
29.04.2026 | 10:51

Հայոց և համամարդկային նորագույն պատմության ամենատխուր և ամենանողկալի էջերից մեկն է Մինսկի խմբի լուծարումը՝ Արցախի հիմնահարցի լուծման բանակցային հնարավորության ոչնչացումը, որը իրականացավ Փաշինյանի և Ալիևի ձեռամբ և Թրամփի քավորությամբ։ Պատմությունը դեռ կտա այս ամենի՝ իր առարկայական և ճշգրիտ գնահատականը։ Բայց ինչ էլ լինի այդ գնահատականը, համոզված եմ, որ դրա էական բաղադրիչներից են լինելու երևույթի թողած և դեռ թողնելիք բացասական հետևանքները Հայաստանի ու հայության, ինչպես նաև հարավային Կովկասի ապագա իրավիճակի վրա։

Հայաստանի բռնագրավված տարածքների, այդ թվում Արցախի ցավագին հարցը, որ հակառակ Ցեղասպանության թանգարանում կամ մետրոպոլիտենում փաշինյանների չարամտորեն թափած բոլոր ճիգերին, հայության համար անտարակույս Ազգային հարց է։ Իսկ Ազգային հարցի լուծման համար խաղաղ հնարավորությունների մեխանիկական փակումը անհրաժեշտաբար բացելու է հարցի անհամաչափ, բռնի լուծման հնարավոր բոլոր ճանապարհները։ Սա պատմական օրենք է, որն անխուսափելիորեն ի հայտ է գալու այսօր, վաղը կամ մյուս օրը՝ տեսանելի ապագայում։

«Գերնիկա» մրցանակաբաշխության առիթով Ալիևն ասել է․ «Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում»։

Պարզ հասկացություն է, որ խաղաղությունը հրովարտակներով չի իջեցվում ազգերի գլխին։ Խաղաղությունը ձևավորվում է հակամարտության հիմնական պատճառների վերացման ֆոնին, և, եթե այդ պատճառների շարքին է նաև ազգային հարցը, ապա տվյալ հարցի արդար լուծման հիման վրա։ Խաղաղության կարելի է հասնել միայն այս ճանապարհով և ոչ թե՝ «ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում»։ Եվ հենց այստեղ է կայանում խաղաղություն և կապիտուլյացիա հասկացությունների բաժանարար սահմանը։

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» ներկայիս իմիտացիան, իր բոլոր ստորոգելիներով, այդ թվում նաև Մինսկի խմբի լուծարումը, ինքնին, նոր պատերազմների նախադրյալ է՝ հրահրման նախերգանք։ Փաստորեն Փաշինյան-Ալիևի «ուժեղ քաղաքական կամքը», հատկապես «միջազգային աջակցության դեպքում», ուշ թե շուտ հանգեցնելու է նորանոր հակամարտությունների։

Պատմական այս օրենքի, եթե կուզեք՝ դետերմինիզմի մասին դիպուկ բնորոշում է տվել ավելի քան հիսուն տարի առաջ «Ազդակ-շաբաթօրեակ»-ի խմբագրականը․

«Պէտք չէ սակայն աշխարհի փոքր ժողովուրդները, անարդարութեան ենթարկուած ազգերը յուսահատելու մղել՝ այն աստիճան, որ անոնք փորձեն բռնամիջոցներով գործել, այդ ձևով լսելի դարձնելու համար արդարութեան ձայնը: Ճիշդ չէ աշխարհի մեծ պետութեանց առաջնորդներու կողմէ որդեգրուած «լրութեան», «լուռ մերժումի և ուրացումի», «մոռացութեան տալու» փորձերով ոճիրին մեղսակից դառնալու գործելաձևը: Այդ բոլորը խաղաղութեան չեն առաջնորդեր, փոքր ու մեծ պատերազմներու ծնունդ կու տան. այդ բոլորը խաղաղ միջոցառումներով հարցերու լուծումի մը չեն տանիր, կը պարտադրեն իրաւազրկուած ժողովուրդները բռնամիջոցներու դիմելու»:

(Խմբագրական, «Ազդակ-շաբաթօրեակ (Դրօշակ)», Բեյրութ, 1975 նոյեմբերի 23, թիւ 40, էջ 626)

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 177

Մեկնաբանություններ