Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Մենք դեռևս ինչ-որ չափի գործոն ենք ավելի բարձր մակարդակի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հաշվարկներում

Մենք դեռևս ինչ-որ չափի գործոն ենք ավելի բարձր մակարդակի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հաշվարկներում
29.04.2026 | 15:25

Եթե փորձենք սիստեմային գիտության տեսանկյունից պատասխանել այն հարցին, թե ո՞րն էր Հայկական հարցի խորքային իմաստը, և որոնք են այն բանի պատճառները, որ մենք այսօր հայտնվել ենք այս վիճակում, ապա, առաջին հերթին, պետք է ընդունել, որ եթե մենք, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական իմաստով, որևէ արժեք ու ազդեցիկություն չունենայինք, նման հարցեր չէին էլ առաջանա։

Պարզապես, մենք վաղուց կիսած կլինեինք մարդկության երկար ու ձիգ պատմության ընթացքում անհետացած բազմաթիվ էթնոսների ճակատագիրը, բայց դա տեղի չի ունեցել, և այսօր էլ մենք կանք և, ոչ միայն կանք, այլ նաև ունենք բացահայտ ու անբացահայտ թշնամիներ, որոնց մեր դեմ ուղղված գործունեությունը ակնհայտ նշան է այն բանի, որ մենք դեռ ինչ-որ չափի գործոն ենք ավելի բարձր մակարդակի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հաշվարկներում։

Իսկ որևէ տեսակի գործոն լինելու և ինչ-որ չափի ազդեցություն ունենալու միակ պայմանը որևէ տեսակի հզորություն ունենալն է, լինի այն արդեն գոյություն ունեցող, թե պոտենցիալ հզորություն։

Իսկ թե ո՞րն է մեր այդ հնարավոր հզորությունը, որը դեռևս ստիպում է ուրիշներին իրենց բարձր մակարդակի մրցակցային հաշվարկներում մեզ որպես խանգարող կամ նպաստող գործոն հաշվի առնել, այդ հարցին պատասխանելու համար հարմար է մոտենալ սիստեմային գիտության տեսանկյունից։

Իսկ սիստեմային գիտությունն ասում է, որ մրցակցային գոյապայքարում հզորը նա է, ով, ունենալով ուժ, հարստություն, խելք, ռեսուրսներ և կազմակերպական հմտություններ, այդ պայքարից դուրս է գալիս հաղթանակով կամ էլ ինչ-որ տեսակի շահով։

Այս տեսանկյունից, էթնոսները, ժողովուրդները, երկրներն ու պետությունները ունենում են որոշակի հատկությունների տեսքով պոտենցիալ, որը, նպաստավոր պայմանների առկայության դեպքում, հնարավորություն է տալիս նրանց դառնալ իրական հզորություն ունեցողներ և մրցակցային պայքարում հասնել հաղթանակների։

Եթե այս տեսանկյունից նայում ենք մեր պատմությանը, ապա հեշտ է տեսնել, որ մերոնք, գտնվելով որևէ տեսակի նպաստավոր պայմաններում, այսինքն, առաջին հերթին, լինելով հզոր պետականությունների քաղաքացիներ, էֆեկտիվորեն իրացրել են իրենց պոտենցիալ հնարավորություններն ու հասել մեծ հաջողությունների։

Ահա դրանցից մի քանիսը.

1․ Բյուզաբդական կայսրության մեջ կայսրերի և խոշոր զորահրամանատարների երկար շարքը,

2․ Միջնադարյան տարանցիկ առևտրում հաջողակ մրցակցությունը հույն, հրեա, վենետիկցի և եվրոպացի առևտրականների հետ,

3․ Նախահեղափոխական Կովկասում բիզնեսում և կուլտուրական մաքառման գործում ունեցած մեծ հաջողությունները,

4․ Խորհրդային պայմաններում գիտության, տեխնոլոգիաների ու ռազմական գործում ոչ համեմատական լուրջ մասնակցությունը,

5․ Խորհրդային տարիների համար հատկանշական մարդկանց անձնական նախաձեռնության վրա հիմնված «խոպանիզմ» կոչեցյալ շարժումը։

6․ Ներկայում մեր, ամբողջ աշխարհով մեկ սփռված, բիզնես մենեջերների հսկայական թիվը և այլն։

Եթե դրան էլ ավելացնենք, որ գոյաբանական վտանգներով լի մեր մազապուրծ տևական կյանքը մեզ, նույնիսկ գենետիկական մակարդակով, դարձրել է արագ ու էֆեկտիվ որոշումներ կայացնող, ապա պարզ կլինի, որ աշխարհաքաղաքական լուրջ խաղացողների տեսանկյունից մենք հնարավոր մրցակիցների համար պոտենցիալ վտանգ ենք՝ վկան մեր գենոցիդը, որտեղ թուրքերն ու քրդերը ակտիվ կատարողներ էին միայն։

Մասնավորապես, մեր քաղաքակրթական մեծ պոտենցիալ ունենալու հարցը մանրամասնորեն քննարկել է Fernand Braudel-ը իր «The Mediterranean» և «The Wheels of Commerce: Civilization & Capitalism 15th-18th Century, Vol. 2» գրքերում, որտեղ առաջին գրքի 26-րդ էջում նա մեզ բնութագրում է որպես «A human reservoir of great potential», այսինքն, որպես «Մեծ պոտենցիալ ունեցող մարդկային ռեզերվուար» (Человеческий резервуар огромного потенциала)։

Եվ ինչքան էլ մեր որոշ գործիչներ մեզ հավատացնեն, որ մենք մեզ սպառած ոչնչություններ ենք, իրականում դրա հակառակն է, այսինքն, մենք ունենք առաջադիմելու մեծ պոտենցիալ, բայց պարզապես պայմաններ չունենք այն իրացնելու համար, և մեր թշնամիները շատ ավելի լավ գիտեն դրա մասին, քան թե մենք, ու որոնք էլ ամեն ջանք թափում են, որ մենք նման պայմաններ չունենանք։

Եվ դա է մեր այսօրվա այսքան նեղված վիճակի պատճառը։

Պետք չի հուսահատվել, քանի որ ինչպես եղել են, այնպես էլ կլինեն իրավիճակներ, երբ մեր պոտենցիալը պահանջարկ կունենա, այսինքն, ուժով չէ, բայց խելքով էլի մի բանի կարող ենք հասնել։

Բայց նաև, անկախ ամեն ինչից, բոլոր հնարավոր միջոցներով պետք է ուժեղանալ և հզորանալ, լինի դա ռազմի, հոգեբարոյական, թե տեխնոլոգիական կամ գիտական հզորություն, կարևոր չէ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 89

Մեկնաբանություններ