Մեր խումբը նրան այդպես էլ չդիմեց «տիկինով» կամ «ֆղաուով» (գերմ.` Frau-տիկին)։ Թեև ակադեմիական միջավայրում ընդունված է դասախոսին դիմել «տիկին-պարոն»-ով, միեւնույնն է, մեզ ու, առհասարակ, իր բոլոր ուսանողների համար նա «ընկեր» էր. ընկեր` բառիս բուն իմաստով։
Պատմում էր՝ տարիներ առաջ աշխարհագրագետ առաջին կուրսեցիների հետ ծանոթանալիս. «Ասացի՝ ես ձեր հորաքույրն եմ, մորաքույրը, քեռակինը․ ինչպես կուզեք, դիմեք։ Շիրակցի մի տղա կանգնեց ու թե՝ «ընկեր ՎարՏանյան, կեղնի՞` Ձեզի հորԿուր ըսեմ»։
Իմ ո՛չ հորաքույրն էր, ո՛չ՝ մորաքույրը, ո՛չ կորած-մոլորած ազգականը, անգամ ոչ մտերիմ ծանոթի ծանոթը չէր, բայց տալիս էր ծնողական սեր ու հոգատարություն։
Քանի-քանի՜ անգամ են նրան ճանաչողները, զզնող հայացքն ինձ վրա սևեռած, հետաքրքրվել. «Քրոջդ տղա՞ն է»։
Իր սիրելի սրճարանի մատուցողներն էլ այնքա՛ն էին վստահ` մայր ու որդի ենք, որ նրանց` «Ձեր տղա՞ն ինչ կցանկանա հարցին» ծոր տալով՝ արձագանքում էր. «Իմ տղա՜ն ․․․»
Մեծ քաղաքի իմ հենարանն էր, ուրախ-տխուր օրերի զրուցակիցը, առաջին խորհրդատուն ու երևանյան երկրորդ մայրը։
Առաջին կուրսում էինք, մտավ լսարան, բարևեց ու դարձավ ինձ․
- Գնա առաջին հարկի գրախանութ, գրավաճառին ասա՝ Վարդանյան Գեղանուշի վերցրած գիրքը տվեք։
Դասի ավարտին այն մակագրեց ու ինձ մեկնեց։
- Ընկե՜ր Վարդանյան,- նվերից երջանկացած, բայց և լոռեցու միամտությամբ՝ բացականչեցի,- գրքի մեջ փող են մոռացել։
- Չեն մոռացել, բա՛լա ջան, իմ տված գումարի մանրն է․ դա՛ էլ է քոնը,- ձեռքս սաստող հայացքով հետ հրելով՝ եզրափակեց զրույցը։
Տուն ուղեկցելիս (երբ «գերմաներենը» մեր վերջին դասն էր, եղանակն էլ՝ հաճելի, քայլում էինք) կրկին միամտեցի․
- Ընկեր Վարդանյան, ամեն ինչ լսել էի, բայց որ դասախո՛սն ուսանողին կաշառք տա, չէի պատկերացնի ․․․
- Է՜հ, բա՛լա ջան, սրան քա՛ղաք կասեն,- կեսկատակ պատասխանը համեմեցինք քաղցրաժպիտ ծիծաղով։
«Կաշառք»-գումարի չափը մեծ չէր, և դա էական էլ չէ․ անչափելի էր ու անգին նրա՝ ծանոթ-անծանոթին կարեկից ու նեցուկ լինելու բնավորությունը, կենսակերպը, սրտացավությունը։
Տարիներ անց, երբ գլխի ընկա՝ ինչու՞ էր գրքի հետևից ինձ ուղարկել՝ միանգամից իր հետ վերցնել-բերելու փոխարեն, մի կուշտ լաց եղա՝ մեկեն շնորհակալություն հայտնելու անհնարինության և մեր անվե՜րջ-անվե՜րջ զրույց-մտորումների վերջակետի համար։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հ․Գ․
Շնորհավո՛ր ծնունդդ, աշխարհի լավագու՛յն դասախոս ու ընկեր։ Տարիների հետ կարոտը չի սփոփվում, սրտմաշուկ այս ցավին բալասան չկա։ Գեթ մեկ անգամ գրկելու փափագը սաստկացել ու սաստկանում է ավելի ու ավելի։ Ձեզանից հետոյի դատարկությունն անդունդ-վիհ է դարձել, որ ոչ մեկով ու ոչնչով չի՛ լցվում, չի՛ լցվում, չի՛ լցվում ․․․
Իսկ այսօր հայացքս երկնին ու որդիական երախտագիտությամբ՝ ասում եմ` շորհակալություն ջերմ ու անմեկին այն տասը տարիների համար, որ եղել եք իմ կյանքում: