Կիսաճշմարտությունը սատանայի ամենավտանգավոր և սիրելի ձեռագիրն է։ Եթե բացահայտ սուտը հեշտ է ճանաչել, ապա սուտ պարունակող ճշմարտությունը՝ կիսաճշմարտությունը նման է թույնի, որը մատուցվում է քաղցրավենիքի մեջ փաթեթավորված։ Վերցնել ճշմարտության մի հատված, բայց այն կտրել համատեքստից, նպատակից, վերածում է այն մոլորության։ Հոգևոր տեսանկյունից սա համարվում է ավելի վտանգավոր, քան բացահայտ սուտը, քանի որ այն օգտագործում է ճշմարտության «դիմակը»՝ մարդուն մոլորեցնելու համար:
Իսկ ինչպե՞ս է Աստվածաշունչը տարբերակում դա և ինչու՞ է կիսաճշմարտությունը համարվում սատանայական գործիք։
1. Սատանան դրախտում մարդուն խաբեց առաջին «կիսաճշմարտությամբ»։ Եդեմական պարտեզում սատանան Եվային ասաց. «Չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը» (Ծննդ․ 3։4-5)։ Նրանց աչքերն իրոք բացվեցին, և նրանք իրոք իմացան՝ ինչ է չարը, բայց սատանան թաքցրեց մի «փոքրիկ» դետալ՝ դրա գինը լինելու էր մահը և Աստծուց բաժանումը։
2. Հիսուս Քրիստոս Ավետարանում սահմանում է ճշմարտության շատ պարզ կանոն. «Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է» (Մատթ․ 5:37)։ Եթե քո խոսքի մեջ կա «այո», որը թաքցնում է իր մեջ մի «ոչ», կամ հակառակը, ապա դա արդեն իսկ չարից՝ սատանայից է։ Կիսաճշմարտությունը հենց այդ «ավելին» է, որը ծածկում է իրականության ողջ պատկերը։
3. Հիսուս Քրիստոս Ավետարանում սատանային անվանում է ստի հայր. «Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր» (Յովհ 8:44)։ Սատանան չունի իր սեփական ճշմարտությունը, ուստի նա հակառակվելով Արարչին՝ օգտագործում է Աստծո ճշմարտությունը՝ այն այլափոխելով։ Կիսաճշմարտությունը ստի ամենակատարյալ ձևն է, որովհետև այն օգտագործում է ճշմարտությունը որպես «խայծ»՝ սուտը կուլ տալու համար։
4. Սուտը իրականության բացահայտ ժխտումն է։ Այն հեշտ է հերքել փաստերով։ Իսկ, կիսաճշմարտությունը դա իրականության նպատակային խեղաթյուրումն է։ Այստեղ փաստերն արտաքուստ ճիշտ են, բայց դրանց մատուցման ձևը, ժամանակը, միտումնավոր բացթողումները հանգեցնում են սխալ եզրակացության։ Սա սատանայական ձեռագիր է, որովհետև այն ձևախեղում է ճշմարտությունը ներսից։
5․ «Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ» (Ա Յովհ. 1:5)։ Կիսաճշմարտությունը հենց այդ խավարն է, որը փորձում է քողարկվել լույսով։
Այսպիսով, քրիստոնեական տեսանկյունից՝ այն ճշմարտությունը, որը պարունակում է միտումնավոր սուտ` մոլորություն է։ Դա սատանայի հիմնական գործիքն է՝ մարդկանց մոլորեցնելու և ճշմարտության ճանապարհից շեղելու համար։ Այն կիսաճշմարտությունը, երբ մասնակի քողարկվում է ճշմարտությունն այն նենգափոխելու նպատակով, ոչ թե ճշմարտության տեսակ է, այլ ստի ամենանենգ ձևը։ Մարդն ավելի հեշտ է հավատում այն ստին, որի մեջ կան ճշմարտության տարրեր: Կիսաճշմարտությունը սատանայական ձեռագիր է, որովհետև այն օգտագործում է Աստծո տված լույսը՝ ճշմարտությունը խավարի գործերը՝ մոլորությունն առաջ տանելու համար: Տեր Հիսուս Ինքն ասաց․ «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Ա Յովհ. 14:6)։ Նաև խոստում ունենք Սուրբ Գրքում «Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Ա Յովհ. 8:32)։ Այսինքն, չարի կապանքներից ազատվելու, մոլորությունից ետ դառնալու միակ Ճանապարհը Հիսուս Քրիստոսն է, Ում պետք է ձգտենք ճանաչել, իսկ սատանայից հրաժարվել ու ցանկացած հանգամանքում նրա հետ գործարքի չգնալ: Այլապես` ճանապարհը «բարի նկատառումներով» Ճշմարտությունից կշեղվի դեպի դժոխք:
Սամվել դպիր Գրիգորյան