Ես իմ Երկիրը շատ եմ սիրում։ Սիրում եմ իր բոլոր թերություններով։ Այդ թերությունների մեջ ամենագլխավորը իշխանություններն են։ Ճիշտն ասած, ես, ընդհանրապես, իշխանություն չսիրող մարդ եմ, բայց սրանք առանձին դեպք ու առանձնահատուկ տաղտկալի դեմքեր են։
Ես ուրախանում եմ, երբ հիսուն առաջնակարգ պետական այրեր ու տիկնայք հավաքվում են Հայաստանում։ Մարդ պիտի հիմար լինի, որ չուրախանա, տեսնելով իր Երկրի` հնարավոր քաղաքական հաջողությունը։ Բայց առաջ են գալիս պատասխան պահանջող հարցեր։
Առջևում ընտրություններ են։ Ցավոք սրտի, այս ընտրություններն ընթանում և լուսաբանվում են այնպես, որ քաղաքացին, կարծես թե, ստիպված է լինելու ընտրել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Կարծես երկու կողմ, երկու ճամբարներ են մասնակցում ընտրություններին` պայմանական` Թուրքիայի և Ռուսաստանի կուսակցությունները։ Իսկ ես կերազեի, որ երկու կողմն էլ Հայաստանը ներկայացնեին, այսինքն` մեզ, մեր ինքնությունն ու մեր հիմնահարցերը։ Իսկ այս համաժողովի նպատակը մեկ կողմի` արևմուտքի կամ հավաքական Թուրքիայի հաղթանակն ապահովվելու մեջ է, այնպես, ինչպես դա արեցին Մոլդովայում։ Արևմուտքն այսօր, Հայաստանում, մեզ ներկայանում է իր ողջ փայլով, սակայն անպատասխանատու, մեր ցավին անտեղյակ, մեր պարտությունը` Արցախի էթնիկ զտումը, որպես Հայաստանի հաղթանակ ներկայացնելով։
Մյուս կողմից էլ Ռուսաստանն է պատրաստ կանգնած` մեր սխալներից օգտվելու ու Հայաստանը որպես մանրադրամ` իր աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ օգտագործելու համար, այնպես, Ինչպես Արցախը կուլ տվեցին թուրքերի, հրեաների ու ադրբեջանցիների հետ միասին։ Եվ դեռ պիտի բացահայտվի Ուկրաինայի դերը այս հարցում, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմում իր հաջողություններն ապահովելու համար էր, որ Ռուսաստանը վճարեց անընդհատ հավատարիմ Արցախով։ Եվ այսօր Ուկրաինան, փոխանակ համեստ մասնակցության, օգտագործում է հայաստանյան հարթակը՝ Ռուսաստանին կարմիր դրոշակներ ցույց տալով։ «Իրական Հայաստանի» վարչապետը պիտի հայտարարեր, որ այս հարթակը խաղաղության հարթակ է, և այստեղ հարկավոր է հաշվի առնել Հայաստանի տարածաշրջանային առանձնահատկությունները։ Արցախի կորուստը ուկրաինական իշխանությունները նշում էին որպես իրենց դաշնակցի մեծ հաղթանակ, և նրանք մեղավոր չեն այսօր, որ մենք մանկուրտի պես զրկվել ենք հիշողությունից։
Ընդհանրապես, մեզ բոլորն են օգտագործում, անգամ Ալիևը՝ իր երևանյան հեռակապով, և սա է այսօրվա «իրական Հայաստանը»։
Ոչինչ չէր խանգարում մեր Երկրի ղեկավարին բարձրացնել պատանդների հարցը, այդ մասին խոսել ուղիղ, հիշեցնել մեր օկուպացված տարածքների մասին, եկեղեցիների ավերումի, մշակութային գենոցիդի... Մեր գերիների լուսանկար-պաստառները պիտի ամենուր լինեին։ Բայց ումի՞ց ինչ ենք պահանջում։ Ի՞նչ ենք պահանջելու վաղվա այն սերունդներից, ում ստիպում են «Սուսերով պարը» առանց սուսերի պարել։ Արամ Խաչատրյանը այն չի արարել անսուսեր պարելու համար։ Եվ այդ ինչպե՞ս է ստացվում, որ տոտալիտար ԽՍՀՄ-ը պատվախնդիր ու հայրենասեր Հայ մարդ էր դաստիարաակում, իսկ անկախ չորրոդ հանրապետությունը, մեղմ ասած, ոչ հայ։ Ես միշտ կարծել եմ, որ մեր նահատակաց սխրանքն ու փառքը միշտ կարթնացնեն հայի մեջ Հային։ Բայց եթե այսպես ենք դաստիարակելու, ամոթով ենք նայելու Արարատին, ամենուր Արագածն ենք պաստառելու, դժվար թե արթնացնենք։ Խեղճ Արագած։ Արդյոք մտածու՞մ էր նա, որ մի օր իրեն կհակադրեն ավագ եղբորը։
Կարելի է պարտվել, զիջել տարածքներ, բայց հոգով պարտվել չի կարելի։ Այս համաժողովը պիտի վերընձյուղման համար լիներ, այլ ոչ թե մեր հոգևոր մահվան արձանագրությունը հաստատողը դառնար։
Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ ծայրահեղությունների մեջ հարկավոր է ընտրություն կատարել և այդ ընտրությունից հրվել դեպի կենտրոն։ Բացարձակ կենտրոնում լինելը աննկարագիր լինելն է, որը տանում է դանդաղ ինքնաձուլումի։ Մենք չենք էլ կարող բացառել հանդիպակաց բևեռներից որևէ մեկին, քանի որ թույլ ենք, տարածքով փոքր, այլևս առանց ստրատեգիական խորության։ Դրանցից մեկը՝ Ռուսաստանը, չի էլ պատրաստվում մեզ զիջել, իսկ Արևմուտքին մենք պետք ենք վերջինիս թուլացնելու համար նաև։
Այստեղ կարող էր աշխատել «Եվ Արևմուտք, և Արևելք» սկզբունքը, բայց, առանց նախընտրության և դեպի կենտրոն հրվելու, սա էլ չի աշխատելու։ Մեզ ժամանակ է պետք։ Պիտի ապաքինվենք, հավաքենք մեր ուժերը, համաշխարհային դառնանք։ Հայաստան ասելիս` աշխարհում, Հայություն պիտի հասկանան։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ինչու՞ քրիստոնեության առաջին օրրաններից մեկում Եկեղեցին չի օծում այս համաժողովը։ Նույնիսկ եթե ներսում վեճ կա։ Օտարի ներկայությամբ այդ վեճերը պիտի նահանջեն երկրորդ պլան։ Առանց եկեղեցու կազմակերպության չկա սփյուռք, չկա համաշխարհային Հայություն, հասկանու՞մ եք։
Հարցերս շատ են, պատասխանողներ չկան։ Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ հարգելու են այն իշխանությանը, որը հարգում է ինքն իրեն, ելնում է սեփական արմատական շահերից ու կառուցում է իր երկիրը՝ ելնելով իր տեսակի իրավունքների բավարարումից։ Այո, մենք կանգնած ենք լինել-չլինելու խնդրի առջև։ Թուրքիայի և Ռուսաստանի տարբերությունը նրա մեջ է, որ Թուրքիայի հետ մենք գենոցիդի ենք ենթարկվել, և Թուրքիան մեզ տեսնել ու տանել չի ուզում, որովհետև մենք, մեր գոյությամբ, նրան անընդհատ հիշեցնում ենք իր գազանային արյունարբու էությունը։ Ռուսաստանի հետ, այսպես թե այնպես, պետություն ենք դարձել, ելել ենք ոտքի, հաղթանակներ ըմբոշխնել։ Սակայն սա չի նշանակում, որ այսօրվա Ռուսաստանը, ինչպես բոլշևիկյան, վտանգավոր չէ, և նա, ով կգա իշխանության, պիտի պատրաստ լինի անձնապես ամեն ինչ կորցնելու՝ հանուն Հայաստանի կայացման։
Դավիթ Վանյան