ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

«Հողերը պատկանում են նրանց, ովքեր ապրում են նրա վրա»․ կոմունիստ թուրքի փիլիսոփայությունը

«Հողերը պատկանում են նրանց, ովքեր ապրում են նրա վրա»․ կոմունիստ թուրքի փիլիսոփայությունը
07.05.2026 | 11:04

Պատմում է ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆԸ

...Ֆրիդոն Խալվաշին՝ վրացի բանաստեղծը, որ Աջարիայի գրողների բաժանմունքի նախագահն էր, առաջարկեց այցելել Նազիմ Հիքմեթին։

Մեջս այրվում էր նրան տեսնելու և նրա հետ զրուցելու փափագը։ Կարդացել էի Գ. Էմինի թարգմանած նրա բանաստեղծությունների ժողովածուն և մեծ տպավորություն չէի ստացել, թեև ազատասիրությանը նվիրված նրա մտքերը համարում էի առաջադիմական։ Ցավ կար նրա գրչի տակ՝ տառապող մարդու նկատմամբ, և դա բավական էր, որ մոռանայի նրա թուրք լինելը և մտաբերեի լոկ այն, որ նա բանաստեղծ է։ Ինչ էլ լինի, մտածում էի ես, եղեռնից անցել են քառասունից ավելի տարիներ, և այս թուրքը, որ բանաստեղծ է ու միջազգայնական, ապրում է Մոսկվայում և քարոզում ժողովուրդների բարեկամություն, խաղաղություն, պետք է տարբերվի այն թուրքերից, որոնք մորթոտեցին իմ գերդաստանից չորս տասնյակ անմեղների։

Մորթոտեցին մեկ և կես միլիոն հայերի․․․

Վրեժխնդրության զգացմունք չունեցա և ոչ էլ նրան այցելելս առիթ դարձնելու, որ վեճի բռնվեմ նրա հետ։

Պերեդելկինոյի գարունը նման չէր աշնանը։ Գարուն էր, և ամառը, գարնան կեսօրին, իջնում էր իբրև արտակարգ ջերմություն, հաճելի և օդասուն։

Հեռու չէր Նազիմ Հիքմեթի առանձնատունը՝ դաչան։

Մեզ ընդունեց պատշաճ ձևով, եվրոպացու նման։

Ռուսերեն խոսում էր թեթև, բայց զգալի շեշտերով, ինչն էլ և մատնում էր նրա ոչ ռուս լինելը, քանզի դեմքով, մազերի գույնով ավելի շատ նման էր ռուսի, քան թուրքի։ Մոնղոլական ոչինչ չկար դիմագծերի վրա, սելջուկյան՝ ոչ մի բան։

Որպեսզի Խալվաշին չչարչարվեր ինձ ներկայացնելիս ասելու, որ ես հայ եմ, հայաստանցի եմ, ես մի շիշ հայկական կոնյակ էի վերցրել ինձ հետ և տարել նրան։ Տեսավ, ժպտաց։

- Համեցեք,- ասաց ինձ,- բանաստե՞ղծ եք, ի՞նչ էք գրում։

Իմ փոխարեն Խալվաշին խոսեց, ապա հանկարծակի հարց տվեց.

- Դուք, ընկեր Հիքմեթ, մոտիկ եք կանգնած վերին շերտերին, ասացեք խնդրեմ, այս ինչե՞ր են կատարվում։

Հիքմեթը չպատասխանեց իսկույն։ Կանգնեց, բաց արեց կոնյակի շիշը, հետո գնաց խոհանոցից բաժակներ բերեց ու կիսով լեցուն շոկոլադի մի տուփ։

- Երեկ Ֆադեևի մոտ էի, գիշերը, տանը, և գիշերով նրան կանչեցին Կրեմլ․․․ Առավոտյան ուզեցի այցելել, իմանալ, բայց հիվանդ էր․․․

Ու լռեց։

- Հունիսի վերջին պլենումն է, և Խրուշչևը պիտի զեկուցի «Անհատի պաշտամունքի» թերությունները․․․ հետևանքները վերացնելու մասին։

Հիքմեթը ընդհատեց.

- Դու վրացի ես, ցավդ հասկանում եմ, չես ուզում, որ Ստալինին վարկաբեկեն․․․ հասկանում եմ, դե կարելի չէ՞ առանց հակաստալինականություն խաղալու էլ անել այն, ինչ ուզում է անել. բայց կարծես սովորույթ է, որ առաջնորդներից նորը հնին վարկաբեկի․․․ Մարդիկ կան, որ դիակների վրայով բարձրանալ են սիրում։

Հանդուգն էին նրա մտքերը։ Մտածեցի, որ նա ստալինական է։ Հապա ի՜նչ պիտի լիներ։ Երիտասարդ տարիքում եկել էր Մոսկվա, սովորել, ապրել, դաստիարակվել ստալինյան ոգով, երգել էր սոցիալիզմ, քարոզել էր լենինյան գաղափարախոսությունը, հետո երբ վերադարձել էր իր երկիրը, Թուրքիա, ձերբակալել էին ու նետել բանտ։

Տասնյոթ տարի ճաշակել էր իր հայրենիքի բանտը։

Հինգ տարի առաջ, կարծեմ, 1951-ին էր ազատվել բանտից ու գալով Մոսկվա՝ տիրացել արժանավայել ընդունելության ու ձեռք բերել այս առանձնատունը։ Էլ ինչո՞ւ ստալինական չլիներ։

- Ասում են՝ Դեմիչևի հետ մոտիկ եք։

Դեմիչևը Մոսկվայի քաղաքային կոմիտեի քարտուղարն էր, Սովետական Միության մայրաքաղաքի առաջին դեմքերից մեկը։

- Դեմիչևը ինքը կուլտուրայի մարդ է, արվեստ է սիրում և գրականություն․․․ բայց առիթ չի եղել զրուցելու։ Հիմա ոչ ոքի չի ընդունում, գերզբաղված է, խառը ժամանակներ են կուսակցականների համար. երևի կսկսեն կուսակցականների անցյալը պրպտել, նրանց գործունեությունը ստուգել 1937-38-39 թվականների շրջաններում․․․ Երբ մարդ ուզում է ձերբազատվել իրեն շրջապատող անցանկալի մարդկանցից, սկսում է նրանց անցյալը պրպտել․․․

Ես լռում էի։

Բայց հոգնել էի լռելուց, ուզում էի խոսել, ուզում էի հարցնել, թե ինչպիսի դիրքավորում ունի եղեռնի նկատմամբ, ինչպես է ընդունում հայ սփյուռքի, դիասպորայի գոյությունը։ Այրվում էի․․․ հիշում էի նրա մեկ ոտանավորը՝ թե չվառվես, թե չվառվեմ, թե չվառվենք՝ ո՞վ կվառվի․․․ կամ՝ ես չայրվեմ, դու չայրվես, նա չայրվի․․․

Վառվում էի անհամբերությունից։

Խալվաշին տվեց առիթը․

- Ի՞նչ ես մտածում,- դիմեց նա ինձ։

Ես նայեցի ուղիղ Հիքմեթի աչքերին։

- Ես գիտեմ,- ասաց նա,- առաջին հայը չէ, որին տեսնում եմ իմ տանը։ Բոլորը նույնն են։

Մի քանի բաժակ արդեն խմել էր հայոց կոնյակից, կարմրել։

Ես չէի կարողանում բաժանվել նաև այն մտքից, որ Հիքմեթը թուրք չի, այլ բյուզանդացի, թուրքացած պոնտացի կամ որևէ ուրիշ ազգի զավակ։ Ախր գանգը ուռուցիկ չէր, մազերը սև չէին, այտոսկրները ցցված չէին, աչքերը շեղ չէին։

- Այսի՞նքն,- հարցրեց Խալվաշին։

- Ուզում են իմանալ, թե ինչպես եմ վերաբերվում 1915-ին։

- Այո՛,- խոսակցության թելը խլեցի ես Խալվաշիից,- անհամբեր եմ․․․

- Եղածը անարդարություն էր։ Եթե հայերը մնային երկրում, Թուրքիայում, հիմա Թուրքիան շատ զարգացած երկիր կլիներ․․․ ափս՜ոս․․․

- Չե՞ք դատապարտում։

- Ո՞ւմ դատապարտեմ։ Դատապարտել՝ նշանակում է մեկին պատժել, մյուսին արդարացնել ու հատուցում պահանջել։ Հեքիաթ է, անցած, գնացած պատմություն։

- Իսկ մեր հողե՞րը․․․

- Հողերը պատկանում են նրանց, ովքեր ապրում են նրա վրա. հիմա այնտեղ հայեր չկան։ Փաստն այդ է։

- Այդ հողերի հայերը դրսում են, կարող են վերադառնալ, եթե հողերը տրվեն։

- Հողերը չեն տրվում, առնվում են․․․ Բայց պե՞տք է արդյոք խոսել դրա մասին․․․ Անարդարություն էր։ Եղավ-անցավ։ Իմ կարծիքով՝ պետք չէ քրքրել։

- Դուք գիտե՞ք որքան հայություն կա դրսում։

- Երկո՞ւ միլիոն, ավելի՞։ Դե նրանք տեղավորված են։

- Իսկ նրանք որտեղի՛ց են եկել, ի՞նչ են խոսում, ի՞նչ են երազում, գիտե՞ք․․․

- Գիտե՜մ․․․ Իզուր։ Հիմա Սովետական Հայաստան կա․․․

Թուրք էր։

Ընդունել էր լոկ այն, որ եղածը անարդարություն էր ու չէր դատապարտում։ Այդքանը։

Թո՛ւրք էր․․․

Հրաժեշտ տալուց առաջ, ես թուրքերեն խոսեցի․

- Անարդարությունը ձայն ունի։ Լռող անարդարություն չկա։ Եթե անարդարություն է եղել, ապա դատապարտեցեք։

- Ո՞ւմ, հո՞րս․․․

- Թեկո՛ւզ։

- Ես չեմ կարող հորս դատապարտել, նա իմ հայրն է եղել և ինձ չի ասել, թե ինչու է սուր բարձրացրել հայի վրա։

Ես Նազիմ Հիքմեթին մեկ էլ տեսա 1958-ին, Տաշքենդում, Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների համագումարին։ Ես նրան չտեսնելու տվեցի, նա՝ ինձ։ Բայց ես լսեցի նրա ճառը, երբ նա ուզբեկ գրողների հետ հանդիպելիս ասում էր՝ մեզ իրար կապում է մեր լեզուն, մեր կրոնը, մեր արյունը․․․ Մեր կապը ժողովուրդների բարեկամության սոսկական մի կապ չէ, այլ արյան կապն է, պորտի կապը, որ մոր արգանդից է սնունդ առնում։

Թուրք էր․․․

* * *

Մայիսմեկյան տոներին էր, որ տեսա Պարույրին։

Նրան պատմեցի Հիքմեթի հետ մեր հանդիպումը։

Ասաց.

- Իզուր ես գնացել...

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ֆբ ԷՋԻՑ

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ