ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Պապիրուսներ Բրյուսելի ճահճուտների և Տիգրանակերտի «սթորիների» մասին

Պապիրուսներ Բրյուսելի ճահճուտների և Տիգրանակերտի «սթորիների» մասին
07.05.2026 | 20:37

(Արքայից Արքան ընդդեմ սելֆիի և 9 տոկոսանոց PR-ի)

Շատ պատահաբար ձեռքիս տակ են հայտնվել Տիգրան Բ Արտաշեսյանի, նույն ինքը՝ Տիգրան Մեծի գահակալության ժամանակաշրջանին (Ք․Ա․ 95-55 թթ.) առնչվող հույժ գաղտնի գրիֆով փաստաթղթեր։

Այս բացառիկ պապիրուսներից պարզվում է՝ Արքայից Արքան շա՜տ էր մտահոգված, որ ուշանում են Եվրահանձնաժողովի տրամադրած դրամաշնորհները, իսկ Բրյուսելն էլ (որն այն ժամանակ ընդամենը ճահճուտ էր) չէր կողմնորոշվում՝ Ծոփքն ու Աղձնիքը ներառե՞լ Շենգենյան գոտում, թե՞ ոչ։

Ըստ այդ «բացառիկ» արձանագրությունների՝ Տիգրան Մեծը նույնիսկ հատուկ դեսպաններ էր ուղարկել Գալիայի ու Գերմանիայի խուլ անտառներ՝ տեղի կաշեզգեստ բարբարոսներից ճշտելու, թե ինչու է ձգձգվում «Արևելյան գործընկերության» հերթական տրանշը, և ինչու՞ մինչև հիմա հայկական զրահապատ հեծելազորի համար վիզաների ազատականացման հարցը չի լուծվել։

Դե պատկերացրեք Արքայի վիճակը. հասել էր մինչև Միջերկրականի ափերը, բայց ստիպված էր «կարմիր գծերի» ու անցագրային ռեժիմի պատճառով սպասել եվրադիտորդների հավանությանը։

Ավելին, Արքայից Արքան ստիպված Արտաշատի պարիսպներին «Զում»-ի անտենաներ էր տեղադրել, որպեսզի ուղիղ կապ հաստատի Եվրոպայի այն հատվածների հետ, որտեղ այդ ժամանակ քաղաքակրթության փոխարեն դեռ մամուռ ու վայրի պտուղներ էին աճում։

Տիրակալը նվաճել էր ողջ Մերձավոր Արևելքը, բայց հոգու խորքում տառապում էր. այդպես էլ մի եվրաչինովնիկ չեկավ, որ ստուգեր՝ արդյոք Տիգրանակերտի շինարարության տենդերները թափանցի՞կ են անցել, թե՞ «մեկ անձից գնումով» են արվել։

Հընթացս էլ այդ կաշեզգեստ հյուրերը կգնահատեին Արքայի «ժողովրդավարական բարեփոխումներն» ու Արտաշատի մայրուղու ասֆալտապատման որակը, որը, ի տարբերություն այսօրվա «նորարարությունների», դարերով էր դիմանում՝ առանց եվրոպական վարկերի։

Ինչպիսի՜ պատմական ողբերգություն։

Փաստորեն, մինչ մենք միամտաբար կարծում էինք, թե Տիգրան Մեծը զբաղված էր «Ծովից ծով» Հայաստանով, պարզվում է՝ նա գիշերները չէր քնում, որովհետև երկիրը «եվրաչինովնիկների» ու եվրոպական գագաթնաժողովների սուր պակաս ուներ։

Բայց, փա՜ռք Աստծո, որ դարեր անց հայտնվեց Երևանի «լեգիտիմության մարմնացումը»՝ 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մարդը վերջապես բացեց մեր՝ խավարի մեջ մնացածներիս աչքերը և «հասկացրեց», որ աշխարհակալ Արքայի իրական ձախողումը ոչ թե Հռոմի դեմ պատերազմն էր կամ Պոմպեոսի հետ պայմանագիրը, այլ այն, որ նա չկարողացավ սելֆի անել մի կառույցի ներկայացուցիչների հետ, որոնք պատմության թատերաբեմ պիտի բարձրանային իրենից ավելի քան երկու հազարամյակ ուշ՝ այն ժամանակ, երբ Տիգրանակերտի քարերն արդեն վաղու՜ց հնագիտական նմուշ դարձած կլինեին։

Պատկերացնո՞ւմ եք պատմական այդ սնանկությունը․ Տիգրան Մեծը թագն ու գավազանը ձեռքին աշխարհներ էր նվաճում, բայց չուներ այնքան «քաղաքական հեռատեսություն», որ սպասեր եվրաչինովնիկների ժամանմանը, որպեսզի նրանց հետ Տիգրանակերտի փոշոտ փողոցներում մի «սթորի» աներ ու տակը գրեր՝ «Պատմական պահ» կամ, ինչպես ընդունված է ասել՝ HistoricalMoment։

Ինչպիսի՜ անփութություն․ Տիգրան Բ-ն ստեղծել էր կայսրություն, բայց այդպես էլ չարժանացավ Բրյուսելի «դրական մոնիթորինգին»։

Բարեբախտաբար, Ավինյանը եկավ ու իր 9 տոկոսանոց բարձրությունից մեզ բացատրեց, որ իրական մեծությունը ոչ թե հողերն ու հզորությունն են, այլ ժամանակակից եվրոպական բյուրոկրատիայի հետ նույն սենյակում շնչելու պատիվը։

Իսկապես, երբ քծնանքի ու տգիտության սիմբիոզը հասնում է գագաթնակետին, նույնիսկ Քրիստոսից առաջ եղած պատմությունը սկսում է հարմարեցվել ներկա «շեֆի» PR-ին։

Այս ամենը կլիներ պարզապես ծիծաղելի, եթե չլիներ ողբերգական։ Իրականում HistoricalMoment-ը ոչ թե եվրոպացի պաշտոնյաների հետ սելֆին է, այլ այն տխուր պահը, երբ պատմության ինստիտուտի փոխարեն գործի է դրվում քծնանքի ինստիտուտը։

Երբ քաղաքական միավորը փորձում է իր «փոքրությունը» թաքցնել Հայոց Արքայի թիկունքում, ընդհանուր հայտարարում ստացվում է ոչ թե պատմական համեմատություն, այլ սեփական տգիտության ինքնախոստովանություն։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք՝ տասն անգամ գերազանցելով Մեծ Հայքի բուն սահմանները։ Եվ նա ոչ թե կրծքազարդ-քարտեզ էր կրում, այլ Արքայից Արքա տիտղոսը, որի իրական կշիռը զգում էին թե՛ Հռոմում, թե՛ Պարթևստանում։

Տիգրան Մեծը թագ ուներ, որի առաջ խոնարհվում էր աշխարհը, իսկ սրանք ունեն ընդամենը քծնանքի անսպառ պաշար և ինքնահնար միֆեր՝ սեփական դատարկությունը լցնելու համար։

Արքայից Արքան կերտում էր իրականություն, որը հետագա դարերում դարձավ համաշխարհային քաղաքակրթության ժառանգությունը։

Մինչ Ավինյանը փորձում է Արքայից Արքային «ներկայացնել» եվրոպացիներին, իրական Եվրոպան դեռ դարեր առաջ էր խոնարհվել նրա առաջ. եվրոպացի մեծագույն կոմպոզիտորները շուրջ 54 օպերա են գրել՝ նվիրված Տիգրան Մեծին։ Վիվալդին, Հենդելը, Գլյուկը և տասնյակ այլ հանճարներ իրենց լավագույն ստեղծագործություններով փառաբանել են հայոց տիրակալին այն ժամանակ, երբ «եվրաչինովնիկի» կերպարը դեռ նույնիսկ մղձավանջներում չկար։

Հայոց Արքան քաղաքներ էր հիմնադրում, որոնք դառնում էին քաղաքակրթության կենտրոններ, իսկ սրանք՝ քաղաքակրթության կենտրոնը փորձում են վերածել սոցցանցային էժան PR հարթակի։

Ի վերջո, պատմությունը հիշում է նրանց, ովքեր պետություն են կերտել արյամբ ու քրտինքով, այլ ոչ թե նրանց, ովքեր փորձում են այդ պետության փլատակների վրա «լայքեր» հավաքել՝ սեփական անցյալը վերածելով քծնանքի գործիքի։

Արքաները կերտում էին իրականություն, իսկ 9 տոկոսանոցները՝ ընդամենը պրիմիտիվ տեքստեր՝ «շեֆի» հերթական աբսուրդը հիմնավորելու համար։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ