Պատերազմը, որ խորհրդային ժամանակներում անվանել են Հայրենական, ինձ համար մարդիկ էին, որոնց միջավայրում անցել է մանկությունս, իսկ հետո էլի երկար տարիներ:
Նախ ավագ հորեղբայրս, - լուսանկարիչ Տիրանը, ում դատապարտել էին «հակասովետական ագիտացիա» հոդվածով: Նա եղել է բանտում, բայց երբ սկսվել է պատերազմը, ազատել և ուղարկել են ռազմաճակատ: Վերադարձել է երկու տարի անց, հաշմանդամ դարձած: Նրա ձախ ձեռքի մատները համարյա չկային, մոտերքում արկ էր պայթել, ականջը նույնպես չեր լսում: Այդ պատճառով էլ երբ մեր տուն էր գալիս, վնասված ձեռքը պահում էր գրպանում, որովհետեւ ես վախենում էի գոյություն չունեցող մատներից, իսկ աջով տալիս էր ինձ «Սկյուռիկ» շոկոլադ:
Մյուսը գնդապետ Ամիջանյանն էր, մորաքրոջս ամուսինը: Նա անցել էր ստալինգրադյան ճակատամարտի քուրայով: Հրետանավոր էր, բայց գիտեր թե այդ կռվում հաղթելը քանի քանի հազարների կյանքի գնով եղավ: Ուստի մեծ մասամբ լուռ էր:
«Ոչ թե խոսելու վախից» - ինչպես ասաց հայրս, - «այլ սրտի ցավից»։ Իրոք, գնդապետը մահացավ կաթվածից, դեռևս չծերացած:
Այդ պատերազմում շատ հայորդիներ ընկան: Երբեք ծով չտեսած ու լողալ չիմացող ջահել զինվորներին, որոնք լեռնային ու դաշտային գյուղերից էին, օկուպացված Ղրիմի ափ գրոհելու նպատակով, առավոտ վաղ նեղուցով քայլեցրել են դեպի ցամաք: Սկսվել է մակընթացությունը և տղաներից շատեը ջրահեղձ են եղել անգամ մեկ կրակոց չարձակած:
Բայց Թամանյան դիվիզիան հասավ Բեռլին: Մեր ժողովրդի ծոցից ելած հերոսները, նաև մեծաթիվ գեներալները գիտեին, թե ինչի համար են ռազմի դաշտ մտել: Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր Հայոց մեծ եղեռնի օրոք ու մատը մատին չխփեց մի ամբողջ ազգի սպանդ դադարեցնելու համար:
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Մայիսի 9, 2025 թվական
Լուսանկարում՝ Գրիգոր Ամիրջանյան