Օդում թափառող լուրերի համաձայն Նիկոլը խորհուրդ է տվել Զելենսկուն հանուն խաղաղության հանձնել դժգույն Դոնեցկն ու Լուգանսկը, Պոլտավան ու Օդեսան, մի երկու բան էլ «Բածկային» նվիրել, որ ձենը կտրի։
- Ճիշտ է, սկզբից դժվար է Վոլոդիմիր Օլեքսանդրովիչ, քեզ կասեն «դավաճան», «հողատու», բայց հետո մարդիկ կհամակերպվեն և դու էլ կդառնաս իմ նման փրկիչ։ Արևմուտքը կօգնի։
Փոխարենը Զելենսկին հորդորել է Նիկոլ Վովաևիչին, որ օժանդակի տապալելու Մոսկվայի ռեժիմը։
Մի քիչ չեմ ու չումից հետո գերագույն գլխավոր հրամանատարը վճռականությամբ լցված հայտարարել է, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կանցկացվի ռազմական շքերթ հնդկական միջմայրցամաքային և գերձայնային անտեսանելի հրթիռների ցուցադրությամբ ի պաշտպանություն եղբայրական Կիևի, և Պուտինը կգիտակցի, որ պաշտոնական Երևանի հետ կատակ անել չի կարելի։
Երկուստեք պայմանավորվել են ՌԴ-ից հետվերադարձ մեկ միլիոն շիշ ջերմուկի գազերը ֆոսֆորային լուծույթով հարստացնել ՆԱՏՕ-ի լաբորատորիաներում և դաս տալ միասնական հակառակորդին։
Ասում են՝ դերասան Զելենսկին հնդկական հրթիռներից հրաժարվել է, փոխարենը խնդրել է, որ հարյուրապետ Պապիկյանը գնդապետ-սպարապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ վերակազմակերպի Իրանի ազատագրման հայկական այրուձին և ուղարկի ռուս-ուկրաինական ճակատ։
Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ