ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Շուշիի առավոտն ապրում է հազարավոր մարդկանց հիշողության մեջ

Շուշիի առավոտն ապրում է հազարավոր մարդկանց հիշողության մեջ
08.05.2026 | 13:04

Մայիսի 8-ի առավոտն իմ հիշողության մեջ միշտ առանձնահատուկ է։ 34 տարի առաջ՝ 1992-ին, դպրոց էի գնում, երբ ռադիոյով հնչեց այն լուրը, որ ամբողջ կյանքում մնաց հիշողությանս մեջ. «Մերոնք մտան Շուշի»։ Բնականաբար ես չհասկացա ասվածի խորությունն ու բովանդականությունը, բայց հայկական ողնաշարովս զգացի, որ տեղի ուենցածը բեկումնային է՝ դա էր վկայում ռադիոյով հնչող «Քոչարին»։ Մի բան պարզ էր՝ ինչ-որ մեծ բան է կատարվել։

92-ի մթնշաղն էր, երբ ռադիկոապը խշշաց․ «Противника не вижу»՝ հենց այս բառերով է Վալերի Չիթչյանը Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակը. ի դեպ՝ Սերժ Սարգսյանն այդ մասին լուռ է եղել տևական ժամանակ, և միայն 25 տարի անց, մեզ հասու դարձավ մի կարևոր փաստաթուղթ, որի վրա գրված էր «Утверждаю»՝ Սարգսյանի ստորագրությամբ։ Դա «Հարսանիք լեռներում» օպերացիայի պլանն էր՝ մի գործողություն, որը ոչ միայն փոխեց ժամանակակից պատմության ընթացքը, այլև դարձավ հաղթանակների շքերթի սկիզբ։

Այսօր, երբ անցել են տարիներ, ժամանակն է նաև սթափ գնահատելու, թե ինչպես են նույն այդ հաղթանակների ու բանակաշինության գործընթացի մարդիկ՝ նրանք, ովքեր երրորդ հանրապետության պաշտպանական ողնաշարն են ձևավորել, պիտակավորվում «բանակը թալանողներ» անվան տակ։ Ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդը, դարեր շարունակ ազգային բանակ չունենալով, հանկարծ ունեցավ մի ամբողջական պաշտպանական համակարգ, ու հիմա այդ համակարգի հիմնադիրներն են դարձել «մեղավորներ»։

Նիկոլն իր քաղաքականության մեջ մերժեց ոչ միայն այդ հիշողությունները, այլև դրանց բովանդակային հիմքը։ «Մայիսյան Եռատոնը» հանվեց տոնացուցակից ու փոխարինվեց «Քաղաքացու օր» կոչվող արհեստական, բովանդակազուրկ, գեհենական օրգիայով։

Ճակատագրի հեգնանքով՝ ուղիղ 8 տարի առաջ հենց այ օրը Հայաստանում պետական կարգը տապալվեց, և իշխանության եկավ կյանքում ոչ մի արժեք չստեղծած մի խմբակ և համակարգված ջախջախեց պետության ու պետականության հիմքեր հանդիսացող բոլոր հիմնասյուները։ Նույն ճակատագիրն էր, թերևս, խաղում բոլորիս հետ, երբ այսօր մեկնարկեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, գուցե սա նաև նախախնամություն է, որը պետք է հանդիսանա փաշինյանական 8-ամյակի ավարտի սկիզբը։

Շուշիի առավոտն ապրում է հազարավոր մարդկանց հիշողության մեջ, և դա փաստ է։ Սա պայքար է նրանց դեմ, ովքեր ուզում են ջնջել ազգային արժանապատվության փորձառությունը՝ մեր հաղթանակները դարձնելով անպետք ու անիմաստ միջոցառումներ։

Հ.Գ, Ի դեպ՝ Շուշիում հաղթանակի «Քոչարի» պարելու կադրերը մենք դեռ միասին ենք տեսնելու․ գոնե ես՝ տղերքիս խոստացել եմ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ