ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Պատմության մեջ բազմաթիվ ազգային շարժումներ ունեցել են ողբերգական ավարտ, բայց հետագայում դարձել են պետականության հիմք

Պատմության մեջ բազմաթիվ ազգային շարժումներ ունեցել են ողբերգական ավարտ, բայց հետագայում դարձել են պետականության հիմք
09.05.2026 | 16:03


Սյունիքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»: Եկեք հասկանանք, թե իրականում սրա տակ ինչ ենթաշերտեր են թաքնված։

Ըստ էության՝ սա քաղաքական հիշողության և ազգային պատմության վերաիմաստավորման փորձ է՝ իշխանական ներկայիս օրակարգին հարմարեցված նարատիվով։ Երբ Փաշինյանն ասում է, թե Ղարաբաղյան շարժումը «ճակատագրական սխալ» է եղել, փորձ է արվում քննադատել ու վերանայել ամբողջ անկախ պետականության գաղափարական հիմքը։

Այստեղ հստակ պետք է հասկանալ, որ Ղարաբաղյան շարժումը միայն տարածքային հարց չէր, այն առաջին հերթին ուշ խորհրդային շրջանի ազգային-ազատագրական շարժում էր, որի հիմքում ինքնորոշման, անվտանգության և քաղաքական սուբյեկտայնության պահանջն էր։ Չմոռանանք, որ հենց 1988-ի շարժումը դարձավ այն առանցքը, որի շուրջ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Հետևաբար, երբ այսօր հայտարարվում է, թե այդ շարժումը «սխալ» էր, անուղղակիորեն կասկածի տակ է դրվում նաև այն պատմաքաղաքական տրամաբանությունը, որի վրա կառուցվել է անկախ Հայաստանը։

Ասեմ, որ սա ևս նորություն չէ, դա հիշեցնում է հետպարտերազմյան այն քաղաքական տեխնոլոգիաները, որոնք տարբեր երկրներում կիրառվել են ազգային պարտություններից հետո։ Ըստ էության՝ պարտությունից հետո իշխանությունները հաճախ փորձում են ոչ թե միայն պատասխանատվությունը բաշխել, այլ ամբողջությամբ փոխել պատմության ընկալումը՝ ներկայացնելով, թե հենց ազգային դիմադրությունն էր սխալ, ոչ թե դրա կառավարման ձախողումը։ Այդ մեխանիզմը կիրառվել է տարբեր ժամանակաշրջաններում՝ սկսած Վիշիի Ֆրանսիայի քարոզչությունից մինչև հետսովետական որոշ պետություններում ազգային շարժումների «դեմոնիզացիան»։ Այսինքն՝ քաղաքական պատասխանատվությունը տեղափոխվում է պատմության վրա։

Փաշինյանի խոսքում հատկապես նկատելի է մեկ կարևոր մանիպուլյացիա․ նա խառնում է «շարժումը» և դրա հետագա քաղաքական կառավարումը։ Կարելի է քննադատել, օրինակ, բանակցային սխալները, ռազմական հաշվարկները, դիվանագիտական բացթողումները, տարբեր իշխանությունների գործողությունները։ Բայց երբ ամբողջ շարժումն է ներկայացվում որպես սխալ, արդեն գործ ունենք գաղափարական դեգրադացիայի հետ։

Ավելին՝ նման ձևակերպումները նաև արտաքին քաղաքական հասցեատեր ունեն։ Դրանք հաճախ հնչում են այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե հրաժարվում է նախկին ազգային օրակարգերից և պատրաստ է նոր «ռեալիստական» քաղաքականության։ Սկզբունքորեն, ցանկացած պետություն, որը սկսում է սեփական պատմական շարժումները ներկայացնել որպես սխալ, աստիճանաբար կորցնում է նաև իր քաղաքական դիմադրողականությունը, որովհետև եթե երեկ սխալ էր ինքնորոշման պայքարը, ապա վաղը «սխալ» կարող է ներկայացվել ցանկացած ազգային պահանջ։

Պատմության մեջ բազմաթիվ ազգային շարժումներ ունեցել են ողբերգական ավարտ, բայց հետագայում դարձել են պետականության հիմք։ Հարցն այն է, թե արդյոք պետությունը շարունակու՞մ է իրեն տեսնել որպես այդ պատմական պայքարի ժառանգորդ, թե՞ փորձում է սեփական անցյալից հրաժարվելու միջոցով կառուցել արհեստական քաղաքական ինքնություն։ Փաշինյանի այս հայտարարությունը հուշում է, որ ներկայիս իշխանությունը գնալով ավելի բաց տեքստով ընտրել է երկրորդ՝ պետականության ինքնաոչնչացման ուղին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ