Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Շան սիրտը՝ «չուլանային» փաթեթավորմամբ

Շան սիրտը՝ «չուլանային» փաթեթավորմամբ
09.05.2026 | 21:15
(կամ՝ ինչպես ուրանալ հայրենիքը՝ «ճիշտ» արտասանելով մաշտոցյան տառերը)

2026-ի մայիսի 9-ին, երկրի «գլխավոր բանասերն» ու սեփական պատմությունն ուրացողը «Մայրենի լեզու․ դաս առաջին» վերտառությամբ «չուլանային» մակարդակի Reels-ով որոշել էր լեզվի դասեր տալ Սամվել Կարապետյանին։ Այն մարդուն, ում լռությունն անգամ ավելի շատ է հայերեն է խոսում, քան սրա բոսյակային հռետորաբանությունը։
Սրա «ինտելեկտուալ փայլատակումն» ինձ «ստիպեց» մտաբերելու Բուլգակովին ու նրա անմահ «Շան սիրտը»։
Տե՜ր իմ, կանչեցի մեծ հայտնագործություն արածի տոնով, մինչ այս ո՜նց չեմ կռահել, որ Միխայիլ Աֆանասևիչն իր հանճարեղ վեպում ոչ թե գեղարվեստական կերպար է կերտել, այլ մանրակրկիտ նկարագրել է հենց մերօրյա «շարիկովների» տեսակն ու նրանց անխուսափելի գալուստը։
Երբ երկրի վարչապետի տիտղոսին տիրացած սույն երևույթը նորաթուխ աշակերտի պրիմիտիվ ջանասիրությամբ, հեգում էր մաշտոցյան տառերը՝ փորձելով ծաղրել հայտնի բարերարին ու իր ընդդիմադիր հակառակորդին.
«հ՛, ա՛, ղ՛, թ՛, ա՛, ր՛, շ՛, ա՛, վ՛»․․․ ակամա մտաբերեցի «պատմական» այն պահը, երբ վիրահատական սեղանից նոր վեր կացած դեռևս կիսաշուն-կիսամարդ էակը սկսեց արտասանել իր առաջին հնչյունները․
- Абыр-абыр…. абырвалг!
Այսօրվա Reels-ի հեղինակն էլ է այդ վիճակում. նա հանկարծ հայտնաբերել է, որ կարող է վարժ արտասանել «հաղթարշավ» բառը և հիմա, Շարիկովի պես զարմացած սեփական «մարդանալու» պատրանքից, փորձում է հոխորտալ նրանց հասցեին, ովքեր այդ լեզվով ոչ թե պարզապես հնչյուններ են արտաբերում, այլ պատմություն են կերտում։
Բայց Շարիկովը մնում է Շարիկով. նույնիսկ եթե սովորում է անսխալ արտասանել տառերը, նրա ներսում շարունակում է բաբախել թափառող շան, իմա՝ «дворняжка»-ի սիրտը, որն օրգանապես ատում է ամեն ազնվականն ու բարձրարժեքը։ ՈՒ քանի դեռ սույն «պոլիգրաֆ պոլիգրաֆովիչը» կատուներին խեղդելու կամ հայրենիքի սրբությունները ջնջելու բաժնի վարիչ է, իրեն լեզվագետ էլ կկարծի, «հաղթող» էլ․․․
Է՜հ, թող կարծի։ Դրանից ի՞նչ է փոխվելու։ Միևնույն է, որքան էլ շունը վերածվում է Շարիկովի, չի դառնում մարդ՝ բառի վեհ ու բարոյական իմաստով։
Ընդամենը դառնում է հավակնոտ տգետ, որը կարող է վարժ արտասանել բառեր, բայց երբեք չի հասկանա դրանց լույսն ու խորհուրդը։
Նա կարող է սովորել տառերը, կարող է սովորել՝ ինչպես հագնվել, կարող է կապել փողկապն ու նույնիսկ վարժ խոսել, բայց նրա ներսում անփոփոխ է մնում երկրի հակառակ կողմի փողոցային բնազդը։ Դա նույն բնածին ատելությունն է բարձրի, ազնվականի ու լուսավորի հանդեպ, և նույն կատաղի ցանկությունը՝ ոչնչացնելու, ցեխոտելու կամ «օպտիմալացնելու» այն ամենը, ինչն իր կարճ խելքից ու նեղ հորիզոնից վեր է։
Երբ Շարիկովին տրվում է ամբիոն և Reels-ներ պատրաստելու հնարավորություն, նա ոչ թե լուսավորիչ է դառնում, այլ ընդամենը սեփական փոքրոգությանը ծառայող գործիք, որի միակ նպատակը մեծերին իր մակարդակին իջեցնելն է
Ինչպես Շարիկովն էր սկսում իր «մարդկային» ճանապարհը կիսատ-պռատ հնչյուններով, այնպես էլ այսօրվա իշխանական «էլիտան» է փորձում լեզվական «մաստեր-կլասներ» տալ։
Բայց խնդիրն այն է, որ Շարիկովի համար լեզուն ոչ թե մշակույթ էր կամ հաղորդակցության միջոց, այլ հաչոցի նոր ու ավելի լկտի ձև։
Մեծ էնտուզիազմով ու տառապատկերների ցուցադրությամբ հիշյալ Reels-ն էլ նույն «абырвалг»-ն է՝ փաթեթավորված ժամանակակից տեխնոլոգիաներով, բայց պահպանած նույն պարզունակ, «շարիկովյան» հեգնանքը։ Դա լեզվի իմացություն չէ, դա ընդամենը վարժեցված էակի փորձ է՝ տիրապետելու մի գործիքի, որի բարոյական արժեքը նրան անհասանելի է։
Հայտնի բարերար Սամվել Կարապետյանը մեր իրականության Պրեոբրաժենսկին է՝ մարդ, որը ստեղծում է արժեք, որը բարեգործ է, կառուցող։
Իսկ շարիկովները բնազդաբար ատում են պրոֆեսորին։
Ատում են բոլոր նրանց, ովքեր ուտելիս ձեռքերը ոչ թե հետույքի հատվածում՝ սեփական հագուստի վրա են մաքրում, այլ անձեռոցիկ են օգտագործում։
Նրանք ատում են բոլոր նրանց, ովքեր ապրում ու շնչում են հանուն հայրենիքի։
Ատում են նրանց, ովքեր Արցախ չեն հանձնել, մի ողջ սերունդ չեն ցեղասպանել ու Հայաստանի սուվերեն տարածքները հերթով թշնամուն չեն զիջել։
«Շարիկովների» համար անհամեմատ հեշտ է Reels-ներով ծաղրել պրոֆեսորի մի վրիպակը կամ լեզվական սայթաքումը, քան երբևէ ձգվել ու հասնել նրա բարձրությանը։ Չէ՞ որ շան սիրտը չի կարող ընկալել այն վեհությունը, որը ստեղծվում է տասնամյակների տիտանական աշխատանքով և անմնացորդ նվիրումով։
Հիշու՞մ եք, թե ինչպես էր Շարիկովը պաշտոն ստանում՝ թափառող կատուներին բռնելու և խեղդելու բաժնում։ Մերօրյա Շարիկովն էլ նույնն է անում. նա «խեղդում է» ամեն հայկականը, ամեն ազգայինը, ամեն հաղթականը՝ դա անելով նույն բնազդային էնտուզիազմով, ինչ Բուլգակովի հերոսը։
Միխայիլ Աֆանասևիչը դեռ մեկ դար առաջ էր զգուշացնում՝ եթե շարիկովներին տաս մարդկային սիրտ ու իշխանություն, նրանք կդառնան ամենադաժան բռնակալները, քանի որ նրանց ներսում չկա բարոյական ոչ մի արգելակ։
Նույնն է և Reels-ային «абырвалг» արտասանողի պարագայում. նա վստահ է, որ ինքն արդեն հանճար է, քանի որ սովորել է տառերը շարել իրար հետևից, և հենց այդ պարզունակ ինքնավստահությամբ էլ փորձում է ջնջել այն ամենը, ինչն իր համար օտար է՝ Սուրբ Գիրքը, պատմությունը, Արցախն ու Մայրենին։
Սա «Շան սիրտ» է՝ առանց մարդկային խղճի և առանց հայրենիքի զգացողության։
Ապրում ենք մի իրականությունում, որտեղ Շարիկովը վիրահատարանից դուրս գալուն պես թռել ու բազմել է երկրի վարչապետի աթոռին։
ՈՒ հիմա նա, ով «Հայրենիք» բառի տակ հասկանում է միայն սեփական աթոռն ու Ալիևի գծած «կադաստրային» քարտեզները, Կապանից հեգնում է իսկական Կերտողի լեզվական սայթաքումը։
«Մայրենի լեզու. դաս առաջին»,- ազդարարում է նա։ Դե ինչ, եկեք շարունակենք այդ դասերը.
Դաս երկրորդ. Ինչպե՞ս վարժ արտասանել «Հաղթարշավ» բառը, բայց իրականում բերել պատմական պարտություն, մահ և նվաստացում։
Դաս երրորդ. Ինչպե՞ս գրել «Արցախ» բառը՝ առանց տառասխալի, բայց այն հանձնելուց ու հայաթափելուց հետո հայտարարել, որ դա ընդամենը «թակարդ» էր կամ «դժբախտ ու դժգույն» մի վայր։
Դաս չորրորդ. Ինչպե՞ս ճիշտ շեշտադրել «Արժանապատվություն» բառը, երբ դրա հետ կապված որևէ զգացում վաղուց մանրվել ու վաճառվել է Էրդողան-Ալիև զույգի շահերին համահունչ։
Սրանք են «շարիկովյան» իրական դասերը։ Սա լեզվի ուսուցում չէ, սա լեզվակռիվ է սեփական խղճի և պատմության հետ, որտեղ բառերը ծառայում են որպես շղարշ՝ իրական ավերածությունները թաքցնելու համար։
Իրականում, այս տեսանյութը ոչ թե լեզվի դաս է, այլ սեփական դատարկության ինքնախոստովանություն։ Երբ չունես ասելիք, երբ քո հետևից թողնում ես միայն ավերակներ ու գերեզմաններ, քեզ մնում է կառչել մի տառից կամ մի հնչյունից՝ փորձելով նսեմացնել նրան, ով սպառնում է ուզուրպացրած աթոռիդ։
Սամվել Կարապետյանը կարող էր սխալվել բառի մեջ, բայց նա երբեք չսխալվեց Հայի իր տեսակի մեջ։
Իսկ դուք, «պարո՛ն» Reels-աստղ, կարող եք լինել աշխարհի ամենաճարտար լեզվակը, բայց միևնույն է՝ պատմության մեջ մնալու եք որպես մարդ, ով հայերենով ձևակերպեց Արցախի դատավճիռը։
Ի դեպ, նախքան ուրիշի արտասանությունը ծաղրելը, հայելու մեջ նայեք ու փորձեք վարժ արտասանել «դավաճանություն» բառը։
Ասում են՝ դա ձեզ մոտ ամենից բնականն է ստացվում։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ