Մաս 1-ին
«Ամեն մի հոգի թող հնազանդ լինի բարձրագույն իշխանություններին, քանզի չկա իշխանություն, որ ԱՍՏԾՈՒՑ չլինի, գոյություն ունեցող իշխանություններն էլ ԱՍՏԾՈՎ են հաստատվել» (Հռոմ 13։1-2):
Մեր օրերում բազմիցս են դեպքերը, երբ շատերն իշխանության գալով սկսում աջ ու ձախ հայտարարել, թե իրենց իշխանությունը ԱՍՏԾՈՒ Կամքով է, իսկ ովքեր դեմ են իրենց՝ դեմ են ՏԻՐՈՋ Կամքին ու թող սսկվեն կամ էլ հեռանան։ Սա դասական աճպարարության օրինակ է։ Եթե Հռոմեացիների թղթի 13-ում ասված Պողոս առաքյալի խոսքերը հասկանանք հենց այնպես ինչպես շարունակ ներկայացվում է վերը նշված մարդկանց կողմից, ապա կստացվի, որ նեռի իշխանությունն էլ պետք է քրիստոնյաների կողմից ընդունվի հլու հնազանդ կերպով և օրհնությամբ՝ որպես ՏԻՐՈՋ Շորհ։
Ներկայում այդ «ամեն իշխանություն ԱՍՏԾՈՒՑ է» արտահայտությունը հաճախ վեր է ածվում քաղաքական հալածանքի ու ճնշման միջոցի։ Դրա օգնությամբ հավատացյալներին կոչ են անում կուրորեն հնազանդվել ցանկացած պետական կառույցի, անգամ, եթե դրա գործունեությունն ուղղակի հակասում է քրիստոնեական բարոյականության նորմերին։ Սակայն Նոր Կտակարանի խոր և համակողմանի վերլուծությունը բացահայտում է, որ Պողոս և Պետրոս առաքյալները խոսել են ոչ թե ցանկացած բռնատիրոջ իշխանության սրբացման մասին, այլ հանրության բարօրությանը միտված իշխանական ինստիտուտի ֆունկցիոնալ անհրաժեշտության մասին։ Բնօրինակների մանրազնին ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացությանը, որ առաքյալները նկարագրել են ոչ թե որևէ կոնկրետ իշխանավորի կամքը, այլ պետական ինստիտուտի աստվածային նշանակությունը՝ որպես այդպիսին։
Վերոնշյալ պարբերության մեջ առաքյալը ոչ մի հարցական չի թողնում այն մասին, թե ի՞նչը համարել ճշմարիտ իշխանություն, դա չթողնելով կառավարողների հայեցողությանը։ Նա տալիս է իշխանության նշանակության հստակ բացատրությունը։
Ըստ ժամանակակից մի շարք վերլուծաբանների այստեղ «իշխանություն» բառը թարգմանվել է հունարեն «Էկսուսիա» (exousia) բառից, որն ավելի ճիշտ թարգմանությամբ նշանակում է «հնարավորություն» կամ «լիազորություն»։ Ուժ և տիրապետություն նշելու համար ավելի հաճախ կիրառվում է «կրատոս» (kratos) բառը։ Պողոս առաքյալն այստեղ խոսում է ոչ թե քաղաքական որևէ ուժի մասին որպես այդպիսին, այլ իշխանության մասին որպես արդարության ինստիտուտի։ Իշխանությունն ԱՍՏԾՈՒ կողմից տրված լինելու մասին առաքյալի արտահայտության իմաստն այն է, որ իշխանությունը տրվում է արդարություն եւ հանրային կարգ ու կանոն ապահովելու համար, այլ ոչ թե արդարացնելու ներկա ցանկացած իշխանության կամայականություն, ինչպես պնդում են որոշ մեկնաբաններ։
«Քանզի իշխանավորները ահարկու են ոչ թե բարի գործերի համար, այլ չար գործերի․․․ որովհետև նա հանդիսանում է ԱՍՏԾՈՒ պաշտոնյա քեզ՝ բարի գործերի համար։ Իսկ եթե չարը գործես, վախեցի՛ր, քանզի նա զուր չի մեջքին սուր կրում՝ նա ԱՍՏԾՈՒ սպասավոր է, վրեժխնդիր՝ չարագործներին հատուցելու համար» (Հռոմեաց․ 13։3-4)։
Այստեղ ներկայացված է լեգիտիմության հստակ չափանիշը, եթե իշխանությունը ողջունում, խրախուսում է բարին և պատժում չարը՝ այն կատարում է իր կոչմամբ սահմանվածը («ԱՍՏԾՈՒ սպասավոր»)։ Իսկ եթե իշխանությունը սկսում է պատժել բարի գործերի համար և խրախուսում չարին, ապա հակառակության մեջ է մտնում ԱՍՏԾՈՒ սահմանած կարգերի հետ և դառնում չարիքի աղբյուր։
Պետրոս առաքյալը նույնպես կրկնում է նույն տրամաբանությունը, ընդգծելով, որ իշխանությանը հնազանդվելը ստրկություն չէ մարդու առջև, այլ ԱՍՏԾՈ Կամքի իրականացումն է՝ երկրային կարգուկանոնի համար․
«Այսպիսով, եղեք հնազանդ ամեն մարդկային իշխանության՝ հանուն ԱՍՏԾՈՒ․ թե թագավորին, որպես բարձրագույն հեղինակություն ունեցող մեկի, թե կառավարիչիներին, որպես նրա կողմից նշանակվածների, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ բարիք գործողներին խրախուսում» (Ա Պետրոս 2։13-14)։
Պողոս առաքյալը հետևյալում արտահայտում է ևս մի կարևոր միտք․ «Ահա թե ինչու հարկեր եք վճարում, քանզի նրանք ԱՍՏԾՈՒ սպասավորներն են՝ այդ բանին կանխապես նշանակված» (Հռոմեաց 13։6)։ Բնօրինակում՝ սպասավորները - դա «լիթուրգոյ» է (leitourgoi): Անտիկ աշխարհում այդ բառը նշանակել է քաղաքացիներ, որոնք կատարել են հանրօգուտ աշխատանք (լիթուրգիա)՝ իրենց հաշվին կամ ծառայողական պարտքից ելնելով։ Այսպիսով, իշխանավորն ըստ առաքյալի ոչ թե ստրուկների վրա իշխող տեր է, այլ հասարակական աշխատող՝ ԱՍՏԾՈՒ առջև, որը պատասխանատու է ժողովրդի բարօրության համար։ «Լիթուրգոս» տերմինը վերջնականապես կոտրում է բռնակալական «անձեռնմխելիության» մասին առասպելը։ Իշխանավորը ոչ թե ԱՍՏԾՈՒ տեղապահն է՝ օժտված իր քմահաճույքով պատժելու արտոնությամբ, այլ իր գործողությունների համար հաշվետու մի ծառայող է։ Աստվածաշնչյան տրամաբանությամբ իշխանավորն ավելի խիստ պատասխան է տալու ԱՍՏԾՈՒ առջև, քան սովորական մարդը, հատկապես այն բանի համար, թե ինչպես է նա վարվել իրեն վստահված լիազորությունները, իրավասությունները («էկսուսիա»-ները) իրականացնելիս։
Աստվածաշունչը հստակ ընդգծում է, որ, եթե մարդկային իշխանության պահանջներն ուղիղ հակասության մեջ են մտնում ԱՍՏԾՈ Պատվիրանների հետ, ապա քրիստոնյան պարտավոր է ընտրել ԱՍՏԾՈՒՆ։ Դա ուղղակիորեն նշված է Գործք Առաքելոցում․
«Պատասխան տվեցին Պետրոսն ու առաքյալները և ասացին․ - Պետք է առավել ԱՍՏԾՈՒՆ հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։29)։
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ «Չկա իշխանություն, որ ԱՍՏԾՈՒՑ չլինի» արտահայտությունը Նոր Կտակարանյան համատեքստում նշանակում է․ «ԱՍՏՎԱԾ թույլատրել է իշխանության ինստիտուտի գոյությունը հանուն արդարության պաշտպանության»։ Քրիստոնյաները պետք է հարգեն օրենքները և հասարակական կարգը, քանի որ դա անհրաժեշտ է հանրային կյանքի համար։ Բայց բռնատիրությունը սրբացնելը Սուրբգրության այլափոխություն է։ Եթե իշխանությունը վերափոխվում է չարի գործիքի, այն դադարում է «ԱՍՏԾՈՒ սպասավորություն» հանդիսանալ և ենթակա է հասարակության քննադատությանը, պարսավանքին և անհնազանդությանը։
Ցանկացած իշխանական ռեժիմին հնազանդության բացարձականացումը՝ աստվածաբանական ձեռնածություն է։ Մենք կոչված ենք լինելու բարեպաշտ քաղաքացիներ և իրավունք չունենք չարին համագործակից լինել, ինչ հոգևոր և կրոնական հիմնավորումով էլ մեզ դրան դրդեն։
Համաձայն Ավետարանի խոսքերի․ «պետք է առավել ԱՍՏԾՈՒՆ հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։29) բխում է, որ պետք է լսել և կատարել այն ամենը, ինչ որ չի հակասում ԱՍՏԾՈՒ օրենքին, իսկ հակառակ դեպքերում ճիշտ է չենթարկվելը։ Այդպես էին գործում սուրբ նահատակները, մարտիրոսները։ Ամբարիշտ իշխանությունները նրանց կարգադրում էին հող փորել՝ փորում էին, քարեր կրել՝ կրում էին, բանտ ու աքսոր գնալ՝ գնում էին, գլուխ խոնարհել սրի առջև՝ խոնարհում էին, խլում էին նրանցից ողջ ունեցվածքը՝ տալիս էին և այլ հրամաններ էին կատարում, որոնք ԱՍՏԾՈՒ Օրենքին հակառակ չէին։ Բայց երբ նրանց պարտադրվում էր հրաժարվել ՀԻՍՈՒՍԻՑ և կատարել այլ աստվածուրաց գործեր, նրանք չէին ենթարկվում։ Այդպես է պետք գործել նաև մեր օրերում։ Երբ ղեկավարը կարգադրում է կատարել զանազան աշխատանքներ՝ պետք է ենթարկվել, կարգադրում է անարդարություն և անօրինություն անել՝ գողանալ, ստել, վիրավորել և այլն, արդար է չենթարկվելն ու չլսելը։ Կսպառնա պատժել՝ մի՛ վախեցիր։
«Մի՛ վախեցեք նրանցից, որոնք միայն մարմինն են սպանում, իսկ հոգին չեն կարող սպանել, այլ վախեցե՛ք ՆՐԱՆԻՑ, ՈՎ կարող է և՛ մարմինը և՛ հոգին կործանել գեհենում» (Մատթ 10։28)։
Ով զոհաբերում է կյանքը հանուն արդարության, այն ձեռք կբերի ապագայում։ Եթե հնազանդվել է պետք ամեն իշխանության, դա նշանակում է, որ պետք է հնազանդորեն կատարել այդ իշխանությունների ամեն հրաման, օրենքի պահանջ, կարգադրություն։ Բերենք մի շարք օրինակներ, երբ ԱՍՏԾՈՒ հավատացյալ մարդիկ ու ժողովուրդները չհնազանդվեցին իրենց իշխանություններին.
1. Մովսեսը չհնազանդվեց փարավոնի իշխանությանը,
2. Դավիթը չհնազանդվեց Սավուղին,
3. Վարդանանք չհնազանդվեցին Հազկերտին ու կռվելով նահատակվեցին, նրանց հետնորդները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարունակեցին պայքարը և հաղթանակով հասան իրենց հայրերի սկսած արդար պայքարի նպատակին,
4. Հովհաննես Մկրտիչը` Հերովդեսին,
5. Երեք մանուկները` Նաբուգոդոնոսորին,
6. Մովսեսի ծնողները` փարավոնի հրամանին,
7․ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը՝ Հերովդեսին,
8. Գրիգոր լուսավորիչը՝ Տրդատին,
9. Առաքյալները` հոգևոր և աշխարհիկ տարբեր պետությունների և իշխանությունների պահանջներին,
10. Քրիստոնեական Եկեղեցու անհաշիվ նահատակ սրբեր` իրենց ժամանակի իշխանություններին,
11. Բազում նվիրյալներ, որոնք չհնազանդվեցին ֆաշիստական և բոլշևիկյան բռնատիրական իշխանություններին,
12. Առաջին դարերի անհաշիվ քրիստոնյաներ, որոնք չենթարկվեցին հռոմեական, պարթևական և այլ կայսրությունների հրամաններին, կարգադրություններին ու օրենքներին և շատերը նահատակվեցին։
Արդյո՞ք վերջին ժամանակների մարդիկ և առավել ևս քրիստոնյաները հլու հնազանդ պետք է հպատակվեն նեռի գալիք իշխանությանը` հայտարարելով, թե դա էլ է ԱՍՏԾՈՒՑ։ Չէ՞ որ ինչպես Հայտնության Գրքում է նշված Ենոքն ու Եղիան էլ չեն հնազանդվելու այդ իշխանությանը։
Մարդկության և հատկապես հայության ողջ պատմությունը հարուստ է անօրեն իշխանություններին չհնազանդվելու բազում օրինակներով։
Մի՞թե պետք է մեր նախնիները հնազանդվեին պարսից արքա Հազկերտին և հրաժարվեին մեր Քրիստոնեական հավատից՝ հանուն ամեն իշխանության հնազանդվելու սխալ գիտակցության, չէ ՞ որ այդ ժամանակ հայաստանի փաստացի իշխանավորը մարզպան Վասակ Սյունին էր, որն էլ կատարում էր Հազկերտի կարգադրությունները։ Այսօր էլ ունենք ներկայիս վասակը՝ հանձինս մի ճղճղանի, որը փորձում է իրականացնել ժամանակակից հազկերտների ծրագրերը մեր երկրում և եկեղեցում։ Ըստ նրանցից եկող հրահանգների պետք է ամբողջովին հրաժարվենք մեր պատմությունից, անցյալից, նահատակ նախնիների հիշատակից, ազգությունից, Անիից, Արարատից, Վանից, Ավարայրից, Մաշտոցից, Խորենացուց, Տիգրանից, Աբգարից, Տրդատից, մեր ինքնությունից, հավատից և սուս ու փուս ծվարենք ոխերիմ ու արյունարբու բարեկամների կողմից «մեծահոգաբար» մեզ թողնված իրենց ստվերում։ Եվ անասունների նման մեզ ապահով կզգանք և իրենց սեղանից ընկած մնացորդները որոճալով գոյություն քարշ կտանք։ Սա՞ է եղել մեր ու ձեր, մեր ծնողների, պապերի ու բոլոր նախնիների երազանքը։ Վա՜յ մե՛զ։
(շարունակելի)
«Միաբանություն վասն ապաշխարության»