Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Արշալույս. զինվորների հարսնացուն

Արշալույս. զինվորների հարսնացուն
10.05.2026 | 12:52

Կրասնոդարի երկրամասի Գորյաչիե Կլյուչի քաղաքում, Հավերժական կրակի կողքին, վեր է խոյացել հայուհի Արշալույս Խանջյանի սխրանքը հավերժացնող հուշարձանը:

Թախծոտ, շագանակագույն աչքերով նիհարակազմ կինը՝ Արշալույս Խանջյանն իր կյանքի շուրջ կես դարը նվիրաբերել է իր իսկ ձեռքերում մահացած զինվորների գերեզմանների խնամքին: 1942 թվականին, հայտնվելով ռազմաճակատում, նա շաբաթներով խնամել է վիրավորներին, քաջալերել ջերմ խոսքերով: Այն ժամանակ էլ երդվել է՝ չթողնել մարտիկներին անգամ նրանց մահից հետո: Մերժել է ամուսնության առաջարկները, հրաժարվել բնակվել հարմարավետ բնակարանում:

Հերոսուհու մահվանից քիչ առաջ՝ 1997 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան ճանաչել է «Տարվա կին»:

2025-ի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գորյաչիե Կլյուչի քաղաքում վեր է խոյացել նրա հիշատակը հավերժացնող բրոնզե մի արձան՝ խոցված սաղավարտի մոտ նստած ալեհեր կին: Հուշարձանի համար 8 տարի գումար է հավաքել ամբողջ երկրամասը: «Վերադարձիր, դու դեռ պետք է շատ բարի գործեր կատարես»,- փորագրված է արձանի պատվանդանին:

Արշալույս Խանջյանը Մեծ եղեռնի ականատես է: Նրա հայրը կնոջ և 12 երեխաների հետ փրկվել է կոտորածներից և փախել Կուբան՝ ապաստան գտնելով Պոդնավիսլա ավանում: Հայկական այս մեծ ընտանիքն այստեղ ստանում է մի փոքրիկ հողակտոր, որը վերածում է խնձորուտի:

Արշալույս Խանջյանը ճշմարիտ հավատացյալ էր և հետևում էր Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատվիրաններին:

1942 թվականին ֆաշիստական զորքերը գրավում են ամբողջ Կրասնոդարի երկրամասը և պատրաստվում գրոհել Նովոռոսիյսկի վրա: Քաղաքի պաշտպանությունը հանձնարարվել է գնդապետ Բորիս Արշինցևի հրամանատարությամբ գործող 30-րդ Յակուտյան դիվիզիային: Վճռորոշ մարտերի ժամանակ Խանջյանների տուն են բերում վիրավորների, մյուս օրերին էլի և էլի: Տունը դառնում է բուժկետ, իսկ 28-ամյա Արշալույսը՝ ակամայից բուժքույր: Նա քաջալերում էր վիրավորներին, հույս տալիս, խոստանում ամուսնանալ նրանցից յուրաքանչյուրի հետ, միայն թե չհանձնվեն, ողջ մնան: Քանի՜ քանիսի համար նա դարձել էր վերջին հարսնացուն… Ռազմական այդ թոհուբոհի մեջ Արշալույսը երդվում է հավերժ մնալ մահացող մարտիկների հետ, չթողնել նրանց աճյունները: Եվ երդումը կատարում է…

-Մեղք է անտարբեր վիրավոր զինվորի կողքով անցնելը, մահացածի աչքերը չփակելը, – ասում էր Արշալույսը:

Պոդնավիսլա ավանում այսօր կան բազմաթիվ եղբայրական գերեզմաններ, որտեղ հավերժական քնով ննջում են շուրջ 550 մարտիկներ: Երբ ռազմաճակատը նահանջում է՝ Արշալույսը սկսում է խնամել նրանց գերեզմանները: Եվ միայն 1980-ականներին պետական կառույցներն իմանում են Արշալույսի և այդ գերեզմանների մասին: 55 տարի զրկանքներ կրելով՝ առանց ջրի և լույսի, առանց տարրական պայմանների նա մնացել է այստեղ՝ խնամելով գերեզմանները:

Նրա մասին իմանում են պատահաբար, երբ այդ տարածքներում սկսվում է ավտոճանապարհի կառուցումը: Եվ այդ վտիտ կինն ընդդիմանում է ճանապարհաշինարարներին՝ չթողնելով, որ ճանապարհ կառուցեն զինվորական գերեզմանոցի վրա: Տեղի չի տալիս սպառնալիքներին և ոչ էլ գայթակղվում է հարմարավետ բնակարան տեղափոխվելու առաջարկով: Գերեզմաններին մոտեցող շինարարական տեխնիկան 70-ամյա Արշալույսը դիմավորել է ինքնաձիգը ձեռքին: Միայն այս արտառոց դեպքից հետո են շրջանային կոմիտեի պաշտոնյանների ուշադրության առարկա դառնում եղբայրական գերեզմանները:

1998 թվականի փետրվարին Արշալույս Խանջյանին, որ երբևէ քաղաքում չէր ապրել, շնորհվում է Գորյաչիե Կլյուչիի պատվավոր քաղաքացու կոչում: Անձնուրաց հայուհին սակայն իր մահկանացուն կնքում է պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու վեցերորդ օրը՝ միանալով իր այն զինվորներին, որոնց հավատարմության երդում էր տվել: Իսկ նրա մահվան 40-րդ օրը Մոսկվայից տեղ է հասնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Տարվա կին» դիպլոմը:

Արշալույս Խանջյանին հավերժացնող արձանի հեղինակը Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Ժդանովն է: 500 կիլոգրամանոց հուշարձանը տեղ է գտել քաղաքի Հավերժական կրակի կողքին:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ