Սիրելի արևելամետներ:
Սիրելի արևմտամետներ:
Սիրելի Հայեր:
Մեծ հաշվով, ես դեմ չեմ ձեր հակումներին։ Դուք ազատ եք ձեր նախասիրություններում, և առողջ պետական համակարգ ունենալու դեպքում, հասարակության քաղաքական նախասիրությունները, այսպես թե այնպես, ջուր կլցնեին ընդհանուր պետական ջրաղացին, այն պետության, որը հստակ է պատկերացնում աշխարհաքաղաքական իր տեղը և դերը՝ տարածության և ժամանակի մեջ։ Ուղղակի, բանը նրանումն է, որ մենք, պարտության, հայրենադավության, պետության ղեկավարի ու նրա քաղաքական թիմի՝ պատվի ու պատվախնդրության վերաբերյալ պատկերացումները մեր ազգային նկարագրին չհամապատասխանելու ու բազմաթիվ այլ պատճառներով՝ իրական ոչնչացման ճանապարհին ենք կանգնած, և թուրք-ադրբեջանական տանդեմը՝ երախը բացած, սպասում է կուլ տալու, սակայն, քանի դեռ պատրաստ չէ ի չիք դարձնելու Հայաստանի՝ հնարավոր նոր բնաջնջումի քաղաքական հետևանքները, դա անելու է փաշինյանական գործիքախմբի միջոցով, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր երակին միացված Էֆթանազիայի՝ «թավշյա հեղափոխություն» կոչվող ասեղ։
Մենք յուրահատուկ թակարդում ենք։ Եվ այդ թակարդում հայտնվել ենք այդ «թավշյա հեղափոխության» բերած ներքին երկպառակության պատճառով։ Մեզ ներսից են քայքայում այնպես, որ կարելի է գնալ Հայաստանի ամենաամուր տարածաշրջաններից մեկը՝ Սյունիք, այնտեղ հայտարարել, թե Արցախը ընդամենը բնակավայր էր և մերը չէր, ու մարսել սա։ Հինգ տարի առաջ դա անհնար կլիներ, և այդ ճառասացին բարոյապես կոչնչացնեին մարդիկ։ Մենք արդեն դադարում ենք Հայ լինել։ Մենք դադարում ենք ժայռի պես ամուր քարափ լինել ու դիմակայել ալիքներին։ Մեզ ոչնչացնողը մեզանից մեկն է, ով զուրկ է հայկական պատվախնդրությունից, ով զոհի անվտանգության երաշխավոր տեսնում է նրան հայրենազրկողին։
Սակայն, ամեն ինչ պիտի անենք, որ թուրք-ադրբեջանական թակարդից խուսափելու դեպքում, չդառնանք մանրադրամ ռուսական տարածքային ախորժակների ու փոխանակումների մի նոր թակարդում։ Իսկ դրա համար ուժեղ արմատական Հայկական իշխանություններ են պետք։ Նրանք, ովքեր գալիս են այս հայրենադավության վերջը դնելու, պատրաստ պիտի լինեն ամեն ինչ կորցնելու, ունեցվածքից մինչև կյանք, սակայն կայացնելու մի նոր սուվերենություն՝ իսկական ու համաշխարհային։
Այո, համաշխարհային, որովհետև մենք մեր մաքսիմալիստական ու համամարդկային էությամբ հայտնվել ենք այնպիսի ծանծաղության մեջ, որտեղ մեծ նավեր չեն լողում, մեր շունչն էլ կտրվում է։ Սփյուռքի ու Հայաստանի մի նոր, որակական միավորմամբ է որ կկարողանանք դերակատար լինել, համաշխարհային պրոցեսներին մասնակցել, բազմագլուխ, բազմակենտրոն Վիշապի նման անխոցելի դառնալ, սակայն գործել «Հիմնարար Հայակենտրոնության» սկզբունքներով։
Իմ գրառումների նպատակը Հայաստանի փրկությունն է, այսինքն, նաև՝ այսօրվա ընտրությունները, սակայն ես այդ ճանապարհը հստակ դիտարկում եմ նաև ռազմավարակն տեսանկյունից։ Չի կարելի կատարել քայլեր, որոնք մաս չեն կազմում մեծ ճանապարհի, իսկ այդ մեծ ճանապարհը քննարկումների կարիք ունի։
Դավիթ Վանյան
Լուսանկարը՝ Vardan Petrosyan-ի