Ինչ կարող էր Մայա Անջելոուն սովորեցնել հայ ժողովրդին
Ամերիկացի մեծ բանաստեղծուհին ասում էր. «Երբ ինչ-որ մեկը ցույց է տալիս ձեզ, թե ով է ինքը, հավատացեք նրան առաջին իսկ անգամից։ Նա իրեն շատ ավելի լավ գիտի, քան դուք»։
Կյանքի փորձը ցույց է տալիս, որ մարդը չի փոխվում, իսկ եթե փոխվում էլ է, ապա միայն դեպի վատը։ Եվ երբ մարդը ցույց է տալիս ձեզ, թե ով է ինքը, պետք չէ աչք փակել դրա վրա։ Պետք է հավատալ նրան։
Կյանքը ցույց է տալիս, որ նա, ով դավաճանել է մեկ անգամ, կդավաճանի նաև երկրորդ անգամ։ Ով գողացել է մեկ անգամ, կգողանա նաև երկրորդ անգամ։ Իսկ նա, ով ստել է մեկ անգամ, կստի նաև մյուս անգամ։
Իսկ նա, ով ստել է իր ժողովրդին և դավաճանել իր ժողովրդին արդեն շատ ու շատ անգամներ, շարունակելու է նույն ոգով։ Հիշեցի նրա խոստումներն Արցախի բնակչությանը. «Ես լինելու եմ բոլոր հայերի վարչապետը, ներառյալ՝ արցախցիների»։ «Թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացում Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար»։ «Խաղաղ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդներին»... Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա դա խոստանում արցախցիներին և ի՞նչ է ասում հիմա։ Որ նրանք մեր վզի պարա՞նն են։
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էին նա և իր թիմակիցներն ասում. «Երբեք Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Միջանցք չի լինելու»։ Իսկ հիմա ամեն օր թե՛ Թուրքիան, և թե՛ Ադրբեջանն ասում են, որ դա հենց Զանգեզուրի միջանցքն է, և որ այն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի։ Իսկ այս ռեժիմը շարունակում է ստել, թե իբր երբ ձեր տարածքի 74%-ը պատկանում է այլ երկրի՝ դա միջանցք չէ, այլ ինքնիշխանության պահպանում։ Խաբեցին մեզ բոլորիս երկրորդ անգամ։
Երրորդ անգամ մեզ խաբեցին անկլավների հարցում։ Խոստանում էին, որ Արցախը հանձնելուց հետո մեզնից այլևս ոչինչ չեն պահանջի, և որ ժամանակակից Հայաստանի տարածքը կլինի անձեռնմխելի։ Իսկ հետո՝ հանձնեց չորս անկլավ։ Իսկ հիմա՝ ևս չորսը։
Այսպիսով։ Երբ դուք լսում եք այս մարդու հիստերիկ ճիչերն ու հավաստիացումները, հիշե՛ք այն բոլոր խոստումների մասին, որոնք նա տվել և խախտել է 2018 թվականին։ Հիշե՛ք, թե քանի անգամ է նա մեզ խաբել։
Որովհետև այն նույն տիպը, ով խաղաղություն ու անվտանգություն էր խոստանում արցախցիներին, իսկ հետո «քցեց» նրանց, այսօր խաղաղություն ու անվտանգություն է խոստանում ՁԵԶ։ Եվ նա, ով «քցեց» արցախցիներին, վաղը «կքցի» ՁԵԶ։
Իսկ երբ դուք նրան հարցնեք՝ ինչպե՞ս թե, բա ո՞ւր են նրա խոստումները, նա կպատասխանի այնպես, ինչպես պատասխանում է արցախցիներին. «Դե, այն ժամանակ ես այդպես էի մտածում, ես սխալվում էի։ Հիմա ԴՈՒՔ եք դարձել պարան իմ վզին»։
Ով ստել ու դավաճանել է արցախցիներին, կստի ու կդավաճանի նաև ձեզ։ Սա կյանքի օրենք է, որը հաստատվում է ամեն օր։
Արթուր Խաչիկյան