(լյումպեն-միապետի վերելքը և «չուլանային» վախերի սիմֆոնիան)
1․ Ինքնախոսություն՝ տգիտության տոնավաճառի շեմին
- Քարոզարշա՞վ...
- Ճիշտը լռելն է, որպեսզի չպղծենք քաղաքական տերմինները։
- ՈՒրեմն ինչպե՞ս անվանենք գործընթացը։
- «Բազարային բալագան»՝ հագեցած փողոցային էսթետիկայով։
Գավառական ցուցք, ուր ներքին վախերն ու սպառնալիքները միահյուսվել-դարձել են նյարդեր կրծող լիրբ-ճղճղոց։
- Արդյո՞ք գույները խտացված չեն։
- Գույն չկա։ Կա «դժբախտ, դժգույն» դատարկություն։ Եթե կասկածում եք՝ «պետական» կոչված խոսքի որակն ու բովանդակությունն անցկացրեք սեփական պրիզմայով։ Խնդրեմ, «վայելեք»։
2․ «Քիթ ու մռութի» սիմֆոնիա. «Արև-արքան»՝ նվազագույն զամբյուղով
«Հիմա ուժեր կան էկել ե՜ն ասում ե՜ն՝ կապ չունի ասում են, մենք ըլնելու ենք վարչապետ։ Մենք ըլնելու ենք վարչապետ։
Գլուխդ պա՛-տի՛ն ես տալու։ Գլուխդ պա՛-տի՛ն ես տալու։
Դու ո՞վ ես, արա, որ որոշես վարչապետ ես։
Դու ո՞վ ես։ Ընդհանրապես ձեր, ձեր էդ խմբակը դուք ո՞վ եք, ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, ա՛յ․․․
Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա։
Դուք քանի քաղաքացու էրես եք տեսել ընդհանրապես։
Ձեզ թվում ա, թե սրսն-նրան 5 հազար դրամ բաժանելով դուք քաղաքացուն կարաք առնե՞ք։ Գլուխներդ պա՛-տո՛վ եք տվե։
Ով որ կմտածի ՀՀ քաղաքացուն կարա առնի իրա քիթ ու մռութը ջարդվելու ա ՀՀ քաղաքացու․․․ պատին ա հագնելու իրանց քիթ ու մռութը։
Իրանց ոտերն ա ջարդվելու ՀՀ քաղաքացու պա՛-տի՛ն են հագնելու։
Էդ ո՞վ ա ձեզ հավատացրել, որ դուք կարող եք Հայաստանում գաք դվիժենի անեք»։
3․ «Արա՛»-ն՝ որպես հայելային ախտորոշում. պատը՝ որպես աշխարհագրական շառավիղ
Եթե ձեր պրիզման դեռևս ճաք չի տվել լիրբ-հիստերիայի խլացնող դեցիբելներից, ապա կհամաձայնեք՝ էժան մասովկային մասնակից ականջներին հրամցվածը ոչ թե լեզվական աղետ է, այլ արժեքային դատարկություն կամ ինչպես ասում են՝ ունայնություն ունայնությանց։
Հավասարակշռված խոսք ասող պետական գործչի փոխարեն, ասպարեզ է մտել փողոցի միջին վիճակագրական խուլիգանը, որը հայտնվել է իրեն անհարիր միջավայրում ու փորձում է բղավելով լռեցնել սեփական վախերը։
«Դու ո՞վ ես, արա»-ն այս ելույթի առանցքն է, որը ոչ թե հարց է, այլ ախտորոշում։ Երբ կոկորդը պատռելով դիմում է «արա՛»-յին, իրականում հայելու հետ է խոսում։
Սա երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ ռուլետկա խաղացող արկածախնդրի տագնապն է, որն ութ տարի անց էլ չի հավատում իր վարչապետությանը և ամեն օր ստիպված է «արա»-ներով ու սպառնալիքներով ապացուցելու սեփական անիմաստ գոյությունը կառավարության միջանցքներում։
Սրան թվում է՝ որքան շատ «քիթ ու մռութ ջարդի պատերին»․․․ բառերով, այնքան ավելի լեգիտիմ կդարձնի իր զավթած աթոռը։
Եվ անընդհատ վահան է դարձնում «ՀՀ քաղաքացուն»՝ փորձելով սեփական «քիթ ու մռութը» նույնացնել պետականության և ժողովրդի դիմագծի հետ։
Ցուցադրվում է պոպուլիզմի ամենաստոր տեսակը, երբ սեփական աթոռի կլանային կռիվը փաթեթավորվում է որպես «ժողովրդի կամքի» պաշտպանություն։
Նա քաղաքացուն դիտարկում է ոչ թե որպես արժեք, այլ որպես քաղաքական պատանդ, ում թիկունքում կարելի է թաքնվել սեփական ոչնչությունը քողարկելու համար։
Ճիշտ և ճիշտ «Լյուդովիկոսյան» բարդույթի հերթական դրսևորում. եթե ես չկամ, ուրեմն չկա քաղաքացին, եթե ինձ հարվածում են, ուրեմն հարվածում են ժողովրդին։
Նման նույնացումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական սրբապղծություն, որտեղ պետության բարձրագույն շահը ստորադասվում է մեկ անձի հիստերիկ ինքնապահպանման բնազդին։
«Հայաստանում մի որոշող կա» արտահայտությունը մատնում է սրա միապետական բարդույթը։ Սույն թշվառականը փորձում է մարմնավորել «Լյուդովիկոս XIV-ի սինդրոմը»՝ հանրահայտ «Պետությունը ես եմ» բանաձևով։
Սակայն եթե Արև-արքայի դեպքում դա բացարձակ միապետության կայսերական շքեղություն էր, ապա սրա պարագայում՝ գավառական բռնապետիկի զավեշտալի ճղճղոց է։
Սույնը Լյուդովիկոսի հայկական՝ «նվազագույն զամբյուղով» տարբերակն է, որտեղ «Պետությունը ես եմ»-ը հնչում է ոչ թե Վերսալի հայելապատ դահլիճներում, այլ փողոցային բալագանի բեմից՝ ուղեկցվելով «քիթ ու մռութ ջարդելու» մակարդակի հռետորաբանությամբ։
Նա պետությունը չի կառավարում, նա պետությունը սեփականաշնորհել է իր վախերի ու ամբիցիաների շրջանակում՝ կարծելով, թե վարչապետի աթոռն իրեն իրավունք է տալիս լինելու ճակատագրի միանձնյա տնօրինողը։
Հենց սեփական վախից է սպառնում մրցակիցների «քիթ-մռութը հագցնել պատին»։ Սա այն մարդու կուրությունն է, ով պարզապես չի պատկերացնում՝ ո՞նց կարող է որևէ մեկը կասկածի տակ դնել իր «վարչապետությունը» կամ իր բացարձակությունը։
Դասական «չտեսի» վերելք, որը սարսափում է վերադառնալ իր նախկին՝ «չուլանային» կարգավիճակին։
ՈՒ այնքան մեծ է սարսափը, որ պատրաստ է ամեն ինչ փլուզել, միայն թե նորից չհայտնվի այնտեղ, որտեղից դուրս է եկել։
Եվ քանի որ բանականությունը վաղուց տեղի է տվել, որպես «փաստարկ» ու «հենարան» մնացել է միայն մոտակա պատը, որին սպառնում է հագցնել բոլորին։ Պետական գործչի վերջն է՝ երբ բանականության փոխարեն սկսում է սպառնալ պատը։
Եթե նախկինում պետական այրերը խոսում էին հորիզոնների, ռազմավարական բարձունքների և ապագայի կառուցման մասին, ապա մերօրյա «որոշողի» աշխարհագրական շառավիղը սկսվում և ավարտվում է մոտակա պատով։
Թերևս նրա միակ իրական ձեռքբերումն է՝ Հայաստանը վերածել հսկայական «լացի պատի», որին երազում է «հագցնել» բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ունենալ սեփական գլուխ՝ պատին տալու փոխարեն։
Նա խոսում է քաղաքացու «էրեսի» մասին՝ մոռանալով, որ հենց ինքն է այդ «էրեսից» մեթոդաբար ջնջել ժպիտը, հույսն ու ազգային արժանապատվությունը՝ փոխարենը թողնելով միայն անորոշության դառնությունը։ Նրա «պետականամետ» ընկալման մեջ քաղաքացին վաղուց դադարել է սուբյեկտ լինելուց, դարձել է ընդամենը «պատ», որի վրա կարելի է անպատիժ «քիթ ու մռութ ջարդել»։
Որքա՜ն «նրբագեղ» է այս հիստերիկ հոգատարությունը սեփական ժողովրդի հանդեպ և «վաստակավոր» գռեհկաբանին որքա՜ն հարիր զառանցանք, որ վախի բացարձակ հաղթանակն է «ավետում» բանականության նկատմամբ։
Երբ երկրի ղեկավարը սկսում է սպառնալ ոտքեր ջարդելով, նա ոչ թե ուժ է ցուցադրում, այլ ընդամենը հանրայնացնում է սեփական մղձավանջը։
Մեջբերվածը վարչապետի ելույթ չէ, այլ անկյուն քշվածի ինքնախոստովանություն, ում ձեռքերն արդեն դողում են վախից։ Նա գիտակցում է, որ իր «դվիժենիները» պատմության մեջ ավարտվելու են ոչ թե հաղթարշավով, այլ հենց այն նույն պատին բախվելով, որին այդքան համառորեն փորձում է «հագցնել» ուրիշներին։
4․ Մտավորականի կապիտուլյացիան. Նարեկացուց մինչև «իշխանական կերաման»
«Ամենատպավորիչը», սակայն, ոչ թե բալագանի գլխավոր ճղճղացողն է, այլ նրա կողքին կանգնած «էլիտար» լռակյացները։ Նրանք, ովքեր գլուխները կախ, երբեմն էլ հիացական ժպիտով, լսում են «արա»-ներն ու «քիթ-մռութ» ջարդելու սպառնալիքները։
Ինչո՞վ կլինիկա չէ. մարդիկ ծափահարում են այն պատին, որին վաղը հենց իրենց են «հագցնելու»։
Նրանց լռությունը ոչ թե համաձայնություն է, այլ բարոյական կուրացում՝ հանուն ինչ-որ փշրանքի։
Սրանք են ստեղծում այն պատրանքը, թե գռեհկությունը հաղթարշավ է։
Ստացվում է յուրահատուկ «դուետ». մեկը կոկորդն է պատռում՝ ապացուցելով իր լկտիությունը, մյուսները՝ ափերն են շրխկացնում՝ հաստատելով իրենց ոչնչությունը։ Երբ բեմից հնչում է «Դու ո՞վ ես, արա», սրանք ծափ են տալիս՝ երևի ներքուստ ուրախանալով, որ «արա»-ն իրենց չի ուղղված։
Եվ այս մարդկանց շարքերում կան «մշակութային» համարվող դեմքեր, ովքեր ժամանակին գուցե Նարեկացի էին մեջբերում կամ Թումանյանի վեհությամբ հարբում։ Այսօր նրանք, հայացքները խոնարհած, սրտի թրթիռով ունկնդրում են «քիթ ու մռութի» գռեհիկ սիմֆոնիան՝ բարձր արվեստը փոխարինելով քաղաքական ռաբիսի ու փողոցային մսաղացի գեղագիտությամբ։
Դաժան պատկեր է՝ մտավորականի վերջնական կապիտուլյացիա ստամոքսի ու վախի առջև։ Նրանք իրենց ներսի Թումանյանին վաղուց փոխարինել են իշխանական կերամանով՝ սուսուփուս մարսելով «պատին հագցնելու» սինդրոմը՝ որպես քաղաքական նոր «էթիկա»։
Որքա՜ն անարգված պետք է լինի սեփական կենսագրությունդ, որ Չարենցից ու դասականությունից հետո ծափահարես «արա»-ներով համեմված ինչ-որ գռեհկախաղի։
Խոստովանենք՝ արձանագրվածը շատ ավելի մեծ ողբերգություն է, քան ոմն «որոշողի» անսանձ տգիտությունը։
Կամավոր ու գիտակցված անկում է, երբ անհատը սեփական ձեռքերով սպանում է իր ներսի քաղաքացուն՝ նախընտրելով վերածվել «վարչապետական» բալագանի անձնական օգտագործման ծափահարողի։
Բայց պատմությունը դաժան հիշողություն ունի, իսկ պատը, որով այսօր սպառնում են ողջամտությանը, ի վերջո, ոչ մեկին չի խնայելու։ Երբ գա պատմության պատին բախվելու անխուսափելի պահը, հավասարապես ջարդվելու են թե՛ ճղճղացողի սնամեջ լկտիությունը և թե՛ ծափահարողների խուլ ու համր մեղսակցությունը։
Այդժամ փոշու և ունայնության մեջ հնչելու է միակ գլխավոր հարցը, որն արդեն տալու է ոչ թե ամբոխը, այլ ժամանակը. «Իսկ դուք ո՞վ էիք, արա՛, երբ մեր Հայրենիքը վերածում էիք խուժան բալագանի»։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ