Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

«Հակասնկային քարոզարշավ»

«Հակասնկային քարոզարշավ»
11.05.2026 | 10:58

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմն էր այլ ընկալումներով և Վեհափառի և Սամվել Կարապետյանի հանդիպումը, որտեղ կար պատմություն, մարդկայինություն, սպասված էր և նույնիսկ անձայն ամեն բան պարզ:

Այսքանով լավը ցավոք ավարտվեց:

Հիմա մի քիչ ցնցեմ բոլորին:

Վերջին երեք քարոզչական օրերը թույլ տվեցին որոշակի պատկերացում կազմել նախընտրական տնային աշխատանքի և ստրատեգիաների մասին: Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել։ Զգացվում է, որ իշխանության ցածր որակն ու չափանիշը ազդել է նաև նրա դեմ պայքարողների ցենզի վրա:

Ու խնդիրը նույնիսկ ստրատեգիան չէ միայն կամ առանձին սխալները։ Խնդիրը՝ ամբողջ մթնոլորտն է։

Քարոզարշավների մեծ մասը կառուցված է ոչ թե քաղաքական ներգործության, այլ քաղաքական իներցիայի վրա։ Շեշտում եմ, ոչ թե ներգործության այլ իներցիայի: Կարծես ինչ-որ պահից բոլորը որոշել են, որ բավական է պարզապես առաջադրվել և առաջարկվել , լինել հարթակում, կադրում, ունենալ հայրենասիրական խրոխտ երաժշտություն (իմիջիայլոց բոլորը թերի են), մի քանի կարգախոս, մի քանի երթ, մի քանի հանդիպումների շարք, մի քանի քաղաքական գնահատականներ, որոնք հայտնի են բոլորին շատ վաղուց ու դա արդեն «քարոզարշավ» է։

Բայց իրական քաղաքական հաղորդակցությունը էլ չասեմ քարոզչությունը այն էլ նախընտրական փուլում այդպես չի աշխատում։ Քաղաքականությունը՝ այն էլ նախընտրական քարոզարշավում առաջին հերթին շահերի, հոգեբանական և մշակութային ազդեցության տարածք է։ Այն մարդու ներսում պետք է առաջացնի զգացողություն, տրամադրություն, մասնակցության ցանկություն, նույնականացում, շահերի բավարարում, սպասում, լարում, կարոտ, թրենդից դուրս չմնալու ձգտում, երբեմն նույնիսկ ներքին կոնֆլիկտ։

Իսկ այսօր տեսնում ենք գրեթե լրիվ հակառակը։ Չկա մեծ գաղափարի զգացողություն, չկա քաղաքական դրամատուրգիա, չկա ընտրության պատմություն, չկա պայքարի մթնոլորտ, չկա ապագայի՝ ոչ փրկչական, ոչ էլ գայթակղիչ պատկեր կամ քաղաքական հաշվարկելիություն։ Վերջապես չկա այն հոգեբանական և քաղաքական էներգիան, որը մարդուն ստիպում է մտածել՝ «էս ընտրությունը նաև իմ մասին է, ես պետք եմ, ես պետք է լինեմ»:

Փոխարենը կա չափազանց ստերիլ, չափազանց հաշվարկված, չափազանց տեխնիկական միջավայր, որտեղ ամեն ինչ հիշեցնում է ոչ թե կենդանի քաղաքական գործընթաց, այլ PR բաժնի կողմից կազմված մեխանիկական ժամանակացույց։

Նույն , ֆոները, գույները, երաժշտական լուծումները, ռիթմը, կադրային լեզուն, խոսույթն ու բառապաշարը։ Բարդ ու ծանր ինձ համար և շատ շատերի համար գաղափարախոսական ու քաղաքական շերտերը էլ չասեմ: Էս գրառման մեջ չասեմ:

Արդյունքում մեծ է հավանականությունը, որ առաջանալու է տեղում դոփելու վտանգ և քաղաքական հոգնածություն և դա է ինձ մտահոգում: Իսկ քաղաքական հոգնածությունը ցանկացած քարոզարշավի ամենավտանգավոր թշնամին է։ Ինչու՞, որովհետև ընտրողը պարտադիր չէ, որ քեզ մերժի։ Բավական է, որ նա դադարի զգալ քեզ, դադարի սպասել քեզ, դադարի լսել քեզ, դադարի քննարկել քեզ և ամենավտանգավոր բանը ոչ թե բացասական ռեակցիան է։

Ամենավտանգավորը հոգնեցնելն է։

Երբ ընտրողը չի զայրանում, չի ոգևորվում, չի վիճում, չի արձագանքում, չի սպասում այլ պարզապես սկսում է անջատել քեզ իր ուշադրությունից և օտարվել դա արդեն քաղաքական վտանգի ամենաբարձր փուլերից մեկն է։ Եվ այստեղ է այս քարոզարշավների գլխավոր խնդիրը: Դրանք գրեթե չեն աշխատել այն հսկայական չեզոք, հիասթափված և ապաքաղաքական շերտի հետ, որն իրականում որոշելու է ընտրությունների ճակատագիրը։ Այդ մարդիկ չեն ապրում քաղաքական ակտիվիստի ռեժիմով։ Նրանք չեն հետևում ամենօրյա հայտարարություններին, նրանք առաջին հերթին արձագանքում են մթնոլորտին, լեզվին, պատկերին, էներգիային, ճաշակին, մարդկային հուզականությանը և այն զգացողությանը, թե արդյոք որևէ մեկը կարողանում է կոտրել իրենց ներքին անտարբերությունը։ Այո մի զարմացեք «կոտրել անտարբերությունը» դա Ձեր/Մեր գործն է, դուք եք առաջարկողը, իսկ նա սպառողը:

Իսկ եթե քարոզարշավի ամբողջ տրամաբանությունը, ստիլիստիկան, ֆեյսերը, ռիթմը, ճաշակը, կոչնակները, երգերը, կադրային լեզուն ու հանրության հետ շփման ֆորմատը մնան նույնը, ապա շատ ուժեր առաջիկա օրերին կմտնեն քաղաքական ինքնահյուծման փուլ։ Որովհետև ժամանակակից քաղաքական PR-ում ամենակարևոր ռեսուրսը միայն փողը կամ մեդիան չէ։ Ամենակարևոր ռեսուրսը՝ բովանդակությունն ու ուշադրությունն է։ Մեկ «սրտիկավոր» դա շատ լավ գիտի:

Իսկ ուշադրությունը այսօր պահում է ոչ միայն նա, ով ամենաշատն է երևում, այլ նա, ով կարողանում է ստեղծել իմաստ, էմոցիա, ռիթմ և կենդանի քաղաքական ներկայություն։ Քարոզարշավը պետք է ունենա մշակութային շունչ։ Պետք է ունենա հոգեբանական ճշգրիտ թիրախավորում, էմոցիոնալ ալիքներ, հիշվող պատկերներ, մարդկային լեզու, իրականության զգացողություն, չափավոր պաթոս ու պոպուլիզմ, աշխատող և վարակիչ, թրենդային և նույնիսկ պրոցեսից դուրս չմնալու վարակիչ ոգի և ոճ:

Հակառակ դեպքում քաղաքականությունը վերածվում է հակասնկային միջավայրի, որտեղ ամեն ինչ այնքան ստերիլ է, որ այնտեղ նույնիսկ քաղաքական կյանքը չի կարող գոյատևել։

P.S. Քարոզարշավին մնացել է 27 օր: 15-րդ օրվան մոտ վերը նշված բոլոր ռիսկային սիմպտոմները ուժեղանալու են: Այդ ամենից խուսափելու մեթոդը հաջորդ 15 օրը այլ, նոր, թարմացված և նախորդ 15 օրերից կտրուկ տարբերվող լուծումների, մեթոդների կիրառումն է և լայն հանրային շերտերի ներառականությունն ու էներգիայի բարձրացումը որոնց մասին վերևում արդեն նշել եմ:

Ընտրողին ցնցել , էներգիան բարձրացնել , ներառել ու սպասարկել է պետք:

Առայժմ այսքանը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ