Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

«Մաֆիայի վերադարձի վտանգը» հեշտ է վաճառել ընտրողին, հատկապես՝ սոցիալական հոգնածության և անվստահության պայմաններում

«Մաֆիայի վերադարձի վտանգը» հեշտ է վաճառել ընտրողին, հատկապես՝ սոցիալական հոգնածության և անվստահության պայմաններում
11.05.2026 | 11:54


Վերջին շրջանում, իսկ ավելի ակտիվ քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է, որ իրենց պայքարը «մաֆիայի դեմ է»: Նման ձևակերպման պերմանենտ օգտագործումն առաջին հերթին քաղաքական տեխնոլոգիա է՝ բլեֆ, և բնավ իրավական կամ քրեական կատեգորիա պետք չի դիտարկել։ Ակնհայտորեն այդ տերմինն ընտրված է ոչ պատահական․ այն ունի ուժեղ հուզական, ենթագիտակցական և քարոզչական պատճառահետևանքային բացատրություն։

«Մաֆիա» ասելով՝ Փաշինյանը չի փորձում միայն քննադատել ընդդիմությանը, հակառակը, ամեն ինչ անում է՝ ընդդիմադիր դաշտը քաղաքական սուբյեկտից «հանցավոր կոլեկտիվի» վերածելու համար։ Ի դեպ, սա շատ կարևոր տարբերություն է, քանի որ այն դեպքում, երբ հակառակորդը ներկայացվում է ոչ թե որպես այլընտրանքային, այլ դեմոնիզացվում է որպես «մաֆիա», հանրային գիտակցության մեջ նրա դեմ արդեն թույլատրելի են դառնում ավելի կոշտ վարչական, քարոզչական ու նույնիսկ իրավական գործողությունները։

Սա դասական պոպուլիստական իշխանության մեխանիզմ է: Բանն այն է, քաղաքական մրցակցին նախ պետք է ապալեգիտիմացնել, հետո՝ բարոյապես մեկուսացնել, որպեսզի մարդիկ ինչքան հնարավոր է ատեն։

Պատմության մեջ նման տեխնոլոգիան կիրառել են տարբեր ռեժիմներ՝ անկախ գաղափարախոսությունից։ Օրինակ՝ Մուսոլինին Իտալիայում ֆաշիստական քարոզչությունը լիբերալներին, սոցիալիստներին և արհմիություններին ներկայացնում էր որպես «ազգային մարմնի վրա նստած կոռումպացված կաստաներ»։ Մուսոլինիի մամուլը մշտապես շեշտում էր, թե իբր միայն ֆաշիստական շարժումն է պայքարում «հին քաղաքական մաֆիայի» դեմ։ Նացիստական քարոզչության մեջ «մաֆիա» եզրույթը հաճախ փոխարինվում էր «դավադրություն», «ներքին թշնամի», «քայքայիչ էլիտա» և «ազգային դավաճաններ» ձևակերպումներով:

Լատինական Ամերիկայում այս տեխնոլոգիան առանձնապես տարածված դարձավ պոպուլիստական ռեժիմների ժամանակ։ Արգենտինայում Խուան Պերոնի իշխանական քարոզչությունն ընդդիմությանը ներկայացնում էր որպես «օլիգարխիկ մաֆիա», որը իբր պայքարում է ժողովրդի սոցիալական իրավունքների դեմ։ Ավելին, պերոնիզմը կառուցում էր շատ պարզ բաժանում՝ «ժողովուրդ» ընդդեմ «կոռումպացված էլիտայի»։

Այդպիսով իշխանությունը սեփական քաղաքական անհաջողությունները տեղափոխում է բարոյական հարթություն, իսկ այդ դեպքում այլևս քննարկումը չի լինում կառավարման արդյունավետության, արտաքին քաղաքական ձախողումների կամ անվտանգության ճգնաժամերի մասին, այլ ամբողջ դիսկուրսը կառուցվում է «բարի ուժերի» և «մաֆիայի» պայքարի շուրջ։

Նման իրավիճակերում՝ քաղաքական հակառակորդը ներկայացվում է «վտանգավոր» և «թունավոր» երևույթ։ Դա արվում է հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունն այլևս չունի նախկին մոբիլիզացնող գաղափարական էներգիան և ստիպված է հասարակությանը պահել վախի, ատելության կամ մշտական սպառնալիքի մթնոլորտում։ Քարոզչության տեսանկյունից սա շատ արդյունավետ մեթոդ է, որովհետև «մաֆիայի վերադարձի վտանգը» հեշտ է վաճառել ընտրողին, հատկապես սոցիալական հոգնածության և անվստահության պայմաններում։

Բացի այդ, «մաֆիա» եզրույթը նաև արտաքին լսարանի վրա է աշխատում։ Գաղտնիք չէ, որ Արևմտյան քաղաքական բառապաշարում այն ասոցացվում է կոռուպցիայի, օլիգարխիկ համակարգերի և «հին ռեժիմների» դեմ պայքարի հետ։ Փաշինյանը հաճախ փորձում է իր ներքաղաքական պայքարը ներկայացնել ոչ թե որպես իշխանության պահպանման խնդիր, այլ որպես «ժողովրդավարության պաշտպանություն» ինչ-որ «հանցավոր ռևանշից»։

Ի դեպ՝ այստեղ կա նաև նոնսենս․ եթե ութ տարի իշխանության ղեկին գտնվելուց հետո երկրում դեռ գոյություն ունի այնպիսի «մաֆիա», որն իբր վերահսկում է ամեն ինչ, ապա դա արդեն լուրջ հարց է հենց իշխանության արդյունավետության մասով։ Այսինքն՝ տվյալ քարոզչական տրյուկը խնդիր է իշխող ուժի էֆեկտիվության տեսանկյունից։ Եթե «մաֆիան» այդքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 92

Մեկնաբանություններ