Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ընդդիմադիր լրատվամիջոցներից սպասում ենք ավելի նպատակասլաց ու համարձակ գործելաոճ

Ընդդիմադիր լրատվամիջոցներից սպասում ենք ավելի նպատակասլաց ու համարձակ գործելաոճ
11.05.2026 | 21:14

Հաղթելու համար

Գոնե այս որոշիչ ժամանակահատվածում, կարծում էի, որ ընդդիմադիր մամուլը շատ ավելի նպատակասլաց ու ընդդիմական կլինի, տուրք չի տա լրագրագիտական ավելորդ պատշաճությանը և գերազանցապես կխաղա իր դերը՝ լիովին գրավելով բեմը և գեներացնելով ամբողջ դահլիճը: Բայց՝ ոչ: Բացում ես ընդդիմադիրի լայն համարում ունեցող որոշ կայքեր և հերթական անգամ ընկնում տարակուսանքի մեջ. ամբողջական էջերում երբեմն չարաբաստիկ իշխանության պարագլխի նախընտրական մոգոնումներն ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան՝ ընդդիմադիր գործիչներինը: Եվ իշխանական քարոզչական տիղմն ու աղբը շարունակ ուղեկցվում են պարագլխի և ուղեկիցների «սոլիդ» լուսանկարներով: Երեկ, օրինակ, պահ եղավ, որ ընդդիմական կայքային միևնույն էջում տեղ գտած տասը լուրից ութը իշխանական բարձր բևեռից էին: Նույնիսկ մասնագիտական անաչառ աչքի համար դա չափազանց է:

Հիմա ոչ լրատվական, ոչ քաղաքական պատշաճության ժամանակը չէ՝ ասում եմ իմ գործընկերներին,- իշխանությունն իր ագրեսիվ, հայրենադավ ու ստահոդ խոսույթով ու վարքով վաղուց, հիմա առավել ևս, նման պահվածքի տեղ չի թողել: Ընդդիմադիր ընթերցողը, այո, պիտի իմանա, թե հակառակ կողմից ինչ նոր տեղեկատվական հոսքեր են արձակվում, բայց դա էնքան հեշտ է իմանալը՝ բացելով իշխանական կամ դրան մերձ ցանկացած լրատվամիջոց: Եթե ընդդիմադիր մամուլը իշխանական լրատվությունն է ուզում ներկայացնել, ապա դա պետք է անել շատ ավելի սեղմ՝ երկտողային տեսության ձևով ու համարժեք մեկնաբանություններով և ոչ թե վերևների մանիպուլյատիվ նյութը մատուցել անկողմնակալ դիտորդի կարգով: Նման հրապարակումները կարող են շփոթության մատնել անգամ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, ուր մնաց՝ «չճանկեն» չկողմնորոշվածներին:

Տարակուսանք է հարուցում և այն, որ ներկա պահին սպասվածից ավելի քիչ են օգտագործվում քաղաքական սատիրայի ժանրերը, որ կարող են մեծ ներգործություն ունենալ լսարանի վրա: Հատկապես երգիծական նկարների խիստ պակաս է զգացվում: Կան հատուկենտ կայքեր, որ էս ասպարեզում օրինակելի մասնագիտական վարք են դրսևորում և մեծ լսարան ունեն հատկապես երգիծական որակների շնորհիվ:

Թեմայի հետ կապված՝ ես ձեռնպահ կմնամ ընդդիմադիր լրատվամիջոցների անուններ հիշատակելուց, որպեսզի նրանց տրամադրությունը չխաթարեմ էս դժվարին ժամանակներում, հակառակը, գրչընկերային սրտացավ վերաբերմունքով կցանկանայի օգնել, որ նրանք գործեն ավելի նպատակասլաց, համարձակ ու համարժեք: Ընդդիմության հաղթանակը լինելու է նաև ընդդիմադիր մամուլի հաղթանակը: Իսկ հաղթելու համար պետք է պայքարել բազմակողմանի արհեստավարժությամբ:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 202

Մեկնաբանություններ