Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

ՀՀ քարտեզը՝ որպես նախընտրական դեսերտ

ՀՀ քարտեզը՝ որպես նախընտրական դեսերտ
11.05.2026 | 21:51

(կամ՝ ինչպես վարժեցնել հայրենիքը «մարսելուն»՝ ըստ «միապետի» ապագա ճաշացանկի)

Ճիշտ հարցադրում է՝ դեսերտը, որը վայելում են հաճույքի համար՝ հիմնական ուտեստից հետո, ի՞նչ կապ ունի նախընտրական քարոզարշավի հետ։

Ընդամենն այն, որ անապատ գնալու, գլխին հող ու մոխիր լցնելու և Բարձրյալից մեղքերի թողություն խնդրելու փոխարեն, ՀՀ վարչապետի աթոռից կառչած և ինքն իրեն օրենքից դուրս կարգած ոմն թեկնածու քարոզարշավի շրջանակներում սրտիկով ու Հայաստանի քարտեզի պատկերով փաթեթավորված թխվածքաբլիթներ է բաժանում հատկապես երեխաներին։

Ի՛նչ են անում ակամա «նվեր» ստացողները»։

Պատասխանը հստակ է ու ենթադրելի՝ վերցնում են, ուտում և, բնականաբար, «մարսում» են․․․ Հայրենիքը։

Պետության սահմանները, որոնց համար արյուն է թափվել, որոնք պետք է լինեին անձեռնմխելի, վերածվել են փխրուն, բերանում հալվող դեսերտի։

Կատարվողը սովորական հյուրասիրություն չէ, այլ ենթագիտակցական դիվերսիա։

Մարդուն, հատկապես աճող սերնդին, սովորեցնում են՝ քարտեզը կարելի է կտրել, փշրել ու կուլ տալ։

Երբ քո իսկ ձեռքով փշրում և ուտում ես երկրիդ պատկերը, ապա ներքուստ պատրաստ ես դառնում նաև դրա իրական մասնատմանը։

Եթե երեկ սա փորձում էր համոզել, թե Հայաստանն ընդամենը «կադաստրի թուղթ» է, ապա այսօր այդ թուղթը վերածել է թխվածքաբլիթի։

Նրա ձեռքում ամեն ինչ դառնում է անկայուն, փխրուն ու ժամանակավոր։

Նա ընտրողին բաժանում է ոչ թե ապագա կամ անվտանգություն, այլ իրականության սարսափելի մոդել՝ ուտել սեփական Հայրենիքը։ Սա այն կետն է, որտեղ Հայաստանը դադարում է լինել ապրելու վայր և դառնում է սպառման օբյեկտ։

Եվ այս զավեշտի «կամավոր-պարտադիր» հանդիսականները, որքան էլ անհավատալի է, լուռ ու մունջ ծափահարում են հոգեբանական այն վտանգավոր ցուցքին, որտեղ երկրիդ կտոր-կտոր բաժանումը դադարում է ողբերգություն լինելուց։

Ավելին՝ «Նի՜-կո՜լ վա՜րչա՜-պե՜տ» ոռնոցների ուղեկցությամբ հայրենիքի մասնատումը վերածվում է սովորական, գրեթե կենցաղային արարողության։

Եզրահանգումը մեկն է․ զոհին վարժեցնում են դահճի ձեռքից ոչ միայն սնվել սեփական տան փշուրներով, այլև երախտապարտ լինել։ «Կերածն» էլ մարսել ու մոռանալ կորուստը։

Տեղին է հարցադրումը՝ բայց ինչու՞ հենց «ապագա ճաշացանկ»։

Պատասխանը դաժան է․ «հիմնական ուտեստը»՝ Արցախը, հափռելուց և մի ողջ սերունդ զոհաբերելուց հետո, «միապետի» մենյուում դեռ յուղոտ ու զգլխիչ շատ պատառներ կան։

«Ապագա ճաշացանկը» կազմված է մեր հայրենիքի այն հատվածներից, որոնք հերթով՝ որպես աղանդեր, դրվելու են թշնամու հետճաշյա սեղաններին։

Իսկ սեփական ժողովրդին ստիպելու են ուտել մատուցվողն ու «մարսել» որպես «խաղաղության դեսերտ»։

Ապացու՞յց։

Լսեք կամ կարդացեք ՔՊ-ական պատեհապաշտ թերուսների «ա լյա փաշինյան» ծղրտոցներն ու համոզվեք, թե ինչպես է բանավոր մակարդակում կոփվում ազգի «մարսողությունը»։

«Մենք վստահ ու աներկբա ասում ենք, որ ՀՀ-ում Ղարաբաղյան շարժման էջը փակված ա»։

«Ղարաբաղյան շարժման ընթացքում էր, որ ձեր տղերքին, ձեր թոռներին, ձեր եղբայրներին տանում էին սահման ու թողում էին ժեշտի բանկեքի հույսին, իսկ իրանք ամեն տարի ամենավերջին գերմանական ավտոները դնում էին իրանց տղերքի տակը»։

«Ղարաբաղյան շարժումը դա նրանց հարստանալու ու ձեզ հարստահարելու համար էր։ Ղարաբաղյան շարժումը նրանց համար հարստանալու մի ծորակ էր, որով պիտի ծծեին ձեր արյունը, բայց էդ ծորակը այլևս փակված ա։ Էդ ծորակը այլևս փակված ա, ու նրանք այլևս երբեք ձեր որդիների կյանքի գնով, ձեր որդիների արյան գնով չեն հարստանալու։ Դա տեղի չի ունենալու։ ՈՒ դա դուք չեք թույլ տալու»։

«Որ խելոք մնանք, ցեղասպանության հարցը չշահարկենք, Թուրքիան մեզ երբեք վնաս չի տա»։

Եվ նման այլ ուրացում-տխմարություններ, որոնք սոսկ հռետորաբանություն չեն, այլ բարոյական անեսթեզիա։ PR-քաղտեխնոլոգիայի զինանոցից վերցրած անտեսանելի զենք՝ հավաքական «անզգայացում», որի գործադրմամբ հասարակությանը կա՛մ ներարկում են ատելություն սեփական անցյալի հանդեպ, կա՛մ «հալյուցինագեն սունկ» հրամցնում՝ իրականության զգացողությունը վերջնականապես խաթարելու համար։

Եվ եթե օրեր առաջ «միապետը» սպառնում էր դատարանում մեկ տոննա սունկ «կերցնել» իրեն քննադատողին, ապա այսօր նա այդ նույն «սունկ-հալյուցինացիաները» մեկ տոննայով ուտեցնում է սեփական ժողովրդին։

Հետևանքը՝ մարդիկ դադարում են տարբերել հայրենիքը թխվածքաբլիթից, իսկ սահմանների կորուստը՝ լուսային «դրոն-շոուից»։

Ասել է՝ նախքան հայրենիքի հերթական կտորը թշնամու սեղանին որպես աղանդեր մատուցելը, նրանք թունավորում են հավաքական հիշողությունը։ Փորձում են համոզել, թե հայրենիք-Արցախը, ինչի համար պայքարել ու զոհվել ենք տասնամյակներ շարունակ, ընդամենը «ծորակ» էր կամ «ժեշտի բանկա»։

Սա է նրանց «մենյուի» գլխավոր համեմունքը՝ ատելություն սեփական անցյալի հանդեպ։

Որպեսզի ժողովուրդը հեշտությամբ կուլ տա «զենք-թխվածքաբլիթը», նրան նախապես պետք է թշնամացնել այդ քարտեզի իրական սահմանների ու դրանք գծած հերոսների հետ։

Ըստ այս տրամաբանության՝ հայրենիքը սուրբ մասունքից վերածվում է բեռի, որից պետք է ազատվել՝ «խելոք մնալու» և թշնամուց վնաս չստանալու պատրանքով։ Կապիտուլյացիայի ամենաստոր ձևն է, երբ թշնամուն հանձնում ես ոչ միայն հողդ, այլև ամենաթանկը՝ ազգային արժանապատվությունդ։

Բայց սա դեռ ամենը չէ։ Որպեսզի ուրացման դառը հաբը ժողովուրդը հեշտ կուլ տա, այն պետք է մատուցել գեղեցիկ լուսավորությամբ։

Դիցուք, Վայոց Ձորի երկնքում «Դրոն շոու» կազմակերպելով և օդում տասնյակ միլիոններ մսխելով։

Երկնքում հերթագայում են «Իրական Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Տեր կանգնիր խաղաղությանը» լուսավորվող կարգախոսները՝ համեմված պարտադիր «սրտիկներով» ու «մարսելի» քարտեզով։

Սովորական ցինիզմ՝ այլ կերպ չես բնութագրի․ իրական սահմաններին սպառնացող մահացու վտանգը փորձում են քողարկել երկնքում պարող լուսային էֆեկտներով։

Մինչ ներքևում ժողովրդին ստիպում են ուտել հայրենիքի փշուրները, վերևում նկարում են վիրտուալ իրականություն, որն այնքան հեռու է դառը ճշմարտությունից, որքան այդ դրոնները՝ հողից։

Սա «տեր կանգնել» չէ խաղաղությանը, սա խաղաղության անվան տակ սեփական անտերությունը տոնել է։

Ժողովրդի փողերով նույն այդ ժողովրդի աչքերին լույս կապելու և տեսողությունից զրկելու էժան հնարք է, որպեսզի նա չտեսնի, թե ինչպես է ոտքերի տակից փախչում իրական հողը։

Եվ այս ամենը մատուցվում է նույն թխվածքաբլիթային թեթևությամբ։

Թմբիրի մեջ հայտնվածները ծափահարում են «փակված ծորակներին»՝ չհասկանալով, որ դրանց հետ խցանվում է նաև մեր պետության կենսական զարկերակը։

Կատարվողն «ապագա ճաշացանկի» վերջին արարն է. երբ ուտելու բան այլևս չի մնում, նրանք սկսում են ուտել սեփական ժողովրդի ինքնությունն ու ապագան։

Եվ վերջապես՝ հարցերի հարցը։ Այս ամենի, ինչպես նաև Կապանի ու Վայոց Ձորի գիշերային երկնքում ՀՀ «կրծած» քարտեզի ու սրտիկների համար ծախսվել են տասնյակ միլիոնավոր գումարներ։

Որտեղի՞ց։

Ո՞ր «թափանցիկ» հիմնադրամներից են հոսում անիմաստ մսխվող միլիոնները, երբ երկիրը կանգնած է անվտանգային ու սոցիալական աղետի շեմին։

Կա՛նգ առեք։

Եթե ձեզ հայրենիք են հրամցնում թխվածքաբլիթի տեսքով, նշանակում է՝ նախապատրաստում են հերթական «մարսելի» կորստին։

Կուլ մի՛ տվեք խայծը։

Մեր երկրի քարտեզը ո՛չ դեսերտ է, ո՛չ էլ նրբախորտիկ։ Հայոց երկրի քարտեզը պետք է լինի երկաթից ու բազալտից։

Պետք է լինի այնքան ամուր, որ ատամները փշրի յուրաքանչյուրը, ով կփորձի նույնիսկ մեկ միլիմետր պոկել դրանից։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ