Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած, տնտեսական ճգնաժամը՝ նույն օրը

Անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած, տնտեսական ճգնաժամը՝ նույն օրը
12.05.2026 | 10:34

Այսպիսով, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք բառացիորեն ականատես ենք լինելու նույն քաղաքական-քարոզչական ֆորմուլայի վերարտադրմանը, որը կիրառվեց ՀԱՊԿ-ի դեպքում, միայն արդեն՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ։

Այսինքն, հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»։ Սա արդեն մեկ անգամ աշխատեցված, փորձարկված և քաղաքական տեխնոլոգիայի մակարդակի հասցված ֆորմուլա է։

Հիշեք ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված ամբողջ նարատիվը։ Սկզբում հանրությանը բացատրվում էր, որ կազմակերպությունը «չի արձագանքում», հետո՝ «չի կատարում իր պարտավորությունները», հետո՝ «գոյություն չունի Հայաստանի համար», հետո՝ «ինքն է դուրս եկել Հայաստանից»։

Այսինքն, քաղաքական որոշման պատասխանատվությունը փուլ առ փուլ տեղափոխվում էր ոչ թե որոշում կայացնողի, այլ՝ արտաքին համակարգի վրա։ Ոչ թե դու ես փոխում աշխարհաքաղաքական վեկտորը,

այլ աշխարհաքաղաքական համակարգն է քեզ «լքում»։ Ոչ թե դու ես կատարում շրջադարձ, այլ քեզ «ստիպում են»։ Ոչ թե դու ես պատասխանատու, այլ իրավիճակն է «անխուսափելի» դարձել։

Եվ հիմա նույն մեխանիզմը մեծ հավանականությամբ փորձ է արվելու կիրառել նաև ԵԱՏՄ-ի նկատմամբ։

Սակայն այստեղ սկսվում է ամենավտանգավոր հատվածը։ Եթե ՀԱՊԿ-ի թեման հնարավոր էր երկար պահել անվտանգային, դիվանագիտական և աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ, ապա ԵԱՏՄ-ի թեման այդ շքեղությունը չի ունենալու։ Որովհետև սա արդեն ոչ թե սահմանների, քարտեզների ու հայտարարությունների, այլ մարդու գրպանի, սառնարանի, աշխատավարձի, բիզնեսի, գյուղմթերքի, բեռնափոխադրումների, գների և հազարավոր ընտանիքների գոյատևման մասին է։

Եվ հենց այստեղ է ամբողջ վտանգը։

Քաղաքական PR-ը կարող է երկար աշխատել անվտանգային ոլորտում, որովհետև անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած։ Բայց տնտեսական ճգնաժամը մարդը զգում է նույն օրը՝ խանութում, կոմունալ վճարի ժամանակ, աշխատավայրում կամ դրամական փոխանցումների կրճատման պահին։

Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի դեպքում հնարավոր էր ամիսներով կառուցել «իրենք են հեռանում մեզնից» նարատիվը, ապա ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին։ Ու այստեղ արդեն սկսվելու է ամենաբարդը։ Որովհետև տնտեսական իրականությունը շատ ավելի դաժան բան է, քան քաղաքական նարատիվը։

Մարդը կարող է ամիսներով չհասկանալ աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքները, բայց մարդը շատ արագ հասկանում է, երբ իր եկամուտը նվազում է, ապրանքը թանկանում է, բիզնեսը խնդիրների մեջ է ընկնում, կամ աշխատանքի շուկան սկսում է սեղմվել։

Եվ եթե նույն «ոչ թե մենք ենք դուրս գալիս, այլ իրենք են հեռանում» ֆորմուլան ամբողջությամբ տեղափոխվի տնտեսական դաշտ, ապա իշխանությունը կարող է առաջին անգամ բախվել ոչ թե գաղափարական դժգոհության, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի՝ սոցիալական հոգեբանական կտրուկ սառեցման։

Որովհետև աշխարհաքաղաքական հարցերի շուրջ հասարակությունը կարող է երկար վիճել, բայց գրպանի հարցերի շուրջ հասարակությունը սովորաբար շատ արագ է դատավճիռ կայացնում։

P.S. Հենց այդ դատավճռից խոսափելու և ընտրական փուլում դրան չբախվելու ռիսկից խուսափելու համար է հիմա իշխանության հռետորաբանությունն ու մոտեցումը փափուկ և ոչ ագրեսիվ այդ առումով: Այն շատ արագ փոխվելու է ընտրություններից հետո:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 135

Մեկնաբանություններ