Անկեղծ ասած՝ վերջին 2-3 օրերին մտքումս շարունակ պտտվում է Նիկոլ Փաշինյանի այն աբսուրդ ցնդաբանությունը, թե «էդ ինչո՞վ էր Արցախը (իր դեպքում՝ Ղարաբաղը) մերը․ բա որ մերն էր, ինչո՞ւ էնտեղ տուն չի կառուցվել, դպրոց ու մանկապարտեղ չեն հիմնել, գործարան չի կառուցվել»։ Այս առիթով մեդիադաշտում մի քանի անդրարաձներ եղան, ու, թերևս, մի քանի առանցքային թեզեր, այնուամենայնիվ, ներկայացնեմ։
Ըստ էության՝ ասվածը քաղաքական հռետորաբանության դասական մանիպուլյացիա է, որտեղ պատմական իրականությունը հատուկ իջեցվում է կենցաղային մակարդակի, իսկ Արցախի պատմական իրականությունը խոսում է ճիշտ հակառակի մասին։
Եթե որևէ տարածք դարերով տալիս է իշխանական տներ, կաթողիկոսներ, զորավարներ, կառուցվում են ձեռագրատներ, կրթական կենտրոններ, վանական համալիրներ, համալսարաններ և ինքնավար քաղաքական համակարգ, ապա այդ տարածքի հայկական պատկանելությունը քաղաքակրթական փաստ է։
Միայն Ամարասի գոյությունը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է առաջին հայկական դպրոցներից մեկը, բավական է այդ թեզը ջախջախելու և քարոզչական բլեֆը մերկացնելու համար։ Փաստացի՝ Արցախում դպրոց կառուցվել է այն ժամանակ, երբ Նիկոլի սիրելի Եվրոպայի զգալի հատվածում դեռևս ֆեոդալական տրոհման նախնական փուլ էր, իսկ կրթարան հիմնելը լինելու էր դարեր անց։
Գանձասարի վանական համալիրը դարերով եղել է ոչ միայն եկեղեցի, այլև քաղաքական ու կրթական կենտրոն, ոը տվել է հայտնի հոգևորականներ, գրիչներ, դիվանագետներ, իսկ Դադիվանքը, Գտչավանքը, Երից Մանկանց վանքը միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի օղակներն էին։
Առանձին պատմություն է Շուշիի թեման (Նիկո՛լ, քո կողմից «դժգույն ու դժբախտ» պիտակավորում ստացած Շուշին, ժամանակակիցները «Կովկասի Փարիզ» էին կոչում)․ այս հրաշքը XIX դարի վերջից դարձել էր ամբողջ Կովկասի կարևորագույն հայկական մշակութային կենտրոններից մեկը, որտեղ գործում էին դպրոցներ, տպարաններ, թատրոններ, երաժշտական հաստատություններ, ազգային վարժարաններ։ Շուշին տվել է մտավորականներ, հոգևորականներ և ազգային գործիչներ, ինչպիսիք են Մուրացանը, Լեոն, Արամ Մանուկյանը և այլք։
Սա արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանի թեզը ոչ թե պատմագիտական պնդում է, այլ քաղաքական տեխնոլոգիա։ Նրա նպատակը պատմության վերաիմաստավորումը չէ, այլ սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով պատմական ու քաղաքակրթական փաստերի արհեստական աղավաղումը։
Այս տրույկի մեխանիզմը հետևյալն է․ նախ՝ ստեղծվում է պարզունակ չափանիշ, ապա այդ չափանիշով ջնջվում է հազարամյա պատմությունը, իսկ հետո հասարակությանը հրամցվում է հետևությունը, դե իսկ հանրությունը, որն ունի շատ կարճ հիշողություն և չի սիրում մտածել, առավել ևս վերլուծել, ոգևորված ծափ է տալիս և հուզված լացում Փաշինյանի ծղրտոցներից։
Հ.Գ. Ի դեպ, զավեշտը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը, փողոցում քայլելիս, կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել, որ նա ո՛չ մանկապարտեզ է գնացել, ո՛չ դպրոց, ո՛չ կրթություն ունի ու ոչ էլ Հայրենիք: Ու, եթե տվյալ ադեկվատ մարդը կարող է նրան հակադարձել ու ասել, որ նա իրականությունից կտրված է, ապա լիքը անգրագետ ու անկիրթ մասսայի վրա այս ամենն իր ազդեցությունը թողնում է:
Արմեն Հովասափյան