X սոցիալական ցանցի իր էջում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորապես սխալվում է, կարծելով, թե կարող է Իրանին հարկադրել մի գործարքի, որը կավարտի «ագրեսիայի ակտը»։ «Պարոն Թրամփ, մի կարծեք, թե կարող եք օգտագործել Իրանի այսօրվա անդորրը՝ Պեկին հաղթական մուտք գործելու համար։ Նախ և առաջ սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը»,- ընդգծել է Վելայաթին։               
 

«Welcoming» կապիտուլյացիա

«Welcoming» կապիտուլյացիա
12.05.2026 | 20:24

(փնթի փսփսոցից մինչև թուրքական «բեռնագիր»)

Սա պատմություն է այն մասին, թե նախընտրական քարոզարշավի երևանյան թոհուբոհում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ինչպես վերածվեց պատահականորեն լսվող «փնթի» փսփսոցի, իսկ ազգային արժանապատվությունը՝ թուրքական ապրանքների լոգիստիկ ձևակերպման կամ՝ «լավ բանի մասին ա խոսքը» անհոդաբաշխ հավաստիացումների:

Պատմություն է նաև այն մասին, թե ինչպես են պետական շահն ու ազգային անվտանգությունը ստորադասվում քարոզչական շոուին, իսկ երկրի ճակատագիրը քննարկվում «ոտքի վրա ձեռքի հետ»՝ թշնամուն հաճոյանալու հերթական «ողջույնի տեքստը» մոդելավորելիս։

Կպատկերացնեի՞նք երբևէ, որ մեր ապագան ու հազարամյա գոյությունը կդառնան քարոզարշավի անձրևոտ աղմուկի մաս: Որ սահմանների հարցը կլուծվի կիսատ-պռատ փսփսոցներով՝ ընդամենը թշնամուն հաճոյանալու մի «ողջույնի տեքստ» սղղացնելու համար:

Ո՛չ, դիվանագիտություն չէ սա, այլ պետականության ծրագրված սպանդ, որտեղ դահիճն ու զոհը նույնացվում են քարոզչական կեղծիքի բովում։

Մարդկության դարեր ձգվող պատմությունը արձանագրել է՝ ամենագաղտնի դավադրությունները հաճախ բացահայտվում են պարզունակ անփութության պատճառով։

Վարչապետի ոմն թեկնածուի հենց ծնոտի տակ՝ վերնաշապիկին, ամրացված փոքրիկ միկրոֆոնը դարձավ այն «լակմուսը», որը հանրությանը լսելի դարձրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փսփսոցը «տեղական տիրոջ» ականջին.

«Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming (ողջունող - Փ․Մ․) տեքստ անենք: Համ ԱԳՆ խոսնակի, համ իմ․․․»։

Կարծում եք՝ աշխատանքային ընթացիկ դրվա՞գ է։

Երիցս ո՛չ։

Սա բացահայտ հպատակության և վատ քողարկված քծնանքի ակամա գաղտնազերծված ակնթարթ է։

Մինչ ժողովրդին ներսում վախեցնում են պատերազմով, համոզում ուրանալ Արցախն ու անցյալը, կուլիսներում շտապում են «ողջունել» նրանց, ովքեր այդ պատերազմների ու կորուստների հեղինակն են։

Եվ այս ամենն արվում է ոչ թե ԱԳՆ շենքում, այլ քարոզարշավի թունդ պահին՝ մեկ անգամ ևս փաստելով՝ Հայաստանում այլևս չկան ինստիտուտներ, կա միայն մեկ գավառական գռեհիկ «կոմեդիանտ», ումից կախված է ամեն ինչ։

Երբ պատահականորեն բաց մնացած խոսափողը մերկացրեց այս դավադիր փսփսոցը, իշխանական մեքենան շտապեց մաքրել հետքերը՝ հորինելով իրարամերժ ու ծիծաղելի ստեր:

«Տեղական տերը» փորձեց հանրությանը պրիմիտիվ «կուտ» տալ՝ իբր խոսքը թուրքական ապրանքների ուղիղ ձևակերպման ու լոգիստիկայի մասին է։ Նրա անվերջանալի կմկմոցն ու «ը՜-ը՜-ը՜»-ները փաստեցին, որ հորինում էր այդ վարկածը՝ փորձելով փրկել քարոզարշավի ֆոնը։

Համոզվեք ինքներդ (վիպասան, բանաստեղծ, հրապարակախոս, երաժիշտ, թմբկահար, վերջերս նաև լեզվաբան, իսկ իրականում՝ ոչ մի բան, վարչաբենդի խոսքը ներկայացվում է առանց միջամտության)․

«- ԱԳ նախարարն ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր Թուրքիան բացում է։

- Նկատի ուներ, որ մենք հիմա, մինչև հիմա, Թուրքիայից ապրանքներ արտահանելու համար պետք ա դա ձևակերպ․․․ Չէր կարող ձևա․․․ որտև ապրանքը, երբ որ առնում ենք որևէ երկրից և արտահանում ենք ուղիղ որևէ տեղ պետք ա նշվի բանի երկիրը․․․ ը՜-ը՜-ը՜, հասցեատեր առաքման երկիրը։ Նախկինում օրենսդրությամբ իրանց կարգավորումներով ը՜-ը՜-ը՜-ը՜, Հայաստանը երկրների ցանկում չկար և ձևակերպվում էր 3-րդ երկիր, 3-րդ երկրից նոր արտահանվում էր Հայաստան։ Գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան և դա լրացուցիչ․․․ այսինքն տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ էդ ցանկում ուղիղ կարողանան, ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանի երկիր առաքման երկիր Հայաստանը նշվի»։

Մի՞թե որևէ բանական էակ կհավատա, որ նախընտրական քարոզարշավի թեժ պահին, երբ որոշվում է սույն թերուսի բոլոր առումներով լինել-չլինելու հարցը, ԱԳ նախարարը կմոտենար «շեֆին» ճշտելու՝ թուրքական լոլիկի, շոր ու կոշիկի կամ մաքսային «накладной»-ների հարցը։

Սակայն ստի այս խարխուլ ու տհաս կոնստրուկցիան հիմնահատակ կործանեց հենց ինքը՝ «Օմեգա» ծածկանվան տերը։ Մինչ «մեծ լեզվաբանը» լրագրողների առաջ կմկմում-կակազում էր բեռնագրերի ու լոգիստիկայի թեմայով, Միրզոյանը, շեֆի հորինած «գարի-կորեկ»-ից անտեղյակ, հարցին՝ ի՞նչ են բացում թուրքերը, երկիմաստ քմծիծաղեց. «Կբացեն, կհասկանաք… լավ բանի մասին ա խոսքը»։

Փաստորեն, մինչ մեկը փորձում է դավաճանությունը քողարկել լոլիկի ձևակերպմամբ, մյուսը բացահայտ ցինիզմով հասկացնում է՝ թուրքն ինչ-որ բան է բացում, որի մասին դուք՝ «հպարտ» քաղաքացիներդ, իրավունք չունեք վաղօրոք իմանալու։ Պարզապես հավատացեք՝ դա «լավ» է ձեզ համար, ինչպես «լավ» էին նախորդ բոլոր կորուստները։

Այնուամենայնիվ, ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ ծաղր սեփական ժողովրդի հանդեպ։

Երբ թշնամու օրակարգը սպասարկողը հորդորում է չհարցնել ու չիմանալ, թե ի՛նչ են բացում քո տան դռների առաջ, այլ ուղղակի կուրորեն հավատալ, որ «այսուհետ միշտ լավ բաների մասին ա խոսքը լինելու», պարտավոր ենք սթափվել: Քանզի սեփական կյանքով ու արյունով է փորձարկված՝ ամեն անգամ, երբ սրանք թուրքի հետ «լավ բան» են պայմանավորվում, հայը հող, հայրենիք ու շիրիմ է կորցնում։

Սրանց «լավը» մեր ազգային աղետի հոմանիշն է։

Հետևաբար, տեր լինենք մեր պատվին և մեր պետության շեմին, քանի դեռ սրանք քարոզարշավի ճղճղոցներում, կիսատ-պռատ փսփսոցներով ու ստորաքարշ «ողջույններով» մեր Հայրենիքը վերջնականապես չեն ձևակերպել որպես թուրքական առաքման հասցե։

Հիշենք՝ երբ դռներն առանց մեզ են բացում, նշանակում է՝ մենք այլևս տանտեր չենք, այլ ընդամենը «լոգիստիկ միավոր»՝ ուրիշի սեղանին մատուցվելու համար։ Սթափվելու ժամանակը վաղուց սպառվել է. հիմա կա՛մ տերն ենք մեր տան, կա՛մ սրանց «լավ բանի» հերթական զոհը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ