Բավական է նստվածքը բարձրանա ջրի երես՝ անպատկերացնելի հրճվանք է ապրում, որ իրեն ջրաշուշանի տեղ դնող կա: Դնողն էլ՝ նույն դիրտից սերված, նույն մրուրով սնված, նույն տակուցքի հոգեզավակ մեկը, որ շատ լավ գիտի նստվածքային ծագում ունեցող բոլոր բարդույթները և արդեն ութ տարի ճարպկորեն մանևրում է դրանց արանքում:
Հանրային կյանքում ջրի երես ելած, նախընտրական քարոզարշավի այս օրերին էլ «ջրաշուշանի» դերակատարություն ստանձնած այդ զանգվածը նոր չի առաջացել: Այն եղել է միշտ՝ մարտնչող միջակությունների այդ ստվար խառնամբոխը, որ դրսևորման անարգել հնարավորություն ստացավ հատկապես 2018-ին և առայսօր շարունակում է լող տալ տղմոտ ջրերում:
Հանրության այս շերտը մշտապես եղել է երկրի թիվ մեկ նստվածքաբանի թե՛ վիրտուալ, թե՛ իրական շփումների տիրույթում և այնքան է վարժվել վերջինիս անբացակա ներկայությանը, որ ոչ մի ազատ տարածք չի թողել այլ քաղաքական դերակատարների համար: Առավել ևս, որ այդ դերակատարներն էլ քնել-քնել ու միայն վերջին ամիսներին են արթնացել՝ բաց թողնելով պոտենցիալ ընտրազանգվածի հետ աշխատելու այնքան կարևոր ժամանակահատվածը: Խոսքը «ջրաշուշանային» ընտրանգվածի մասին չէ (սրանք վաղուց սեփականաշնորհված են), այլ դեռևս կամուկացային տրամադրվածություն ունեցող հանրային շերտերի, որոնք այդպես էլ կարոտ մնացին քաղաքական լուրջ հավակնություններ ունեցողների հետ անկեղծ-անմիջական շփումների: Բլիցկրիգի ձևաչափով ընտրարշավային այս հանդիպումները կայծակնային բեկում չեն ապահովելու բուն քվեարկության ժամանակ, և ընդդիմադիր գլխավոր ֆավորիտները դա շատ լավ գիտեն: Բայց դե, «ադաթ» է, պիտի հանդիպեն վաղվա ընտրողներին, խոստումներ պիտի տան, բարեկեցություն ու ապահովություն ուրվագծեն, արժանապատիվ խաղաղության հեռանկար բացեն… Խեղճ ընտրող, արի ու կողմնորոշվիր, 19 քաղաքական ուժ, ինքը՝ մենակ. մեկը գնում, մյուսն է գալիս, մեկի ասածը ձախ ականջով մտնում, աջից դուրս է գալիս, մյուսինը՝ աջով մտնում, ձախից է դուրս գալիս, չի էլ հասցնում գլխի մի անկյունում հիմնավորվել, դառնալ կողմնորոշիչ դիրքորոշում;
Սեփականաշնորհվածներին ու չկողմնորոշվածներին որ հանենք, կմնան էն գլխից դիրքորոշվածները, այլ խոսքով՝ քաղաքականապես հասուն ընտրազանգվածը: Անկախ քարոզարշավից՝ այս մարդիկ գիտեն՝ ո՛ր ուժին են ձայն տալու և ինչու: Դժվար է նրանց ապակողմնորոշելն ու աջ կամ ձախ թեքելը. Դա գրեթե նույնն է, ինչ «ջրաշուշանը» դառնա «Ուժեղ Հայաստանի» համակիր, կամ քոչարյանականը ձայն տա սրտիկամոլ Քաղպայմանագրին:
Բոլոր դեպքերում, քարոզարշավը մեկնարկային փուլում է, և ընտրապայքարի ելած քաղաքական ուժերն էլ ստարտային ռեժիմի մեջ են դեռ: Ամեն մեկն ընտրել է իր և իր ընտրազանգվածին հարիր մարտավարություն: ՔՊ-ն, օրինակ, «փողոցային ռազբորկեքի» մակերեսին է, ինչը լիովին տեղավորվում է «փողոցով եկածը փողոցով էլ իշխանություն է պահում» տրամաբանության մեջ: Բացի այդ, սա նաև մյուսներին նետված խայծ է՝ ընտրարշավը «խուժան կռվի» վերածելու փորձ, որում իրենք մրցակից չունեն: Բարեբախտաբար, որևէ մեկն այդ խայծը դեռ կուլ չի տվել, հուսանք, ոչ էլ կուլ կտա՝ չներքաշվելով «մարտեր՝ առանց կանոնների« ընտրադմփոցի մեջ:
Ընտրությունններին էլ մնաց 23 օր:
Լիլի Մարտոյան