ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Ժողվարչապետի և պրն Փաշազադեի հայ եկեղեցու ռեֆորմի կապակցությամբ

Ժողվարչապետի և պրն Փաշազադեի հայ եկեղեցու ռեֆորմի կապակցությամբ
14.05.2026 | 11:09

Մի քանի տող ժողվարչապետի նախընտրական ծրագրից՝ եկեղեցու «բարենորոգման» անհրաժեշտության մասին:

«Վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է և շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝

ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),

բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ, Սահմանադրության համաձայն, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»։

Հանճարեղ է, չէ՞: Բացահայտ ներխուժում են եկեղեցու գործերի մեջ, իրենց արևին ռեֆորմներ են անում, միաժամանակ գրում են, որ եկեղեցին անջատ է պետությունից: Եվ էս տանջանքին սրանք կամավոր գնում են հանուն «Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»: Սա արդեն գժություն է:

Բայց ուրախացնում է այն, որ սրանց ծրագիրը գրեթե բացահայտված քրեական գործ է, էլ կարիք չի լինի քննել, հետաքննել, փաստեր ու ապացույցներ փնտրել՝ ամեն ինչ սրանք իրենց դեմ ասում և անում են: Մնում է միայն իշխանություն փոխվի, և սրանք իրենց ողջ կազմով կտեղափոխվեն Նուբարաշեն: Սրանք հենց այնտեղ պիտի հանգրվանեն՝ ԿԳԲ կամ Վարդաշեն սրանց չի հասնում: Եթե նախկին նախարար Աշոտյանին կարելի է փակել Նուբարաշենում, ինչո՞վ են սրանք նրանից լավ: Ափսոս, պրն Փաշազադեին հնարավոր չի լինի սրանց հետ խցկել նույն խուցում, բայց թող դա միակ ձախողումը լինի:

Համբերություն մեզ բոլորիս, հուսանք, կփրկվենք շուտով…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 115

Մեկնաբանություններ