Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղի բնակչության համար հիմնական աշխատատեղի բացակայությունը կամ հողագործությունից ստացված ցածր եկամուտն այն գործոններն են, որոնք ստիպում են շատերին մեկնել արտագնա աշխատանքի, հաճախ՝ Ռուսաստանի Դաշնություն:
Մինչդեռ լինելով սահմանամրձ գյուղ՝ շատ կարևոր է, որ բնակչությունը մնա իր ծննդավայրում, չլքի սահմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է գյուղի բարեկարգում և անհրաժեշտ պայմանների ստեղծում: Սակայն Ներքին Ծաղկավանում կարելի է հանդիպել տների, որոնց թշվառ տեսքը ինքնին արդարացնում է տան տղամարդու արտագնա աշխատանքի մեկնելու շարժառիթը:
Անուշ Ջամալյանի բազմանդամ ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր ու վթարային պայմաններում: Տունը, որն իրենց կտակվել է տասնամյակներ առաջ, հիմնավոր վերանորոգման կարիք ունի: Կա նաև տան անվանափոխության խնդիր:
-Մենք չգիտեինք, որ կտակը պետք է բացվի կտակողի մահվանից վեց ամիս անց, հիմա էլ գումար, հնարավորություն չունենք, որ էտ գործով զբաղվենք: Տունն անմխիթար վիճակում է, տանիքը անձրևներից քանդվել էր, ջուրն ամեն անգամ տուն էր լցվում: Ամուսինս աշխատանք չուներ ու հարկադրված գնաց Ռուսաստան աշխատելու: Այդ գումարով կարողացանք միայն տանիքը վերանորոգել, բայց հիմնավոր վերանորոգել չենք կարող: Գյուղապետին դիմել եմ օգնության խնդրանքով, դեռ ձայն չկա, գոնե հողամասով օգնեն,-ասում է Անուշ Ջամալյանը:
Թեև ամուսինը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն այս տարվա հունվարին եկել ու էլ չի կարողացել հետ վերադառնալ ավագ որդու հիվանդության պատճառով: Սակայն պատճառը միայն որդու հիվանդությունը չէր, դրսում էլ գործ չուներ, ռուսական ռուբլին էլ նախկին արժեքը չուներ:
-Ռուսաստանում շինարարական աշխատանքներ էր կատարում, հիմա Սևքար գյուղի դպրոցի շինարարության վրա է աշխատում, նաև գյուղի մի քանի տղամարդկանց հետ անասունները տանում են դաշտ: Մի քիչ գումար հավաքենք, էս տունը մեր անունով գցենք, որ կարողանանք կարգի բերել: Եթե ամուսինս չգնա Ռուսաստան, չենք կարող ապրել, բայց տանն էլ խնդիրները շատ են, տղաս վիրահատվել է, երևի չկարողանա գնալ-ասում է Անուշը:
Տան երկրոդ հարկը քիչ թե շատ բարվոք է բնակվելու համար, առաջին հարկն անասնագոմ ու խորդանոց է: Անուշի խոսքով տասը տարի առաջ վարկով կով են գնել, երեխեքին գոնե կաթ ու մածնով ապահովելու համար, արդեն հորթ էլ ունեն, ինքն էլ տնամերձում լոբի, վարունգ ու կանաչի է մշակում: Բայց հողը եկամուտ է բերում միայն որոշակի ժամանակահատվածում, իսկ բազմանդամ ընտանիքը պահելու համար մշտական աշխատանքն անհրաժեշտություն է, ինչը հողն ու գյուղը չլքելու գլխավոր պայմանն է:
«Գյուղում որ պարապ նստեցի, ընտանիքս ո՞վ ա պահելու»
Արտագնա աշխատանքի մեկնողը (խոպանչին) ֆիզիկապես տանն է լինում, բայց մտքով, պլաններով ու հայացքով արդեն «դրսում» (արտերկրում) է՝ հաջորդ մեկնման մասին մտածելիս։
Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչ Էդգար Մխիթարյանը 2006 թվականից մեկնում է արտագնա աշխատանքի: Աշխատել և ապրել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում, ներկայումս տեղափոխվել է Լիպեցկ:
- Շինարարության վրա եմ աշխատում: Տարիներ առաջ այնտեղ ապրող հորեղբորս տղաները կանչեցին, գնացի, ընկերություն, բարեկամություն ունեմ էնտեղ: Որ նայում ու համեմատում եմ էստեղի ու էնտեղի կյանքը, էնտեղ ձեռնտու ա: Ընտանիքս էստեղ ա, երկու անգամ եկել-գնացել եմ,-պատմում է Էդգարն ու հավելում,-դե, գյուղը կարոտում եմ, բայց որտեղ դուր ա գալիս, էնտեղ էլ մնում ենք:
2026 թվականի մարտի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնք ազդում են միգրանտների, այդ թվում՝ հայերի աշխատանքային գործունեության վրա, մասնավորապես՝ կապված հարկային եկամուտների և աշխատանքից ազատման հիմքերի հետ: Հայ միգրանտները հիմնականում ներգրավված են շինարարության, տրանսպորտի, առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Այդ մասին տեղյակ է Էդգարը, սակայն վստահ է, որ հայերին չեն վտարի Ռուսաստանից, քանի որ վերոնշյալ (մասնավորապես շինարարության) ոլորտներում նրանք են հիմնական աշխատուժը: Իսկ համոզվածությունը հիմնավորում է բարձր վարձատրությամբ:
-Լավ վարձատրվում եմ, եթե էստեղ էլ նման ձևով վարձատրվեմ, չեմ գնա, հիմա ստեղ եմ, ի՞նչ անեմ, - ասում է Էդգարը:
Հաճախակի Ռուսաստան մեկնող Ռոման Զավրադյանի խոսքով գյուղում միայն նախրապան կարելի է աշխատել: Ասում է, բավական ժամանակ է, ինչ հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչել, խաղաղ է, իսկ եթե աշխատանք էլ լինի, երբեք չի մտածի գյուղից հեռանալու մասին: Միայն տնտեսությամբ զբաղվելով հնարավոր չէ եկամուտ ստանալ.
«Ասենք, անասունների համար մեքենայով խոտ եմ բերում, կամ հողի մեջ աշխատում եմ, դա հո հիմնական գործ չի»:
Գյուղացին կմնա գյուղում և կկապվի իր հողին, եթե լինի կայուն աշխատանք, արժանապատիվ եկամուտ և անվտանգություն։ Սահմանամերձ գյուղերում անվտանգության ապահովումը առաջնային է մարդկանց մնալու համար։ Սա պետության խնդիրն է, որպեսզի գյուղաբնակի համար աշխատանքը լինի ոչ միայն եկամտի աղբյուր, այլև հայրենիքը պահելու և երկրի տերը լինելու զգացում:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ.Գ.
Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում: