Դուք էլ, անկասկած, տեսել եք մարդուն, որ հանկարծ հայտնվում է որևէ իշխանավորի կամ չինովնիկի դիմաց, և այդ ժամանակ կատարվում է անբացատրելի մի կերպարանափոխություն: Մարդը, որ ենթադրաբար պիտի մի քիչ արժանապատվություն ու մի փոքր էլ ինքնասիրություն ունենար, մեկեն այլակերպվում է նոր իրավիճակի շնչի տակ: Գլուխն ինքնաբերաբար սկսում է ներքև իջնել, պարանոցն ու ողնաշարը կորագիծ են կազմում, կարծես հանկարծակի սապատ է բուսնել խեղճի թիկունքին: Տակից նայող աչքերը անհանգիստ-շողոքորթ տագնապի մեջ են, իսկ առաջ պարզված ձեռքը արդեն դողդողում է, և նա դիմացինի մատները ընդամենը թույլ բռնում է, երբեք ամուր չի սեղմելու, որովհետև սեղմումի մեջ կամք կա, իսկ ինքն ուզում է թուլակամ երևալ:
Հավատացնում եմ ձեզ, նա այդ ամենը չի գիտակցում, նույնիսկ չի տեսնում ու չի զգում: Դա կատարվում է նրա կամքից անկախ, որովհետև բնազդների խորին շերտերում և ուղեղի բջիջների մեջ մշտապես նստած ստրուկն է հանկարծ արթնացել, որին այնպես երկյուղածաբար թաքցրել էր: Ստրուկն արթնացել է իր նախաստեղծ մերկությամբ, անամոթ անկեղծությամբ, անվարան համառությամբ և ստրկատեր է ուզում…
Ամոթ է, մի քիչ ուղղաձիգ ապրեք…
Հովիկ Չարխչյան