Հայրենասիրությունը հայրենիքի մասին ամպագոռգոռ կոչերը չեն, ոչ էլ նրա շքեղ պաստառին լուսանկարվելը։
Հայրենասիրությունը սրտաճմլիկ ողբը չէ, ոչ էլ «ճշմարտությունը» իր ներքնաշորով ի ցույց դնելը։
Հայրենասիրությունը քաղաքական դրոշ չէ, ոչ էլ անձնական հարստացման հնարավորություն։
Հայրենասիրությունը՝ մեր, որպես ծնողի, հոգատար վերաբերմունքն է թե զավակի, թե սեփական առողջությանը։ Այն՝ որդու ու դստեր հանդեպ պատասխանատվության զգացումն է, երբ արդյունքում առողջ սերունդ է հասունանում։
Հայրենասիրությունը պարտքի զգացումն է և այդ պարտքի հատուցման իրականացումը, երբ մենք մեր տեղում ենք, մեր մարդկային ու մասնագիտական բարձունքին, երբ գործը կատարում ենք օրենքի համաձայն, ելնելով մեր տեսակին չվնասելու գաղափարականությունից։
Հայրենիքով հղի լինելն ու պտուղի հանդեպ պատասխանատվության մայրական զգացումն է այն ճշմարիտ հայրենասիրությունը, որի վրա էլ կառուցվում ու ամրանում են քաղաքացու և պետության ինստիտուտները։
Հայրենասիրությունը մարդու և համամարդկայինի ամբարումն է, նաև, երբ մարդու էության բացահայտումը սկսվում է նրա ծագումից ու բնօրրանի նկատմամբ վերաբերմունքից։
Հայրենասիրությունը նվիրումի ու զոհաբերումի բարձրագույն պատրաստակամությունն է, և այն չշահարկելը։ Կարևոր չէ՝ որքան երկար ես ապրել։ կարևոր է՝ թե ինչպես։
Երկրներ կան, որտեղ «հայրենասերները» գրեթե ավերեցին սեփական երկիրը։ Օրինակ՝ Ուկրաինան։ Մեր աչքի առաջ այդ երկրի նկատմամաբ իրենց ազնվագույն սերը աշխարհին մատուցող ուժերը երկիրը մղեցին աշխարհաքաղաքական մի ծուղակ, որտեղից առանց ցավալի կորուստների ելք չկա։
Հայրենասիրությունը քաղաքական հակառակորդին հարգելն է ու, ետադարձ հայացք ձգելիս՝ ներելու կարողականությունը։ Անտանելի է, երբ անցյալդ դառնում է ինքնախարազանումի ու սպանիչ մերկացումների պատճառ։ Անցյալի ռևիզիայի մեջ սահմաններ չճանաչելու պատճառով կարող ես երկիրդ կորցնել։ Երբեք չի կարելի անցնել մարդկային բարոյականության ու խղճի պատկերացումների այն ներքևի գիծը, որից այնկողմ մարդը վերանում է։
Քննադատությանդ արժեքը զրո է, երբ ճանապարհների մասին մտահոգություն ու փնտրտուք չկա։ Եթե ցավի մասին խոսում են նրանք, ում դա ձեռնտու է, անբարոյական է։
Հասարակությունը դագաղագործների համքարարություն չէ։ Ամեն ինչի հիմքում սեր պիտի լինի ու համաձայնության ձգտում։ Եթե ոչ, ոչինչ են Ձեր հանճարեղ մտքերը։
Հայրենասիրությունը պիտանի շինանյութ է, երբ ճշմարիտ բաղադրիչներից է կազմված, ճշմարիտ Ձեռքերում է։ Հակառակ դեպքում այն քաղաքական շահարկումների նյութն է և հասարակական անկումի բոցավառ ուղեկիցը։
2 հոկտ․ 2015թ․
Դավիթ Վանյան