ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Գուլպայից մինչև թխվածքաբլիթ

Գուլպայից մինչև թխվածքաբլիթ
14.05.2026 | 20:22

(կամ՝ դեղին քարոզչության սև լուծարումը)

Եթե անկեղծ՝ նյարդերիս գնով ուշադիր հետևում եմ նախընտրական քարոզարշավ կոչվող ֆարսին։

Կավե ոտքերով «գերագույն» կուռքն ապշեցնում է ոչ միայն լպիրշ վարքագծով, այլև Արցախի ուրացումն ամեն անգամ նոր սուոսով մատուցելու և ներկաներից ծափահարություններ ու «Նիկոլ վարչապետ» բացականչություններ կորզելու «տաղանդով»։

Հընթացս էլ՝ դառնում է հայոց պետականության սրբազան խորհրդանիշների հետևողական մանրացման, նյութականացման և պղծման «հզոր» ճարտարապետ։

Ինչը, ի դեպ, ամենևին էլ պատահականություն կամ տգիտություն չէ, այլ ազգային դիմադրողականության ոգին կոտրելու հստակ մշակված և ճշգրտորեն իրականացվող ծրագիր։

Սյունիքյան «վիրտուոզ» ուրացումը, որը դարձավ միջազգային, հատկապես ադրբեջանա-թուրքական լրատվամիջոցների առանցքային թեման, երևանյան փողոցներում հրամցվեց առատորեն բաժանված քարտեզ-մանրակերտ թխվածքաբլիթներով ու կրծքանշաններով և «նախկիններին» ուղղված գաղջագիր-պասկվիլով․

«Ղարաբաղում ժողովուրդը չի ապրել։ Ղարաբաղում ժողովուրդը էղել ա քոչարյանա-սերժական կլանի պատանդը, որ իրանք Ղարաբաղ, Ղարաբաղ անունը ասելով իշխանությունը Հայաստանում պահեն։ Ղարաբաղի ժողովուրդը հիմա յա ապրելու և Հայաստանի Հանրապետությունում ա ապրելու։ Որտեղ տուն ա ունենալու ու խաղաղություն ա ունենալու, աշխատանք ա ունենալու, սոցիալական երաշխիք ա ունենալու։

Էկեք մեզ հետ քայլեք, շփվեք ու տեսեք, որ ըտենց էլ կլինի»,- ժանգոտ ձայնը գլուխը գցած զառանցում էր գլխավոր Արցախուրացը։

ՈՒնկնդիրներին հրամցվածը «սպառողական կերակրատաշտի» նսեմացուցիչ փիլիսոփայությունն է, որտեղ հայրենիքը՝ որպես բարձրագույն արժեք, փոխարինվում է կենսաբանական գոյատևման պայմաններով։

«Ղարաբաղում ժողովուրդը չի ապրել» ձևակերպումը սովորական զառանցանք չէ, այլ սեփական պատմության գիտակցված էկզեկուցիա՝ մահապատիժ։

Անբարո այս նախադասությամբ նա փորձում է մեկ հարվածով զրոյացնել Արցախի հայկականության հազարամյա քաղաքակրթական շերտը, մեր սրբազան հաղթանակները, իր իսկ մեղքով խոնարհված եկեղեցիների արցուքաքամ լռությունը և այնտեղ թափված ամեն կաթիլ արյունը՝ հիշողությունը փոխարինելով դատարկությամբ։

Դեղին լրատվամիջոցի նախկին դեղին խմբագրի համար Արցախն ընդամենը գործիք էր, և քանի որ այն այլևս չկա, հայտարարում է, թե այնտեղ կյանք էլ չի եղել։

Սա ուրացման բուրգի ամենաբարձր աստիճանն է՝ հայտարարել սեփական ժողովրդի մի հատվածին որպես «պատանդ», որպեսզի արդարացնես նրանց տեղահանությունն ու քո անգործությունը։

ՀՀ կառավարությանը դեղնավուն երանգ հաղորդած այս «ներկարարը» նախընտրական քարոզարշավը վերածել է էժան աճուրդի, որտեղ մուրճի հարվածների տակ վաճառքի է հանված հայկական ինքնությունը։ Ականատեսն ենք բարոյական սնանկության տոնավաճառի, որտեղ հազարամյա ժառանգությունը մաս-մաս սակարկվում է՝ փոքրիկ կենցաղային խոստումների ու ստամոքսային երաշխիքների դիմաց։

Նա ոչ թե քայլելու է հրավիրում, այլ մասնակից դառնալու հավաքական դավաճանությանը, երբ ամեն մի քայլը տրորում է սուրբ նահատակների հիշողությունն ու պետության վաղվա օրը։

Արդյոք պատահականությու՞ն էր մեր վերջին ութ տարիների դեգերումը՝ մեծ ուրացման արյունոտ ու նսեմացուցիչ ճանապարհին։ Թե՞ հաշվենկատորեն գծված երթուղի էր, որտեղ յուրաքանչյուր «կանգառ»՝ հրապարակային էյֆորիայից մինչև ամոթալի կապիտուլյացիա, ծառայում էր մեկ նպատակի՝ հային հաշտեցնել սեփական ինքնության մահախոսականի հետ։

Ամեն ինչ սկսվեց սիմվոլների արժեզրկումից։

Հետահայաց մտաբերենք ՝ 2018-ի հոկտեմբերի 13-ը և այն ժամանակ դեռևս անմեղ թվացող «գուլպաների դիվանագիտությունը»։

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ և Կանադայի վարչապետերի՝ հայկական եռագույնի երանգներով գուլպաների ցուցադրական լուսանկարը պետականության սիմվոլների նպատակաուղղված արժեզրկման առաջին արարն էր։

Այն, ինչ ութ տարի առաջ մատուցվում էր որպես «նորարարություն» և «պարզություն», իրականում պետական դրոշը սրբազան բարձունքից ոտքերի տակ իջեցնելու առաջին հոգեբանական հարվածն էր։

Եթե կարող ես ստիպել մի ողջ ազգի տեսնել իր սրբությունը ոտքերի տակ և չընդվզել, նշանակում է՝ դու կոտրել ես այդ ազգի արժանապատվության ողնաշարը։

Ի հակադրություն այս ցինիզմի՝ աշխարհի հնագույն մշակույթներում, օրինակ՝ Տիբեթում, թելերի վրա ծածանվող աղոթք-դրոշակներն ուղերձ են Տիեզերքին՝ ակնկալելով Աստծո օրհնությունը։

Այդ նույն հոգևոր մղումով են ամերիկացիները, թուրքերը կամ իրանցիները տների տանիքներին մշտապես ծածանում իրենց դրոշը։

Բարձրությունից դրոշի ծածանումը կենդանի աղոթք է առ Աստված՝ պահպանելու սեփական տունը, հողն ու հայրենիքը։

Փաշինյանի համար սրբազան սիմվոլները՝ դրոշից ու օրհներգից, մինչև Արարատ ու քարտեզ, սոսկ քաղաքական կառափնարան են, որտեղ նա մեթոդաբար ու սառնասրտորեն զոհաբերում է հայկական ինքնության վերջին մասունքները։

Այսօր քարոզչությունը հասել է ֆանտասմագորիկ սյուրռեալիզմի։ Արցախը հայտարարելով «կլանի պատանդ», իսկ հազարամյա հայրենիքի կորուստը՝ «ազատագրում», նա հասարակությանը հրավիրում է Հայաստանի «համտեսի»՝ թխվածքների ու պլաստմասե քարտեզների տեսքով։

Տրամաբանությունը պարզունակ է ու դաժան․ դրոշը գուլպա էր՝ այն պետք էր հագնել և մաշել։

Հայաստանը թխվածք է՝ այն պետք է ուտել և մարսել։

Նրա ամբողջ կառավարման ընթացքը հագեցած է սիմվոլիկ ժեստերով, որոնք հակադրվում են հայկական ավանդական արժեքներին։

Մուրճը՝ կառուցելու փոխարեն քանդելու և սպառնալու սիմվոլ։

Հեծանիվը՝ որպես լրջության և պետական այրի կերպարի ոչնչացում (փոխարինելով այն «թեթևսոլիկ», անպատասխանատու վարքագծով)։

Արարատ լեռան փոխարինումը Արագածով՝ պատմական հիշողության ընդհատում և մարդուն փոքրիկ, «իրատեսական» վանդակի մեջ փակելու փորձ։

Այս ամենը սիմվոլների միջոցով իրականացվող հոգևոր և պետական ինքնասպանություն է, որի հեղինակը հստակ գիտի իր յուրաքնչյուր քայլի գինն ու հետևանքը։

Եվ նա, դահճի բալախոնը գլխին քաշած, սեփական հիստերիկ ճղճղոցի ուղեկցությամբ, իրականացնում է հայոց պետականության վերջնական սրբազնազրկումը։

Եթե ղեկավար կոչվածը հարցնում է՝ «ինչո՞վ էր այս հողը մերը», կտրում է հոգևոր կապն Արարչի հետ։ Եթե հողը սուրբ չէ, այն այլևս տուն չէ, այլ սոսկ «տարածք»՝ դատապարտված աճուրդի, օտարման ու մոռացության։ Իսկ առանց այդ կապի՝ ազգը դառնում է վարձակալ սեփական հայրենիքում, ումից ցանկացած պահի կարող են պահանջել՝ ազատի՛ր տարածքը։

Պետությունը սկսվում է դրոշից և ավարտվում է այնտեղ, որտեղ դրոշը դառնում է գուլպա, իսկ հայրենիքը՝ թխվածքաբլիթ։ Ինչը և սիմվոլների միջոցով իրականացվող ինքնասպանություն է, որտեղ ամբոխը պատրաստ է քայլել դեպի սեփական լուծարումը՝ գրպանում պահելով նախկին դեղին լրագրողի «հյուրասիրած» հայրենիքի պլաստմասե դեղին ներկած քարտեզ-դիակը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ