ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Ինչպես փչացրեցին ժողովրդին

Ինչպես փչացրեցին ժողովրդին
15.05.2026 | 11:24

«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի

վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում։ Այն ժամանակ

ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա. և գալիս է ու այն գտնում

դատարկ՝ մաքրված ու կարգի բերված։ Այն ժամանակ գնում և

վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթը այլ ոգիներ և մտնում բնակվում է

այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր. այսպես

պիտի լինի և այս չար սերնդին»։ (Ավետարան ըստ Մատթեոսի 12:39-41)

Անկախության ողջ ընթացքում մեր պետության բոլոր չորս չարաբաստիկ ղեկավարները ջանք ու եռանդ չխնայեցին հայ ժողովրդի բարոյա-հոգեբանական նկարագիրը վերջնականապես այլասերելու և փչացնելու ուղղությամբ։ 1988-ին Արցախում սկսված ազգային ազատագրական պայքարի սկզբում մեր ժողովրդի մեջ ընթանում էր ինքնամաքրման մի գործընթաց, երբ կար մղում ազատվելու և մեր վրայից ու միջից թոթափելու անցյալից որպես ժառանգություն ստացված ամեն ախտից ու ապականությունից։ Սակայն այդ դատարկված ու մաքրված տեղում չլցվեց որևէ այլ արժեք, որն իրական դեր կխաղար մեր հետագա գոյության տարիներին

Հիմնական փչացնողները` մեր չորս ղեկավարները եղան` իրենց աջակցող շրջապատով, կուսակցություններով, հաճկատար ծառայողներով, թաղային հեղինակություններով, հաղթանակ նվաճած, բայց այլասերված հերոսներով, լրատվության աշխատակիցներով, գրանտածիծ հկ֊ներով և մանր ու մեծ զանազան այլ ներքին ու արտաքին կազմակերպություններով։

88֊ից սկսած վարվեց այլասերման այդ քաղաքականությունը։

Լևոնը մարդկանց համեմատում էր Վազգենի ճկույթի հետ, իր «շինիչ» առաջարկներով ժողովրդին կոչ էր անում մութ ու ցուրտ դժվարագույն տարիներին միմյանցից պարտք անել և իրենց կողմից շարունակ կարճացվող վերմակների տակ ծվարել, ՀՀՇ-ն հայտարարում էր, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենցն ուրիշ է։ Իշխանությունը 96֊ին բռնազավթելուց հետո Լևոնի կլանի անդամ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը թեկուզ 100 %֊ ով էլ հաղթած լիներ, միևնույն է իրենք են որոշելու, թե ով կլինի իշխանություն, Վանոն առանց խղճի խայթ զգալու և ամոթի, ծաղրով տեղեկացնում էր, որ դժգոհ ժողովրդից մի 800 հոգի պետք է տանկերի տակ փռել։ Սկսած 1995 թվականից, շարունակ կեղծվել են բոլոր ընտրությունները և այդ կեղծիքներից հետո ժողովրդավարության քողի տակ ձևավորվել են Ազգային Ժողովն ու Նախագահական իշխանությունները։ Այդ տարիներին հիմքեր դրվեցին ընտրողների ձայները փողով, այլ բարիքներով ու զանազան ծառայություններով առնելու ավանդությանը։ Հասարակության բոլոր շերտերում ներարկվում էր վախի, անհուսության, անորոշության և անպաշտպանվածության հոգեվիճակ։

Ռոբերտը ոտնահարելով գոյություն ունեցող օրենքն ու սահմանադրությունը ապօրինաբար մասնակցեց ընտրություններին և կեղծելով արդյունքները նախագահ ինքնահռչակվեց, հետո էլ երբ Վազգենին ու Դեմիրճյանին սպանեցին, իրեն հայտարարեց ընդամենը որպես դիտորդ, ապա դարձավ վոյին, միակ տղամարդ` մնացած ժողովրդին կոչելով մոսկաներ, որոնց պետք է միայն կլիզմա անել։ Տասը տարի ղեկավար եղավ և զբաղվեց առողջ ապրելակերպով ու մանկության երազանքները իրականացնելով։

Սերժը նույնպես արյան վրա` 2008 թ մարտյան դեպքերից հետո դարձավ ղեկավար և շարունակեց այս ամոթալի ու խայտառակ շքերթը` իրեն կարծելով մեծ կոմբինատոր, գրոսմայստեր, բողոքում էր ժողովրդից, որ իր ուրախ ու խաղաղ, 50/50 % ապահով կյանքը հարամ են անում և դրա պատճառով խիյարը թարս է աճում։ Կաշառակերությունը, ալան֊թալանը երեքի իշխանության տարիներին ամենուրեք էր, բանակից ազատվելու կաշառքների մասին միայն երևի թեյնիկները չգիտեին։

Այս երեքի կառավարման տարիներին երեք անգամ իրականացվեցին սահմանադրական փոփոխությունների կեղծված հանրաքվեներ։

Նրանցից ոչ ոք, երբևէ, թեկուզ մի կցկտուր զղջման խոսք չի ասել իրենց սեփական վրիպումների, սխալների, արած ու չարած գործերի, էլ չեմ ասում գործած հանցանքների մասին։ Ամենաշատը եղել է այն, որ մի անգամ Լևոնը ափսոսանք է հայտնել, որ ինքն իշխանության է բերել Ռոբին ու Սերժին և մի անգամ էլ արտահայտվել է, որ «եթե դուք գտնում եք, թե ինքը ինչ-որ բանում ճիշտ չի եղել, ներող կլինեք», այսինքն անձամբ ինքն այդպես չի գնահատում։ Եվ վերջերս նմանատիպ արտահայտություն է արել նաև Ռոբերտը, ափսոսանք հայտնելով՝ իր հաջորդին իշխանությունը փոխանցելու համար։

Ի վերջո, այս երեքը միասին աճեցրին ներկայիս թյուրիմացությանը։ Լևոնը ծնեց և տվեց նրա նախակրթական դաստիարակությունը, Ռոբերտը եղավ դրա միջնակարգ քաղաքական կրթության ուսուցիչն ու դաստիարակը, Սերժն էլ եղավ բարձրագույն կրթության հովանավորը։ Ընդդիմությունն ու լրատվական մարմիններն էլ իրենց հերթին ճոխացրին նրա կերպարը, ուռճացրեցին, կերտեցին իբրև քարայրից դուրս եկած Մհերի կերպար, երգեր ու դիֆիրամբներ ձոնեցին նրան։ Իսկ այս անկուշտ բողազի բոլշևիկը փողոցներում կուկուռուզ, պեռաշկի, համբուրգեր ու զանազան այլ ուտելու բաներ ճպճպոցով կլանելով, ձեռքերը շորերին քսելով, քիթը ֆսֆստացնելով, կնկանից բաժանվելով, միանալով, ամբախ-զամբախ ճղճղալով, ամեն մի ազգային, պետական, ընտանեական արժեք ոտնահարելով, ուզում է զոմբիացաված ժողովրդի առջև իրեն որպես մի սովորական յուրային ռամիկ ներկայացնել։ Նրա անհատական կարգախոսը կարող է լինել «ուտում եմ, ուրեմն կամ» ձևակերպումը։ Եվ կուտի ամեն ինչ ու ամենքիս, քանի դեռ հայտնի հեքիաթի մարդակերի պես Զանգի-Զրանգի գամփռներին ռաստ չի եկել։

Անկախության ողջ ընթացքում այլասերվում էր հասարակական գիտակցությունը, օրինաչափ էր դարձել ընտրակեղծիքը, բիզնեսի էին վերածել, պաշտոնների առքն ու վաճառքը ինքնին հասկանալի առօրեական հարաբերությունների են վերաճել, այլասերված, խեղված գիտակցության համար «որտեղ հաց էնտեղ կաց», «եղունգ ունես գլուխդ քորի» արտահայտությունները դարձել են սովորական ապրելակերպի կարգախոս։ Իսկ եթե որևէ մեկին էլ պատահաբար բռնում են որևէ հանցանք կատարելուց հետո, միշտ էլ գտնվում են շատերը, որոնք արդարացնում են դրանց ասելով՝ «բա դե ի՞նչ անի, չէ որ երեխա է պահում»։

Եվ այսպիսի մթնոլորտում, ինչպես պղտոր ջրում, ձկների իր որսն է անում ներկայիս ճղճղան ու փչան, դավադիր ուրացողը, որի «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքին հաջորդում է «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր», դրա համար էլ տվեցինք ադրբեջանին, թող իրենք չարչավեն։ Կամ էլ երդվում է ու հետո արդարանում, որ երդվել է ոչ թե «հորս արև, այլ հոր սարև»։ Օգտագործելով նախկինների չարչրկված ուրվականի առասպելը, հիվանդ ժողովրդին վախեցնելով այդ բոբոյով, շարունակ բարենպաստ միջավայր է ապահովում՝ իշխանությունն իր համար օգտագործելու նպատակով։ Նախկիններն էլ կարծես մի ընդհանուր սյուժեի դերակատարներ լինեն՝ միշտ հարկավոր պահին հայտնվում են քաղաքական արենայում և իրենց առկայությամբ ապահովում են ներկաների գոյությունը

Ցինիզմն ու լկտիությունն անցել են ամեն սահման, ինքն իրեն արդեն ներկայացնում է որպես մեծագույն աստվածաբան, համեմատվում է Հռոմի պապի ու ի վերջո ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ հետ։

Իսկ ժողովուրդը, որը սկզբում ակտիվ հակադրվում ու դիմադրում էր ամեն տեսակ բռնությունների, աստիճանաբար ընկճվեց, թուլացավ, զիջեց և այժմ էլ ուղղակի հաճույք է ստանում՝ իր հանդեպ իրականացվող տարատեսակ բռնություններին տրվելով։

Ցավոք, պետք է խոստովանել, որ Եկեղեցին էլ չգտնվեց ՏԻՐՈՋ կողմից իր համար սահմանված բարձունքում և իրեն վստահված հայոց հոտին հավուր պատշաճի չխնամեց ու չխրատեց, ակտիվորեն չփորձեց հեռու պահել պետական ճնշող մեքենայի գայթակղություններից ու մոլորություններից։

Ահա Աստվածաշնչյան մի օրինակ, թե ինչպես են արքաներն իրենց հպատակներին գայթակղում ու մեղքի մեջ գցում․

«Հերոբովամն ասաց իր մտքում. «Իմ թագավորությունը նորից կվերադառնա Դավթի տուն, եթե այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղեմում, ՏԻՐՈՋ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կհակվի դեպի ՏԷՐՆ ու իրենց տերը՝ Հուդայի երկրի արքա Ռոբովամը, ինձ կսպանեն ու կանցնեն Հուդայի երկրի արքա Ռոբովամի կողմը»։ Արքան խորհեց ու երկու ոսկե հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայէլ, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտացիների երկրից»։

Նա կուռքերից մեկը դրեց Դանում, իսկ մյուսը՝ Բեթելում։ Այսպիսով մեղք գործվեց, որովհետև ժողովուրդը գնում էր մինչև Դան՝ հորթերից մեկին երկրպագելու։ Նա բարձունքների վրայ կառուցեց նաև մեհյաններ եւ Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց» (ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ 12:26-31)։

Այսօր կույրերի, խուլերի ու համրերի կողմից առաջնորդվելով հասել ենք անդունդի եզրին, վերոնշյալ անձինք ժողովրդի մի զգալի հատվածին դարձրել են՝ ինչպես մեծն Թումանյանն է ասել․ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»։ Թերևս մեր միակ հույսը մնացել է այն, որ գուցե մեր մեջ կգտնվեն խոհրդանշական թվով այն տասն արդարները, հանուն որոնց գոյության ՏԷՐԸ մեզ կխնայի ու Սոդոմ Գոմորի պես կործանման չի դատապարտի, որովհետև նինվեացիների նման ապաշխարություն իրականացնելը, կարծես թե մեր ժողովրդի մեջ անհնարին մի բան է թվում` չկան այն առաջնորդները, ովքեր Նինվեի արքայի նման կկազմակերպեին մեր փրկության համար այդ խիստ անհրաժեշտ համաժողովրդական ապաշխարության խորհուրդը։ Ուստի դիմում ենք մեր եկեղեցու բոլոր հավատացյալ քույրերին ու եղբայրներին` ջերմեռանդ աղոթքով դիմենք մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, որ ԻՆՔԸ ձևավորի այն անհրաժեշտ քանակով արդարներին, հանուն որոնց աղերսների, հանուն սուրբ Գր․ Լուսավորչի գլխավորությամբ՝ բոլոր դարերում ապրած մեր սուրբ նախնիների բարեխոսությունների ու միջնորդությունների, հանուն մեր սուրբ Տիրամոր խնդրանքների և բարեխոսությունների, հանուն ԻՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎԱՆ և ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ Օրհնության ու Փառաբանության կողորմի նաև մեզ՝ մնացյալ ժողովրդին։ Ամեն։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 88

Մեկնաբանություններ