Այդ օրերին Ղազախստանում կանցկացվի ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական ժողովը, որի օրակարգում է նաև «Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների վեկտորի քննարկումը»: Հայաստանից պահանջվելու է հստակ կողմնորոշվել` Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ:
Եթե Փաշինյան Նիկոլը ներկա գտնվի ժողովին, ապա, որպեսզի «ընտրվի», կընտրի ԵԱՏՄ-ն: Ընդ որում, դեպքերի նման զարգացման դեպքում, հաշվի առնելով հայաստանյան ընդդիմության կողմնորոշումը, հետընտրական լուրջ զարգացումներ չեն լինի:
Եթե Փաշինյան Նիկոլը բացակայի ժողովից, ապա Հայաստանին սպասում է հետընտրական լուրջ «թոհուբոհ»: Ընդ որում, վրացական, մոլդովական կամ, ինչն ավելի հավանական է, հայկական սցենարով: Իսկ ինչու՞ է սպասվում «թոհուբոհ»: Արդյո՞ք առանց դրա հնարավոր չէ: Ոչ, հնարավոր չէ, քանզի գործ ունենք մի մարդու հետ, ով երբեք, որևէ պարագայում իշխանությունը չի հանձնի:
Եվ, ուրեմն, կամ մայիսի 28-29-ին «կընտրվի» ԵԱՏՄ-ում «քարշ գալու» տարբերակը, կամ նույն տարբերակը «կընտրվի» հետընտրական լուրջ «թոհուբոհից» հետո:
Այդ դեպքում, ո՞րն է այդ երկու տարբերակների տարբերությունը: Խնդիրն այն է, որ եթե խնդիրը լուծվի մայիսի 28-29-ին, ապա ԵԱՏՄ-ական Հայաստանը կգլխավորի բացառապես Փաշինյան Նիկոլը, իսկ հունիսյան «թոհուբոհից» հետո ԵԱՏՄ-ական Հայաստանը գլխավորելու Փաշինյան Նիկոլի և ընդդիմության շանսերը գրեթե հավասարվում են:
Իսկ դեպի Եվրամություն շարժվելու հավանականությունը, գոնե այս ժամանակահատվածում, բացառում եմ: Այսօրինակ բնակիչներով Հայաստանի իրական տեղը ԵԱՏՄ-ն է:
Կարեն Հեքիմյան