«Գերդաստաններով բանակում չեն ծառայել, բայց եկել՝ բանակից են խոսում»
Սուրեն Պապիկյան, Դուք Արցախում մի փամփուշտ չեք կրակել։
Նիկոլ Փաշինյան, նենց չի դասավորվել ձեր քաղաքական ճանապարհը, որ դուք ձեզ իրավունք վերապահեք բանակից ու Արցախում կրակելուց խոսելու։
2020-ի նոյեմբերի 6-ի առավոտն էր, երբ մեր խմբով հասանք Ստեփանակերտ։ Պիտի մասնակցեինք դեպի Շուշի շարժվող ադրբեջանական խմբի թիկունքը փակելու օպերացիային, ինչը, չգիտես ինչու, էլի իրականություն չդարձավ՝ կամքի բացակայության պատճառով (Սամվել Բաբայանի հայտնի տեսանյութը)։ Բայց այսօր էդ օպերացիայից չենք խոսելու։
Երբ առավոտյան հասանք Ստեփանակերտ, պիտի զանգեի Տիգրան Ավինյանին, ով մեզ ուղղորդելու էր՝ ում, երբ և որտեղ միանանք գործողությանը մասնակցելու համար։ Նախագահականի մոտ ծանոթացանք ու մտանք ներս՝ Արայիկ Հարությունյանի մոտ։
- Ծանոթացեք, պարոն նախագահ…
- Ծանոթ ենք, Տիգրան, Արմանի հետ,- ինձ մոտենալով ու գրկախառնվելուց հետո ասաց նախագահը։
Սենյակում էին նաև Սամվել Բաբայանը և Արգիշտի Քյարամյանը։ Իմացանք, որ օպերացիան պրավալ է գնացել, բայց նախագահն ասաց․
- Մի խնդրանք ունեմ․ էսինչ տեղը բաց է, կգնա՞ք էդ ուղղությամբ։
Ասացինք՝ ոչ մի խնդիր։
Էդ պահին Տիգրան Ավինյանը մոտեցավ ինձ ու ասաց․
- Համարս ունես, ցանկացած հարցի կամ վտանգի դեպքում կզանգես ինձ։
Դե, երկրի փոխվարչապետ մարդը որ բան է ասում, պիտի արվի։
Գնացինք նշված տեղանքը։ Մեկ գիշեր հերթապահելուց հետո, հաջորդ օրը կեսօրին, աջ ու ձախ կողմերից համատարած խուճապահար նահանջ էր։ Մնացել էինք մենք։
(Շատ չխորանանք, թե ով ինչ սուտ ինֆորմացիա էր տարածել, որի արդյունքում մնացի մեն-մենակ Ստեփանակերտում)։
Հիշեցի, որ նեղն ընկնելու դեպքում պիտի զանգեմ Տիգրան Ավինյանին։ Զանգեցի։ Անհասանելի էր։ Հետո նախագահից հարցրեցի՝ որտե՞ղ է, ինչու՞ է անհասանելի։ Ասաց՝ Երևան է գնացել։ Ավելի ճիշտ՝ փախել։
Նիկոլ Փաշինյան, դու որ խոսում ես Արցախում կրակել-չկրակելուց, նախ ձերոնց ասա՝ պատերազմի ժամանակ խոսք տալն ու չանելը ավելի վատ բան է, քան որևէ այլ բան։
Երկրորդ՝ Արցախում կրակելուց իրավունք ունենք խոսելու ես ու իմ նման տղերքը, ովքեր հանուն հայ ազգի արժանապատվության և՛ կրակել են, և՛ փռել ներխուժած հակառակորդին։
Իրավունք ունի խոսելու գնդապետ Ավանեսյանը՝ Կանդազը, ում դուք կալանավորել եք։
Դու ու քո նմանները իրավունք չունեք, լինելով երկրի ղեկավար, քննադատելու դիմացինին, երբ կամք չեք ունեցել պատվով դուրս գալու մի կռվից, որտեղ հողին եք հավասարեցրել հայի անունը։
Մենք ենք եկեղեցուց գալիս, իրենք են «Հայր մեր» ասում։
Փոփոխություն լինելու է առանց ձեզ։
Արման Պետրոսյան
«ՄԵՆՔ»-ի ՖԲ էջից