Նիկոլ Փ-ն չի կարողանում թաքցնել վախերը, որոնք, բնականաբար, հանգիստ չեն տալիս իրեն: Նա վախենում է և այլևս իր վախերի գերին է: Այդ իրողությունն այլևս այնքան ակնհայտ է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձում թաքցնել դա: Ցանկացած միջին որակավորում ունեցող հոգեբան կամ հոգեբույժ կհաստատի, որ նման հոգեվիճակում գտնվող մարդու մոտ մեծ է «պարականոն բռնկումների» հավանականությունը, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով: Ասվածը ապացուցման կարիք չունի, որովհետև пациент-ի սոցցանցային և հրապարակային պարբերական «պոռթկումները» ամենաուղիղ կերպով հաստատում են այդ դիագնոզը:
Սա վախենում է իր թիմակիցներից, հստակ գիտակցելով, որ «իշխանական նավի» առաջին իսկ ճաքերից, առանց աչք թարթելու, նրանք կլքեն իրեն: Այդ վախից է, որ նրանց բոլորին թաթախել է «համակարգային կեղտի» մեջ, որպեսզի կարողանա վերահսկել նրանց գործողությունները:
Սա վախենում է Իլհամից, որը դարձել է սրա իշխանության պահպանման գլխավոր երաշխավորը: Սա վախենում է Իլհամից, որովհետև նա ցանկացած պահի և ցանկացած առիթով կարող է սրան ենթարկել կուլիսային և հրապարակային ստորացման:
Սա վախենում է Ռեջեփ Թայիփից, որը, ինչպես մի անգամ նշել եմ, սրա հետ շփվելիս հաճախ օգտագործում է «բալա ջան» արտահայտությունը, իսկ ինքը մի կերպ է իրեն զսպում, որպեսզի չասի «հեր ջան» և «հոպար ջան» է ասում: Սա վախենում է Ռեջեփ Թայիփից, որովհետև հոգու խորքում, այնուամենայնիվ, հոր պես է սիրում նրան և վախենում է կորցնել նրա «հայրական բարեհաճությունը», ինչը թթվածնի պես է անհրաժեշտ իրեն:
Սա վախենում է Վլադիմիր Պուտինից, որը քաջատեղյակ է սրա «կերած բողկերին», իմա՝ մի քանի երկրների համապատասխան ծառայություններին подписка տալուն և այդ երկրների արանքում «գեղական ճարպկությամբ» խուսանավելուն: Սա վախենում է Պուտինից, որովհետև գիտի, որ իր «կերած բողկերի» և «գեղական ճարպկությամբ» խուսանավելու համար նա ցանկացած պահի իր հետ կարող է անել այն ամենը, ինչը հասու է մարդկային երևակայությանը:
Սա վախենում է Հայ Առաքելական Եկեղեցուց և Գարեգին Բ Վեհափառից, որն «անհաղթահարելի ուժ»-ի հանգույն խոչընդոտում է սրան՝ ժամանակին և որակով կատարելու Իլհամից, Ռեջեփ Թայիփից, ինչպես նաև Ալլահշուքյուր Փաշազադեից ստացած պահանջ-հանձնարարականներն ու նրանց «աչքը մտնելու» համար իր կողմից կամովին-սիրահոժար ստանձնած այլ պարտավորություններ: Սա վախենում է Հայ Առաքելական Եկեղեցուց, որովհետև ինքը վաղու՜ց արդեն «խավարի մահածին իշխանի» հլու կամակատարն է:
Սա վախենում է Ռոբերտ Քոչարյանից, որի չեզոքացմանն էին ուղղղված իր, իր թիմի և ընդհանրապես պետական ողջ համակարգի ապարդյուն ջանքերը վերջին 8 տարիներին: Սա վախենում է Ռոբերտ Քոչարյանից, որովհետև բոլորից լավ է պատկերացնում, թե ինչ է նշանակում նրա կողմից արտաբերված «խստորեն պատժվելու են» արտահայտությունը և նրա իշխանության գալու դեպքում այդ արտահայտության «միս ու արյուն» ստանալը:
Սա վախենում է Սամվել Կարապետյանից, ով անդրդվելի մնաց իր համոզմունքներում և, «թքած ունենալով» թե՛ իր ունեցվածքի մի մասի, և թե՛ սրա ու իր թիմի վրա, առանց վարանելու կանգնեց Հայոց Եկեղեցու կողքին : Սա վախենում է Սամվել Կարապետյանից, որովհետև հստակ գիտակցում է, որ նրա ստեղծած և առաջնորդած ուժի առկայությունը վերածվել է ազդեցիկ գործոնի Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում, և հենց այդ ուժն է լինելու իր և իր թիմի գլխավոր «քաղաքական գերեզմանափորը»:
Սա վախենում է Գագիկ Ծառուկյանից, Արման Թաթոյանից, Հայկ Մարությանից և բոլոր այն մեծ ու փոքր քաղաքական միավորների առաջնորդներից և հանրային ճանաչում ունեցող դեմքերից, որոնց գործողությունները կամա թե ակամա մեծացնում են իր իշխանազրկման հավանականությունը:
Եվ սրա վախերի «պսակը». անգամ շրջապատված անվտանգության բազմաշերտ օղակով, Նիկոլ Փ-ն այլևս վախենում է ժողովրդից՝ այն ժողովրդից, որին մի ժամանակ «սիրում էր, որով հպարտանում էր, որի առջև խոնարհվում էր»: Սուր աչքը նկատած կլինի, որ ժողովրդի հանդեպ «սիրո, հպարտության և խոնարհումի» սրա զգացումներն այլևս էն «աղջիկ վախտվա» խանդավառությունը չունեն, և հիմա սրա ու ժողովրդի միջև առկա են երկու , բոլորովին այլ զգացում, վախը՝ մի կողմից և ատելությունը՝ մյուս կողմից: Սա վախենում է՝տեսնելով օրեցօր ավելացող ժողովրդական ատելության ծավալները:
Եվ ուժերի մի վերջին գերլարումով սա փորձում է մեղմել այդ ատելությունը՝ խաղարկելով «խաղաղություն» անվանումը կրող лапша-ն Հայ ժողովրդի ականջներից կախելու սցենարը:
Որ սրա բերածը պատերազմի սպառնալիքով քողարկված «հնազանդություն» է, այլ ոչ թե «խաղաղություն», արդեն անգամ մանկահասակ երեխաների համար է ակնհայտ:
ՈՒժերի մի վերջին գերլարումով փորձում է համոզել հայ ժողովրդին, որ «Արցախը վաղուց հանձնված էր», որ մենք Պետություն, Բանակ, Ինքնիշխանություն չենք ունեցել, և միայն իրենց «իշխանավարման» շնորհիվ ենք ձեռք բերել այդ ամենը, որ իրենցից առաջ եղած բացարձակապես բոլոր իշխանավորները «քըխ» են եղել, իսկ ա՛յ իրենք մի այլ կարգի «պուպուշ» են: Ինքն էլ արդեն չհավատալով իր ձեռնարկի հաջողությանը, այնուամենայնիվ, կառչել է հույսի վերջին փրփուրներից:
Նիկոլ Փ-ն հերթական անգամ դուրս է եկել նախընտրական քարոզարշավի և փորձում է իրեն պահել «առյուծի սիրտ կերածի» պես, բայց հենց դրանով էլ նա մատնում է իր վախերը:
Որովհետև իրապես վախենում է: Իսկ ավելի պատկերավոր՝ ՍԱՐՍԱՓԱՀԱՐՎԱԾ է՝ կանոնակարգված հայերենով ասած:
Այս մարդն այլևս վախեցած, սարսափահարված է՝ ամենքից ու ամեն ինչից և այլևս իր վախերի, իր սարսափների գերին է:
Հայ ժողովուրդը դատապարտված է քրիստոնեաբար ազատել սրան այդ գերությունից:
Կրկնում և շեշտու՛մ եմ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ:
Արգամ Տեր-Պողոսյան