Ուժային աշխարհում թույլերի հնարավոր իմաստուն պահվածքը հանգում է նրան, թե նրանք ինչքանով կարող են օգտագործել իրենցից հզորների և, հատկապես, ամենահզորների ուժը իրենց շահերի համար։
Այս իմաստով, թույլերի վարքն ու պահվածքը պետք է ենթարկվի մի քանի տարրական կանոնների:
1․ Չի կարելի գլխով խփել բետոնե պատին։
2․ Ուժային աշխարհում թույլի կախվածությունը ուժեղից ամեն տեղ նույնն է։ Օրինակ, թույլ ԵՄ-ը, խուսափելով Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունից, ընկավ ԱՄՆ-ից ավելի թանկ նստող կախվածության մեջ։ Նույնը վերաբերում է նաև մեզ։
3․ Նախկին ուժեղից, որը ներկայում ինքն ունի օգնության կարիք, միամտորեն օգնություն սպասելն իմաստ չունի։
4․ Նրանցից, ումից թույլը նախկինում անտեսվել ու արհամարհվել է, անհավանական է նոր պայմաններում ուրիշ վերաբերմունք սպասելը։
5․ Անսպասելի մեծ օգնության անիրական խոստում ստանալիս թույլը պետք է փորձի հասկանալ դրա բուն արմատը, որը պետք է փնտրել շատ ուժեղների հարաբերությունների մեջ։
6․ Թույլի համար շատ կարևոր է իրարից տարբերել թեկուզ իրական փոքր օգնությունը անիրական մեծ խոստումներից։
7․ Թույլը պետք է հասկանա, որ ինքը, ինչքան ավելի թույլ լինի, այնքան ավելի աշխարհաքաղաքական խաղալիք կդառնա համեմատաբար ավելի ուժեղների և, հատկապես, ամենաուժեղների ձեռքին։
8․ Թույլը պետք է կարողանա օբյեկտիվորեն գնահատել նախկինում իր ստացած իրական գոյաբանական օգնությունը և դա տարբերել անիմաստ քաղցր ու կեղծ խոսքերից։
9․ Թույլը նաև պետք է հասկանա, որ իր ինքնագնահատականը, եթե այն հիմնվեց հաճելի ինքնախաբեության վրա, ապա ինքը դրանից ավելի կթուլանա։
10․ Բոլոր իրավիճակներում պետք է չկորցնել ապրելու կամքը և չհավատալ անիրական կեղծուպատիր մեծ խոստումներին։
11․ Վատ ապրելը մեռնելուց լավ է, իսկ լավ ապրելու համար պետք է լավ կազմակերպված ջանք թափել և, մեկ էլ, իմաստուն ու բազմափորձ առաջնորդների կողմից կառավարվել։
12․ Պետք է ձեռքից բաց չթողնել ուժեղանալու և հզորանալու ամենափոքր շանսն անգամ, իսկ մենք մեր սփյուռքի նման ուժեղանալու հրաշալի շանսն անգամ անտեսել ենք, եթե չասենք ավելին։
13․ Պետք է փորձել տիրապետել ուժեղների հետ առանց ստորանալու հարաբերվելու արվեստին։
14․ Բոլոր հնարավոր միջոցներով պետք է զարկ տալ մեր, համարյա թե գոյություն չունեցող, կրթության գործին։
15․ Խուսափել ամենակործան գավառական դեմագոգիայից։
16․ Կարողանալ իմանալ սեփական ճիշտ տեղը արևի տակ և քաղաքակրթություն ստեղծողներին քաղաքակրթական ողորմելի խրատներ չտալ։
Միամիտ ցանկությունների այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց այսքանն էլ բավական է, քանի որ եթե առողջ դատողությունն ու գիտելիքը լքեցին մեկին, ապա դա անբուժելի է։
Պավել Բարսեղյան