Նիկոլի այսօրվա ելույթից իմացա, որ ես ու մնացած հայաստանցիներս կրկին դարձել ենք հպարտ քաղաքացիներ: 2018-ից մինչև 2020-ի սեպտեմբերը դեռ կարող էինք մեզ զգալ հպարտ, բայց դրանից հետո բացի Նիկոլից, ով հայտարարեց, որ հպարտանում է պարտությամբ, այլ հպարտ քաղաքացու ես չգիտեմ: Հետո էլ ասում է, թե թալանչիներից հատիկ առ հատիկ ունեցվածք է խլվել, ու դա բոլորս ենք զգում: Թե ինչպես ենք դա զգում՝ չիմացա, քանի որ ես, օրինակ, որևէ ձևով չեմ զգում: Ու չեմ կարծում, թե մյուսները զգում են: Հետո էլ բողոքում է, թե զոհվածները 5000 չեն, ու պահանջում է, որպեսզի ընդդիմությունը դա հիմնավորի: Ճիշտն ասած, էական տարբերություն չկա՝ զոհերի թիվը 5000 է, թե 3777 (ըստ Նիկոլի) և կամ 3822 (ըստ Քննչական կոմիտեի): Որովհետև յուրաքանչյուր երիտասարդ կյանքի կորուստ ողբերգություն է նրա հարազատների համար և ծանր խնդիր փոքրաթիվ ազգության համար: Եվ վերջում էլ մարդկանց սկզբում շնորհավորում է, թե խաղաղություն է հաստատված, հետո էլ բողոքում է, թե ընդդիմությունը փորձում է այն խաթարել: Չհասկացա, այդ ի՞նչ խաղաղություն է, որ պետական որևէ լծակից զուրկ ընդդիմությունը կարող է խաթարել այն: Մի խոսքով, ո՛չ հպարտ քաղաքացիներ, խելքներդ գլուխներդ հավաքե՛ք ու հունիսի 7-ին անպայման գնացեք ձեր ընտրատեղամաս ու մերժե՛ք Նիկոլին, որպեսզի ազատվենք նրա ներկայությունից ու ճվճվոցներից: Ու փորձենք նորմալ երկիր կառուցել՝ նորմալ իշխանությամբ:
Վախթանգ Սիրադեղյան