Ընտրարշավ է, ու Նիկոլ Փաշինյանն օրերս բորբոքված ասում էր, թե՝ էդ ինչո՞վ էր Ղարաբաղը մերը... Իսկ ինչե՞ր է ասել Փաշինյանը վերջին 8 տարին Արցախի ու արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Հատկանշական պահերի փոքր «ծաղկաքաղ»: Այսպես. 2018 թիվ, օգոստոս. ժողովո՜ւրդ, «փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում..., որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու»: Նույն՝ 2018-19 թվականներ. Փաշինյանն ասում է, թե ինքը լիազորված չի Արցախի անունից բանակցել, ինքը միայն Հայաստանի անունից կարող է բանակցել, իսկ Արցախը պետք է ներկայացնեն ԼՂՀ ընտրված իշխանությունները: Նույն՝ 2018-19 թթ. Փաշինյանը հայտարարում է, թե ինքը Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցությունները կվարի իր կետից (զրոյական կետից): Բայց 2019 թվականի սկզբին Փաշինյանը գործնականում հանրությունից գաղտնի է պահում հակամարտության կարգավորման առաջարկություն ստանալու հանգամանքը: Եվ ապա՝ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում հայտարարում է. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Սա գործնականում ազդանշան եղավ Ադրբեջանին ու Թուրքիային՝ պատերազմ սկսելու համար: Իսկ 2020 թվականի փետրվարին Մյունխենում հայտարարում է, որ բանակցային գործընթացում «միկրոհեղափոխություններ» են պետք: Նույն թվականի մայիսին ԱԺ-ում հայտարարում է, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ի դեպ, 2020 թ. սեպտեմբերի 25-26-ին հարցազրույց է տալիս Հ1-ին, ու կանխավ հայտարարվում է, թե այնպիսի բան է Փաշինյանն ասելու, որ Ադրբեջանը ներսից պայթի՝ պատկերավոր ասած: Չի ասում: Բայց հաջորդ օրը պայթում է պատերազմը, առանց որևէ փոխաբերության: Պատերազմից ու բանակը և ժողովրդին ծանր պարտության տանելուց հետո՝ նոյեմբերին հայտարարում է, թե «Շու շին դժբախտ, դժգույն քաղաք էր, պե՞տք էր մեզ Շուշին...»: Փաշինյանը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում ինչ-որ կերպ վերարտադրվում է՝ հիմնական խոստում ունենալով Շուշիի, Հադրութի դեօկուպացիան, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: 2022-ի մայիսին սկսում է խոսել այն մասին, որ պետք է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնել: Ամենասև կետը. 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Փաշինյանը Ալիևի առաջ պաշտոնապես ուրանում է Արցախը, այն ճանաչում է ադրբեջանական: Կհիշեք՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ մոտ 9 ամիս Արցախի հայությանը բլոկադայի ենթարկելուց հետո Ադրբեջանը հարձակվում է, Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը պատերազմի մեջ չի ներքաշվելու, ապա նաև պնդում է, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Խիստ հակիրճ՝ 2024, 2025 թվականներ և մեր օրեր: Փաշինյանը հայտարարում է, թե Արցախն «էն գլխից» հանձնած էր, թե ԼՂՀ իշխանություններն են հանձնել, թե «փախել են, չեն կռվել», թե իր սխալն է, որ դեռ 2018-ին չէր ասում, որ Արցախը ադրբեջանական է և... վերջ: Եվ, հիմա՝ ի՜նչ Արցախ, ի՜նչ Ղարաբաղ, ե՞րբ է մերը եղել, ինչո՞վ... Պրծե՛ք, խաշլաման սառավ, խորովածը վառվեց:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ Past.am-ում
Հղումը՝ https://past.am/?p=441642&l=am%2F...