Մի պահ կանգ առեք ու ձեզ կողքից նայեք։
Ի՞նչ է նշանակում, երբ զավակ կորցրած ծնողը հարց է ուղղում որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի, իսկ դուք փորձում եք ամենակեղտոտ ձևերով խանգարել, վիրավորել կամ անարգանքի խոսքեր ասել նրա հասցեին։
Չե՞ք հասկանում այդ ծնողի ներսի ցավը…
Չե՞ք պատկերացնում այն դատարկությունը, երբ մարդը այլևս չի կարող իր զավակին տեսնել, գրկել, համբուրել։
Այն, ինչ դուք ամեն օր անում եք ձեր երեխաների հետ, իրենց համար դարձել է անհաս երազանք։
ՈՒ ամենացավալին այն է, որ հենց այդ ծնողների հասցեին են հնչում ամենադաժան մեկնաբանությունները, անեծքներն ու վիրավորանքները։
Ինչու՞…
Մի՞թե քաղաքական հայացքների տարբերությունը մարդուն դարձնում է թշնամի։
Մի՞թե եթե մեկը չի կիսում ձեր տեսակետը, ուրեմն արժանի է ատելության։
Հասկացե՛ք վերջապես՝ քաղաքական գործիչները շատ լավ գիտեն իրենց անելիքը։
Այսօր նրանք կան, վաղը՝ չեն լինելու։
Նրանք կփոխվեն, կուսակցությունները կփոխվեն, իշխանություններն ու ընդդիմությունները կգան ու կգնան։
Բայց դուք՝ ժողովուրդը, մնալու եք։
Եվ եթե այսօր իրար հանդեպ թույն, ատելություն ու պառակտում եք սերմանում, վաղը նույն այդ թույնը կխեղդի մեր ազգին։
Այո՛, ընտրություններ պետք են։
Այո՛, առողջ քննադատություն պետք է լինի։
Բայց այն, ինչ այսօր կատարվում է, այլևս քաղաքականություն չէ։
Սա միմյանց ոչնչացնելու, հայհոյելու, անիծելու և իրար թշնամի դարձնելու ճանապարհ է։
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ.Գ.
Խելքի եկե՛ք, ժողովուրդ ջան։
Մի՛ թողեք, որ քաղաքական թեմաները ձեզ բաժանեն ու օտարեն միմյանցից։
Հիշե՛ք՝ քաղաքական դեմքերը ժամանակավոր են, իսկ հայրենիքն ու ժողովուրդը՝ մնայուն։
Պարտավոր ենք մնալ հայի, հայրենիքի ու հայկական արժեքների կրողն ու պաշտպանողը։
Որովհետև եթե մենք էլ իրար կորցնենք, ապա էլ ի՞նչ է մնալու այս ազգից։