Տարբեր առիթներով, մէջ եմ բերել եւ հնարաւորինս կը շարունակեմ մէջ բերել հայ քաղաքական մտքի արդիականութիւնը պահպանած, ուսուցողական ասոյթները։ Այս գործով, ձգտում եմ հետապնդել երկու նպատակ՝ առաջին․ հպարտութեամբ լուսաբանել յատկապէս ՀՅԴ գաղափարաքաղաքական զինանոցի ողջ հզորանքը, որի չնչին մասն անգամ կը ցանկանային ունենալ բազմաթիւ հայ ու նոյնիսկ օտար կազմակերպութիւններ։
Իսկ երկրորդ՝ ցոյց տալ մանաւանդ մեր նոր սերունդին, որ հայ քաղաքական իրականութեան մէջ միշտ էլ եղել են փակուղային, անելանելի ու յուսահատական թուացող մոմենտներ, եւ նոյնպէս նրա առջեւ լայնօրէն բացել պատմագաղափարական այն հարուստ փորձը, որով այդ մոմենտներից անցել է մեր ժողովուրդը, առանց կորցնելու իր ինքնութեան հիմնարար տարրերը։ Նոր սերունդն արդեօք կ’օգտագորի կամ կը գեներացնի այդ փորձը նորանոր մարտահրավէրների դէպքում, դա իր որոշելիքն է, բայց ամեն պարագայում, նա իր նախնիների մտակեցվածքին գեթ ծանօթ լինելու իրաւունքն ունի այսօր անտարակոյս։
Ահա Հայաստանի նախընտրական ներկայիս ժամանակաշրջանում, կարելի է հեթական անգամ ականջալուր լինել ՀՅԴ գաղափարախօս, Վարանդացի (Արցախ)` Միքայէլ Վարանդեանին (1870-1934թթ․), որ Հայաստանի առաջին Հանրապետութեան բարդ ու խրտին պայմաններում ասել է․
«Մենք աղանդաւոր չենք եւ համոզուած ենք, որ հայրենիքի փրկութեան ու վերաշինութեան հսկայ գործը մէկ կուսակցութեան գործ չէ, այլ բոլոր հայրենասէր տարրերի ներդաշնակ միութեան գործ:
«Յանցաւոր կը լինին եւ գալոց սերունդների ձեռքով անարգ սիւնին կը գամուին նրանք, որոնք այս տագնապալի եւ ճակատագրական օրերում չեն ղեկավարուի ընդհանուր ու նուիրական գործի մտահոգութեամբ․․․ այլ առաջ կը տանեն լոկ անձնական քմահաճոյք եւ կը ցանեն հայոց հրապարակի վրայ խտրականութեան, դաւի ու պառակտումի թոյնը»:
(Վարանդեան Մ․, Մէկ ճակատ, «Վերածնունդ» շաբաթաթերթ, Փարիզ, Գ․ տարի, թիւ 34-35, 1919 նոյեմբերի 20, էջ 558)։
Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆԻ ՖԲ էջից