Ինձ չի լքում հավատամքի վերածված այն զգացողությունը, որ հասարակական հեղաբեկումների ու որոշիչ իրադարձությունների ժամանակ, միևնույնն է, ազդու և վճռականորեն է հնչում ազգի մտածող խավի (չեմ ասում՝ մտավորականների, քանի որ, ինչպես կյանքն է ցույց տալիս, բազում ի պաշտոնե մտավորականներ պարզապես չեն մտածում կամ թաքցնում են իրենց մտածածը) ձայնը: Անկախ հանրային մթնոլորտից՝ ժողովրդի գիտակից մասը սպասում է իր մտածողների խոսքին, որ համարժեք հետևություններ անի, ինչպես եղավ Արցախյան շարժման սկզբին և հետագա առաջին տասնամյակում: Այդ մտածող անհատները հենց այն յուրահատուկ մարգարեներն են, որոնց պետք է ականջալուր լինել բարդ ու դժվարագույն ժամանակներում: Նրանց շարքում առաջնային տեղ են զբաղեցնում գրողները. պատմականորեն հայ գրի մարդը, հոգևոր սպասավորի հետ, դարձել է ժողովրդի խոսնակը: Նրան վերապահվել է մարգարե լինելու դեր:
Հիմա, ինչքան էլ թվա, թե ներկա հայ գրողը ասելիք, անելիք ու ազդեցություն չունի ներազգային զարգացումների վրա, սխալ է: Հապա թող նա բարձրաձայն, անկեղծ ու հայաոգի խոսի՝ կտեսնեք, թե ինչ մեծ արձագանք է գտնում նրա ելույթը: Կարելի է պատեհ առիթը չկորցնել և նշել մի շարք հիանալի գրական անուններ, ովքեր այսօր, իրենց ստեղծագործական բուն աշխատանքը առժամանակ թողած, կանգնել են ազգային գոյապայքարի առաջնագծում և գրեթե ամենօրյա կարգով նպաստում են հայոց դատի, իրավունքների ու երազանքների պաշտպանությանը, անվարան ու նվիրումով տեր են կանգնում մեր ազգային արժեքներին: Նրանց լիարժեք ճանաչելու և մեծարելու ժամանակը դեռ կգա, ներկա պահին մտահոգաբար անդրադառնամ, որ, պայքարողներից զատված, շատերն էլ լռում են, իսկ ոմանք ուղղակի հայտնվել են հակազգային ուժերի ճամբարում և նրանց «դամն են քաշում»՝ նսեմացնելով հայ գրողի իրոք վեհ կոչումը: Սրանց թող դատի գալիք ժամանակը, իսկ լռողներին հակիրճ կասեմ հետևյալը. մի՛ լռեք, հարգելի գրչընկերներ, շիտակորեն խոսեք ու գործեք հիմա, ջատագովեք ազգապահ ու միաբան գաղափարները, սատարեք երկրի վերակերտմանը միտված ուժերին: Մերժեք ուրացողներին ու կործանարարներին: Նաև ձեր խոսքից ու գրչից է կախված Հայաստանի ու հայության գալիքը: Գուցե թե՝ ամենաշատը հենց ձեզնից:
Հրանտ Ալեքսանյան