Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին: Ուստի այս ընտրությունները լինելու էին ոչ միայն քաղաքական, այլ նաև տեղեկատվական գոյամարտ։ Ստորև նկարագրածս և առաջարկն ունի սովորականից ավելի շատ հավանության, աջակցության, տարածման և լուսաբանման կարիք, ինչպես ընկերներիս, հետևորդներիս, այնպես էլ մեդիա դաշտի և կարծիքի առաջատարների կողմից, որովհետև բոլորս գործ ունենք անելու:
Այս պահին արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերի մեդիա կոնտենտը սոցիալական հարթակներում և մեդիայում գործում է ոչ հավասար պայմաններում։ Ֆեյսբուք, Յություբ, Ինստագրամ, ՏիկՏոկ և այլ հարթակներում առկա է տեսանելիության, տարածման և հասանելիության լուրջ խնդիր։ Միևնույն ժամանակ, մանիպուլյատիվ և ֆեյքային ինֆորմացիոն հարձակումները այլևս ունեն պրոիշխանական արտոնյալ շրջանառություն և կանաչ լույս, որոնք վստահաբար ավելի են սաստկանալու:
Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես SMM-ի, մեդիա կուռացիայի կամ տեխնիկական խնդրի հարց չէ։ Պետք է ընկալեն նաև, որ PR և քաղտեխնոլոգիական խմբերը իրենց չեն առաջարկելու այն, ինչ ես եմ առաջարկում, որովհետև աշխատում են բացառապես պատվիրատուի շահի համար, և դա նորմալ է: Սա քաղաքական կոմունիկացիայի և քաղաքական ազդեցության հարց է, ոչ թե քաղտեխնոլոգիայի: Հետևաբար, ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են մտածել ոչ միայն բացառապես սեփական դաշինքային շահերի, այլև ամբողջ ընդդիմադիր հանրույթի տեղեկատվական դիմադրողականության մասին, որովհետև մեկի ընկնելն ու թուլանալը քանդելու է բոլորին և ողջ ընդդիմադիր էշելոնը, այլ ոչ թե նրանցից մեկին տալու է առավելություն մյուսի նկատմամբ: Չի տալու:
Այս առումով ես առաջարկում եմ ձևավորել բոլորին այլևս անհրաժեշտ, այսպես կոչված, «Փոխօգնության դաշինքի» մոդելը։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ՝ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից, ընտրողներից, աջակիցներից և այն գովազդողներից:
- Բացառապես սեփական նախընտրական ուժին և միմյանց, այսպես կոչված, «լայքելու» փոխարեն՝ հավանել, աջակցել, տարածել նաև այն քաղաքական ուժերի կոնտենտը, որի շուրջ կա լիակատար քաղաքական կոնսենսուս և դա չդարձնել խանդի կամ անթույլատրելիության գործոն ուժերի ներսում:
- Հավանել, տարածել, գովազդել և ուժեղացնել ոչ միայն բացառապես սեփական կուսակցության, առաջնորդի կամ թեկնածուների կոնտենտը, այլ նաև այն ընդդիմադիր ուժերի, անձանց նյութերը, մտքերը, որոնց հետ կա քաղաքական համաձայնություն կամ ընդհանուր նպատակ:
- Ունենալ օպերատիվ կապ և մշտական կոմունիկացիա մյուս ընդդիմադիր նախընտրական շտաբների ներկայացուցիչների միջև և նույնիսկ վերդաշինքային շտաբ կազմակերպել:
- Արագ արձագանքել տեղեկատվական և ոչ միայն տեղեկատվական, այլ նաև բռնաճնշումային հարձակումներին, ստեղծել փոխադարձ մեդիա և հողի վրա աջակցման մշակույթ:
- Ներգրավել, հավանել, արժևորել անհատ օգտատերերին, քաղաքացիական և մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին և չփակվել բացառապես սեփական կուսակցական և դաշինքային շահերի ներսում՝ սեփական buble-ների մեջ, այլ աշխատել ամբողջ ընդդիմադիր դաշտի տեղեկատվական դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ և կրկին ստեղծել ու ցույց տալ ծավալ, կրկնում եմ՝ դիմադիր իրական ծավալ իշխանական ֆեյքային ծավալի դեմ:
Սա ոչ միայն տեխնիկական քաղաքական արդյունավետություն կտա, այլ նաև նոր քաղաքական մշակույթ կձևավորի, ինչը հետագայում նույն քաղաքական ուժերին դեռ շատ է պետք գալու: Դա լավ կլինի անել այսօրվանից և տեսանելի ու ազնիվ կերպով նաև օրինակ ծառայելով իրենց ձայն տվողներին, աջակիցներին և պոտենցիալ ընտրողներին:
Այս փոխօգնության վերդաշինքային մոդելով տարբեր ընդդիմադիր բևեռներ կսկսեն ուժեղացնել նաև միմյանց այն մեսիջները, որոնց շուրջ ունեն համաձայնություն, կստեղծվի ձնագնդի ծավալի էֆեկտ, կբարձրանա ընդհանուր հասանելիությունը, և ամենակարևորը՝ կկոտրվեն այն տեղեկատվական և ներհանրային բլոկադաները, որոնք այսօր հերթով խեղդում են բոլորին առանձին-առանձին։ Եթե մեկ ընդդիմադիր ուժի ձայնը սեղմվում է, իրականում սեղմվում է ամբողջ ընդդիմադիր դաշտի հասանելիությունը։ Այս մոդելը կարող է ապահովել ալգորիթմային և իրական շրջանցում, բարձրացնել ինֆորմացիոն դիմադրողականությունը, վերականգնել հանրային վստահությունը, կսկսեն վերանալ նաև ներհանրային բարիկադները, և կստեղծվեն ընդդիմադիր հանրային փոխաջակցության ֆորմատներ:
Եվ վերջապես՝ ամենակարևորը: Սա է ամենալավ ճանապարհներից մեկը՝ լուծելու այս ընտրություններում ընդդիմության հաղթանակի մեծագույն խնդիրը՝ ընտրողի կողմնորոշվելու, մասնակցայնությունը բարձրացնելու և մարդկանց ընտրատեղամաս ուղղորդելու առումով, երբ մարդը կբախվի ծավալի, ալիքի, թրենդի, մոդայի, գործողության, որտեղ կկոտրվի նրա անհավատությունը, և նա կուզենա իրեն տեսնել գործողության, action-ի, պրոցեսի մեջ և դրա մաս, որովհետև բոլորն են դա անում:
Եվ այստեղ ուզում եմ անել շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում։
Այն քաղաքական ընդդիմադիր ուժը, որը առաջինը կունենա այս գիտակցությունը, առաջինը կառաջարկի նման ներառական համագործակցության մոդել և կփորձի դրա մեջ ներառել մյուս ընդդիմադիր ուժերին՝ առանց բացառապես սեփական իշխանության գալու հաշվարկի, անձամբ ինձանից կստանա քաղաքական հասունության ամենաբարձր գնահատականը և վստահաբար՝ նաև իմ ձայնը։ Որովհետև այդ ուժը փաստացի ցույց կտա, որ իր առաջնային նպատակը ոչ թե պարզապես իշխանության գալն է կամ այն վերցնելն է, այլ պետության, հասարակության և քաղաքական համակարգի փրկության շուրջ պատասխանատվություն ստանձնելը։
Այս փուլում հենց սա է լինելու իրական քաղաքական հասունության չափանիշը։
P.S. Նկարը 2022-ից է:
Ընդունեք որպես փոխօգնություն «Ուժեղ Հայաստանին»: Մյուսներին՝ հաջորդիվ:
Վլադիմիր Մարտիրոսյան