Քրիստոնեական ընկալմամբ Հայրենիքը լոկ աշխարհագրական տարածք կամ սահմանների համախումբ չէ։ Այն սրբազան ժառանգություն է, Աստծո և տվյալ ազգի միջև կնքված Ուխտի նյութական ու հոգևոր վկայությունը։
1. Հին Կտակարանում Աստված Ինքն է գծում ազգերի սահմանները և նրանց հայրենիք պարգևում. «Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպէս Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու որդիների թուի» (Բ Օրին․ 32:8):
2. Հետևաբար, Աստծո պարգևից՝ Հայրենի հողից հրաժարվելը կամ այն թշնամուն հանձնելը դիտվում է որպես Աստծո պարգևի անարգում։
3. Հին Կտակարանում Տիրոջ հրամանով յուրաքանչյուրը պետք է կապվեր իր ժառանգած կալվածքին և արգելվում էր ժառանգությունը մի ցեղից մյուսին անցնել (Թվ․ 36:9):
4. Երբ Աքաաբ արքան Նաբոթից ուզեց գնել կամ փոխանակել նրա այգին, նա հակադարձեց․ «Թող իմ Աստուածն այնպէս չանի, որ իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ» (Գ Թագ․ 21:3): Նաբոթը նախընտրեց կեղծ ամբաստանությամբ քարկոծվելով մեռնել, բայց չուրացավ և չհանձնեց իր նախնիների հողը երկրային ղեկավարին։
5. Եկեղեցու հայրերը հայրենիքի, սրբությունների և հավատակիցների պաշտպանությունը սրբազան պարտք են համարել և արդարության գործ։
6. «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը հակասում է Աստծո հետ կնքած Ուխտին, անարգանք է Աստծո շնորհած պարգևի՝ Հայրենիքի հանդեպ։
7. Հայրենիքը Աստվածատուր ժառանգություն է, ինչպես ծնողին, մենք այն չենք ընտրում: Եթե ծնողը տկարանում կամ հիվանդանում է, մենք իրեն չենք լքում, այլ ընդհակառակը` ավելի ուշադիր ենք լինում, խնամում, հոգ տանում: Ով չի անում, անարգում է ծնողին և Աստծո պատվիրանը:
8. Մեզ ի վերուստ տրված հայրենիքի մի մասը ժամանակավոր գերեվարված է, սրբավայրերը` լքված, վանքերը դատարկված, եկեղեցիները` պայթեցված կամ փակված:
9. Հոգևոր անկումը բերում է անխուսափելի նյութական կորուստների: Արցախը խոցված է, լքված, անշնչացած, բայց իր հիշողության ու աղոթքի մեջ պահող ամեն հայի հետ` դեռ կենդանի:
10. Արցախի Տերն Աստվածն է: Ու այն կրկին կարող է շնորհվել հայ ժողովրդին միայն Աստվածահաճո կյանքի, փոխադարձ սիրո, չմարող հույսի, ուղղափառ հավատքի, առաքինի վարքի, բարի գործերի, աննկուն ջանքերի համար:
Այսպիսով, հայրենիքը սակարկության առարկա չէ։ Հայրենիքի ուրացումը խզում է Աստծո հետ կնքած Ուխտը։ Հայրենիքը Աստծո տված պարգևն է։ Այն հանձնողը կամ ուրացողը նման է այն չար ու ծույլ ծառային, ով վերցրեց Աստծո տվածը (մնասը), թաղեց հողի մեջ (կամ տվեց օտարին) և զրկվեց Տիրոջ օրհնությունից։ Երբ դարձի գանք առ Աստված, չարից հրաժարվենք, գնահատենք մեր հոգևոր գանձերը, ապաշխարության կյանք ապրենք, կրկին կհառնենք Քրիստոսով ու Աստված Իր օրհնությունն ու շնորհները կհեղի Իրեն փնտրող ժողովրդի վրա: Ամեն:
Սամվել դպիր Գրիգորյան