Ձեր թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց մի թեմա, ըստ որի, «միջազգային մամուլը» հրապարակել էր մի այսպես կոչված «փաստաթուղթ» կապված Սամվել Կարապետյանի հետ և որը հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ հապշտապ սկսեցին տարածել առանց թեման համապարփակ ուսումնասիրելու:
Ինչպես շատ հաճախ է լինում ձեր դեպքում, այս անգամ ևս «լեռը մուկ էր ծնել» և «միջազգային մամուլ» ասվածը որն իբրև թե հրապարակել էր այդ լուրը, ընդամենը ռուսական մի «փախած» կայք էր, որի նման կայքերը համացանցում աջ ու ձախ վխտում են և որոնք մի քանի հարյուր դոլարի դիմաց պատրաստ են հրապարակել բաձարձակապես ամեն ինչ և որին որպես սկզբնաղբյուր հղում էին անում «հապշտապ տարածողները»:
Իհարկե չհավատացի լուրի իսկությանը, համարելով այն ցնդաբանության մի աներեվակայելի դրսևորում, բայց անկեղծ լինեմ, թեման հետաքրքրեց և փնտրեցի ու գտա կայքն ու «փաստաթուղթը, սակայն այդ փնտրտուքներիս ընթացքում մի այլ «փախած» կայքում հանդիպեցի նմանատիպ մի այլ «փաստաթղթի», որի վրա գրված էր ձեր անունը և որը ևս «հավաստում» էր ձեր ФСБ-ի աշխատակից լինելը: Ի դեպ, շատ ավելի վաղ, քան դուք ասում էիք Սամվել Կարապետյանի մասին:
Ներքևում երկու «փաստաթղթերն» էլ տեղադրում եմ :
Հիմա, հարցս անձամբ ձեզ.
Այս երկու «փաստաթղթերը» տեսնող շարքային հայաստանցին ի՞նչ կերպ վերաբերվի դրանց: Համարի, որ երկուսն էլ արտացոլում են իրականությունը, թե՞ համարի, որ երկուսն էլ չարակամների ձեռքի գործ է: Ինքներդ ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վերաբերվի:
Եթե անձամբ դուք շարունակում եք կարծել, որ դրանք արտացոլում են իրականությունը, ապա ազնիվ եղեք և ձեր ФСБ-ի աշխատակից լինելու մասին ևս բարձրաձայնեք հայ հանրությանը: Իսկ եթե համարում եք, որ դրանք չարակամների ձեռքի գործ են, ապա այդ դեպքում ևս եղեք ազնիվ և հրապարակավ ներողություն խնդրեք Սամվել Կարապետյանից, որի վարկին և համբավին վնաս եք հասցրել: Երրորդ՝«ֆռռցնելու» տարբերակը ի սկզբանե բացառենք, ըստ որի Ս. Կարապետյանի մասով ճիշտ է, իսկ ձեր մասով ոչ, որովհետև դա նույնն է թե մեկը փորձի «ֆռռցնել», որ Հայաստանը գտնվում է Աֆրիկայում:
Իսկ եթե ներողություն չխնդրեք և չփոխհատուցեք ձեր հասցրած վնասը, ապա հայ հանրությունը իրավունք ունի՞ ձեր մասին մտածելու, որ դուք «էժանագին մանիպուլյացիաներով քաղաքական դիվիդենտներ հավաքող մի իշխանագար «мутиловщик» եք:
Կարծում եմ՝ ունի:
Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ