ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Քարոզչության փոխարեն ամբողջությամբ անցել է հակաքարոզչության

Քարոզչության փոխարեն ամբողջությամբ անցել է հակաքարոզչության
20.05.2026 | 14:36

Փաշինյանի նոր քաղաքական քարոզչական տրամաբանությունը, իհարկե, ֆանտաստիկ է: Աշխատել ոչ իր, բայց հակառուսական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածների վրա՝ փորձելով ձայն քերել:

Այս առումով, եթե նույնիսկ մի պահ կորցնենք մտածելու և վերլուծելու կարողությունը և հավատանք Փաշինյանի ասածին, ապա ստացվում է, որ ռուսական ФСБ-ն տարիներով եղել է Հայաստանի ամենախոշոր բարերարը, հսկայական կապիտալ ներդրողը, Հայ Առաքելական Եկեղեցու, հայկական կրթական, սոցիալական ծրագրերի աջակիցն ու պաշտպանը, ազգային ինքնության պահպանման համար ռեսուրս ներդրողը, հայկական հենասյունային արժեքների պաշտպանության համար պայքարողը, հայկական շահերը բարձրաձայնողն ու դրանց համար պայքար մղողը:

Այսինքն՝ Փաշինյանի սեփական տրամաբանությամբ ստացվում է մի զավեշտական պատկեր․ Հայաստանի պետական, հոգևոր, բարեգործական ու ազգային դիմադրողական համակարգերի մի զգալի հատված, փաստորեն, պահել ու պաշտպանել է ոչ թե պետությունը, այլ իր բառապաշարով ասած՝ ռուսական ФСБ-ն:

Ու այստեղ արդեն հարցը Սամվել Կարապետյանը չէ։ Հարցը Փաշինյանի քաղաքական ու քարոզչական աբսուրդն է։

Երբ իշխանությունը յուրաքանչյուր անհամաձայնություն, այլընտրանք, ազգային դիմադրություն կամ ազդեցիկ դերակատարություն սկսում է բացատրել «օտար գործակալ» բառապաշարով, շատ արագ հայտնվում է ծուղակում: Կամ պետք է ընդունի, որ տարիներով չի հասկացել՝ ով է իր երկրի ամենամեծ ներդրողն ու բարերարը, կամ պետք է խոստովանի, որ հասարակությանը հերթական պիտակն է վաճառում՝ քաղաքական քարոզչության և վախի կառավարման համար։ Ի վերջո, եթե երկրի հենասյուներն, ըստ իշխանության, «օտար գործակալների» վրա են կանգնած, ապա հարցը այլ է՝ բա պետությունն այդ ընթացքում որտե՞ղ էր կամ ու՞մ է իրականում պատկանում այդ ամենին հակառակվող պետությունը:

P.S. Նկատեք, որ Փաշինյանը ամբողջությամբ այլևս քարոզչության փոխարեն անցել է հակաքարոզչության: Նա այլևս իրենից չի խոսում, իրեն չի քարոզում, նա բացառապես անում է հակաքարոզչություն: Ենթադրություններ արեք ինքներդ, թե ինչու:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ