(ինքնաժխտման, վախի և ուրացման ժամանակագրություն)
2026 թվական, մայիսի 19։
Սպիտակ։
Նախընտրական քարոզարշավ կոչվող տեղեկատվական ու բարոյական ասպատակության շրջանակներում, հայոց հողի վրա, հայերով շրջապատված «բեմից» հայերենով հնչում է հերթական ուրացման ուղերձն առ Ալիև և թշնամիներ․
«Ժամանակակից Հայաստանի տարածքում 1045 թվականից մինչև 1918 թվականը հայկական պետություն չի եղել. Բագրատունյաց թագավորության անկումից հետո այս տարածքում հայկական պետականություն գոյություն չի ունեցել։ Էստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական։ Նախկինում Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել»։
Արտասանված ձևակերպումը սովորական պատմական էքսկուրս կամ նախընտրական ճառ չէր:
Սեփական երկրի գոյության իրավունքի պետականորեն արձանագրված ինքնաժխտում էր՝ հնչեցված Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձի շուրթերից:
Աղետներ տեսած և 1988-ի երկրաշարժից հառնած Սպիտակում, որտեղ յուրաքանչյուր թիզ հողը վերածնվել է ցավով ու արցունքով, ի լուր աշխարհի հնչեցվեց ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող դավադիր թեզ, որը բացահայտորեն սպասարկում է Բաքվի՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ, պատմագիտության կողմից մերժված, և մեզ համար կործանարար օրակարգը:
Երբ պետության առաջին դեմքն է հարթակից հայտարարում, թե այս տարածքում հայերը պատմականորեն մեծամասնություն չեն կազմել, իսկ պետականությունն ընդհանրապես բացակայել է գրեթե հազար տարի, նա թշնամուն տալիս է այն իրավական ու քաղաքական քարտ-բլանշը, որը վերջինս չէր կարողացել կորզել անգամ ռազմի դաշտում։
Այն, ինչ այսօր իրականացվում է քաղաքական քարոզարշավների և հանրային ելույթների քողի տակ, դուրս է սովորական ընտրապայքարի տրամաբանությունից։
Մենք ականատեսն ու, որքան էլ անհավատալի է, նաև մասնակիցն ենք դառնում քայլ առ քայլ, հետևողականորեն կյանքի կոչվող հրեշավոր այն ծրագիրի, որի նպատակն է հիմնահատակ քանդել հայկական պետականությունը, պատմական հիշողությունն ու ազգային արժանապատվությունը։
Մեր իսկ լռելյայն համաձայնությամբ՝ «հատիկ առ հատիկ» իրականություն է դառնում դագաղներ ու դրանց կափարիչներ պարեցնող «հեղափոխականի» ուսապարկում ի սկզբանե դրված այն «մինիմում ծրագիրը», որի իրական հեղինակներն օտարերկրյա ուժային տարբեր կենտրոնների հարմարավետ աշխատասենյակներում նստած փողկապավոր տիկնիկավարներն ու նրանց կամակատար ազդեցության գործակալներն են։
Նախընտրական քարոզարշավի անվան տակ խաղարկվող կործանարար շղթան ունի հստակ ժամանակագրություն և հոգեբանական տեռորի փուլեր։
Ծրագրի մեկնարկը տրվեց Սյունիքում, որտեղ ծափահարությունների ու «Նիկոլ, վարչապետ» կուրացած վանկարկումների ֆոնին հայտարարվեց․
«Ասում են՝ հող ենք կորցրել։
Էդ հողը ինչո՞վ ա մերը էղել։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը էղել։
Ինչո՞վ ա մերը էղել։
Ընդեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, ընդեղ ապրե՞լ ենք։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը էղել։
Մերը չի՛ էղել։ Մերը չի՛ էղել։
Ոչ միայն մերը չի էղել, այլև օգտագործվել ա նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի»։
Հայրենիքի և հողի ուրացման այս առաջին քայլով իրականացվեց զոհի հոգեբանական նախապատրաստումը։
Տասնամյակների սրբազան պայքարը, հազարավոր նահատակների թափված արյունն ու քրտինքով կառուցված հայրենիքը մեկ ակնթարթում դարձան «խաբեություն» և «բեռ»։
Հանրության գիտակցության մեջ ներարկվեց դավաճանական մի բանաձև. «եթե հողը մերը չի եղել, ուրեմն կորուստ էլ չկա», իսկ ով դեռևս համարձակվում է հիշել Արցախի մասին կամ սգալ նրա կորուստը, պիտակավորվում է որպես «ուտող-ուրացող»։
Հողի արժեզրկմանը հաջորդեց երևանյան «պրեմիերան»՝ նյարդեր մաշող ճղճղոցների, խուլիգանական լուտանքների ու ատելության գեներացման մի քանի արարներով։
Հանրային հարթակներից հնչեցին «փախածներ», «նախկիններ», «համբալ», «էշ» և «նիժնի տապըռ» պիտակավորումները։ Լեզվամտածողության այս դեգրադացիան հստակ նպատակ ուներ՝ կոտրել հանրային ամոթի շեմը։
Ամենաողբերգականը, սակայն, պատերազմի միջով անցած, տուն ու հարազատ կորցրած մարդկանց թիրախավորումն էր.
«Ա՛յ ստահակ, բացատրի դու ընչի՞ չես զոհվել... Ընչի՞ եք կենդանի։ Ընչի՞ չեք զոհվել»։
Տեղեկատվական մանիպուլյացիայի ամենաստոր ձևն է, երբ հազարավոր զոհերի գլխավոր պատասխանատուն ամբաստանյալից վերածվում է դատավորի և ողջ մնացածներին մեղադրում կենդանի լինելու մեջ։ ՈՒ այս ամենն ուղեկցվում էր «գլուխները պատերին տալու», «ոտք ու ձեռք ջարդելու» և «ԱԱԾ պադվալները լցնելու» բացահայտ սպառնալիքներով, որոնց ֆոնին ձերբակալվում էին քաղաքական հակառակորդները։
Նախքան հողերը ֆիզիկապես թշնամուն հանձնելը, իշխանությունը դրանք նախ հանձնեց մարդկանց «գլուխներում»։
Սառնասրտորեն քարոզարշավային հարթակներից, բարձրաձայն հնչեցին թշնամական տեղանունները՝ «Բարխուդարլի», «Խեյրիմլի», սեփական հանրությանը կանխամտածված վարժեցնելով այն մտքին, որ հայրենի գյուղերն ու սրբազան հողերը ենթակա են «վերադարձման»։
Իսկ «կչոքցնեմ», «կսատկցնեմ», «կկոխեմ», «ասֆալտ ուտցնելով պադվալները կլցնեմ» սպառնալիքներով, ձերբակալություններով ու տոտալ խուզարկություններով՝ համակարգային տեռորի հեղինակն անհնազանդներին ու հայրենատեր մյուս ուժերին փորձում է զրկել դիմադրության որևէ լեգիտիմ հիմքից։
«Մինիմում ծրագրի»՝ Սպիտակում բեմադրված հերթական «шапито»-ն ուղիղ աջակցություն է Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ օրակարգին։
Երբ երկրի de jure ղեկավարն է հայտարարում, թե այստեղ հայեր չեն եղել կամ պետություն չի եղել, նա թշնամուն է փոխանցում պատմական ու իրավական բոլոր «հիմքերը»՝ Հայաստանի այսօրվա տարածքի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար։
Եթե այս տարածքը հայկական չի եղել, ուրեմն այսօրվա սահմաններն էլ սոսկ պատահականություն են։
Եվ եթե թշնամին նոր գյուղեր կամ տարածքներ պահանջի (այսպես կոչված, անկլավներ, Զանգեզուրի միջանցք և այլն), հանրությանը կրկին կասվի՝ «դե դա պատմականորեն մերը չի եղել, այնտեղ ուրիշ պետություններ են եղել»։
Իրավիճակի ողբերգությունն այն է, որ քարոզարշավի ընթացքում քննարկվում է ոչ թե տնտեսությունը, կրթությունը կամ երկրի զարգացումը, այլ իրականացվում է պետության գոյության իրավունքի ինքնաժխտումը։
Իսկ ներկաները լսում են ու ծափահարում։
Պատկեր, որն ակամա հիշեցնում է Կռիլովի առակի հանրահայտ ասույթը․ «А Васька слушает да ест!»։
Հայության ստվար մի զանգված հայտնվել է կախարդված շրջանում․ համոզել են, որ եթե չծափահարեն ու չգոռան՝ «Նիկոլ, վարչապետ», պատերազմ կլինի։
Դե «հմայված հոգիներն» էլ Васька-ի անտարբերությամբ կլլում են իրենց հրամցվածը, մինչդեռ իշխանությունը քայլ առ քայլ հանձնում է ոչ միայն հողերը, այլև հայ ժողովրդի պատմական հիշողությունն ու ապագայի իրավունքը։
Ահա և ձեզ 2018-ի ապրիլից հայտնի ուսապարկում «տեղադրված» «մինիմում ծրագիրը»․ Հայաստանը զրկել պատմական արմատներից, կտրել Արցախից, ներսից պառակտել և վերածել անդեմ տարածքի, որի սահմաններն այսուհետ կորոշեն հարևանները՝ ի դեմս Էրդողան-Ալիև երկյակի։
Ներկայացված շղթան՝ սկսած կոռնիձորյան ուրացումից, վերջացրած պատմական ինքնաժխտմամբ ու փողոցային լուտանքներով, հայոց պետականության պատմության ամենամութ էջերից է, որտեղ de jure իշխանությունն ինքն է հանդես գալիս որպես սեփական սահմանների ու պատմության կազմաքանդող։
Սակայն պատմությունը վկայում է՝ հայոց պետականության արմատներն ավելի խորն են, քան ժամանակավոր վախերն ու օտարածին նախագծերը։
Ամենամութ գիշերին անգամ հաջորդում է լուսաբացը, և այս կործանարար «шапито»-ն անհետանալու է այն պահին, երբ հայ մարդը վերագտնի իր արժանապատվությունն ու հայրենատիրոջ իր իրավունքը։
Մեր պատմությունը դեռ գրվում է, և վերջին խոսքը պատկանում է ոչ թե ուրացողներին, այլ նրանց, ովքեր պատրաստ են տեր կանգնելու սեփական անցյալին և կերտելու արժանապատիվ ապագա։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ